Լրահոս

Հայաստանում ոչ թե փող կա, այլև ահռելի քանակությամբ փող կա

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը։

– Հայկ, համաձա՞յն եք, որ Հայաստանում շատ փող կա, բայց դրանք տնտեսության մեջ ներդնելու համար վստահություն չկա: Որ դրանք հիմնականում բանկերում «քնած են»: Օրինակ՝ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ՝ այս պահին բանկերում պահ է տրված մոտ 15 մլրդ դոլար, որը կներդրվեր տնտեսության մեջ, եթե դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծվեին:

– Հայաստանում երբեք փողի պակաս չի եղել: Հայաստանում ոչ թե փող կա, այլև ահռելի քանակությամբ փող կա, որի օգտագործման արդյունավետությունն է հիմա շատ ցածր: Դրանք, այո, պահված են բանկերում, դոշակների տակ, վերածվում են անիմաստ անշարժ գույքի: Մարդիկ գույք են առնում՝ պահում, որ հետո վաճառեն ու նորից փողի վերածեն: Եվ ընդհանրապես, փողի պակաս ամբողջ աշխարհում չկա: Այնպես որ, եթե երկրում ներդրումների համար բարենպաստ միջավայր է ստեղծվում, նշանակություն չունի՝ դրսի, թե ներսի փողեր են, ներդրումները գալիս են: Պարզապես խնդիրն այն է, թե տնտեսությունը որքանով է հարմար, ձգող ներդրումների համար:

– Բարենպաստ, ձգող պայմաններ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

– Ներդրումներ ներգրավելու առումով Հայաստանը չունի տնտեսական խնդիրներ: Հայաստանի խնդիրները զուտ քաղաքական են: Պետք է լինեն այն տարրական պայմանները, որոնք անհրաժեշտ են ներդրումներ ներգրավելու համար՝ խոսքը բիզնես միջավայրում հավասար պայմաններին, մրցակցային, իրական հավասար պայմաններին է վերաբերում: Ուժեղ, կատաղի մրցակցային միջավայր է անհրաժեշտ: Մեր երկրում ներդրումներին խոչընդոտող երկրորդ խնդիրը բիզնեսի ու քաղաքականության աներևակայելի մակարդակի հասնող սերտաճումն է: Հաջորդը դատական համակարգի գրեթե չգոյությունն է, ինչպես նաև՝ կոռուպցիան: Ահա այս չորս խնդիրների լուծման դեպքում, եթե Հայաստանում առաջընթաց տեղի ունենա, կարծում եմ, ներդրումների հոսքն իրեն երկար սպասեցնել չի տա:

– Այնուամենայնիվ, ներքին կապիտալը բանկերում կամ դոշակների տակ քնելու փոխարեն ինչո՞ւ տնտեսություն չի գնում: Չէ որ մեր փողատերերը՝ գործարարներն ու պաշտոնյաները լավ գիտեն այդ ոչ ազատ պայմանները շրջանցելու, արտոնյալ վիճակ ձեռք բերելու ճանապարհները:

– Եթե անկեղծ լինենք, Հայաստանում առաջին հերթին փողը կուտակվում է այն մարդկանց ձեռքում, որոնք արդյունավետ տնտեսվարողներ, արդյունավետ ներդրողներ չեն: Նրանք ներդրում կանեն միայն այն ոլորտներում, որտեղ կարող են իրենց կապերը, իրենց կարողություններն ու հնարավորությունները ոչ լեգալ օգտագործելով, ստանալ մյուսների նկատմամբ ավելի շահեկան հնարավորություն: Այսինքն՝ իրենց կհատկացվի այսինչ ապրանքի ներմուծման կամ արտադրության մենաշնորհը կամ այսքան քվոտան: Այդ դեպքում նա կզբաղվի բիզնեսով, բայց բոլորի հետ միասին հավասար մրցակցային դաշտ չի մտնի, քանի որ լավ բիզնեսմեն չէ: Իսկ ում մոտ այսօր խոշոր գումար է կուտակված, սովոր չէ հավասար խաղի կանոններով, մրցակցային դաշտում գործելու պայմաններին: Իրոք, մեր գործարար միջավայրը ներդրումների համար ամենևին էլ գրավիչ չէ:

– Ազգային վիճակագրական ծառայության եռամսյակային տվյալներով՝ ներդրումների բացասական ցուցանիշ ենք ունեցել: Իսկ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանի ներկայացմամբ՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում 220 մլն դոլարի ներդրում է եղել, թեև ԱՎԾ-ն դեռ չի հրապարակել այդ մասին պաշտոնական տվյալները: Այնուամենայնիվ, դա դրակա՞ն զարգացում է:

– Էկոնոմիկայի փոխնախարարի բերած տվյալը ներհոսքին է վերաբերում, իսկ բացասական մեծությունը, որն արձանագրվել էր առաջին եռամսյակում, դա զուտ ներհոսքն էր: Այսինքն՝ Հայաստանում լինում է ներդրումային կապիտալի ինչպես ներհոսք, այդպես էլ արտահոսք: Կարևորն այս երկուսի տարբերությունն է, բայց փոխնախարարը խոսել է միայն ներհոսքի մասին: Այո, հնարավոր է, որ 220 մլն դոլարի ներդրում է եղել, ու, ասենք, 250 մլն դոլարի էլ՝ արտահոսք: Եթե այս տվյալները լինեն, չի բացառվում, որ ներդրումների ցուցանիշը նորից բացասական լինի: Հաջորդ ամսին, երբ ԱՎԾ-ն կհրապարակի պաշտոնական տվյալները, նոր պարզ կդառնա, թե այս տարվա առաջին կիսամյակին զուտ ներհոսքն ինչքան է եղել:

– Ասում եք՝ ներդրումների, բիզնես միջավայրի ոչ բարենպաստ լինելու պատճառները հիմնականում քաղաքական են: Ձեր կարծիքով՝ խորհրդարանական վերջին ընտրությունները նույնպե՞ս դարձան թե՛ այս տարվա, թե՛ ընդհանրապես առաջիկա տարիների համար մեր երկրում ներդրումների առումով անվստահության խորացման պատճառ:

– Ընտրությունները քաղաքական իրավիճակի մի շատ կարևոր հատվածն են: Այս դեպքում կեղծված ընտրություններով իշխանության է գալիս կամ իշխանության է մնում մի ուժ, որը չունի հանրության աջակցությունն ու վստահությունը: Եվ եթե մի երկրում իշխանությունը պատկանում է մի քաղաքական ուժի, որը չունի աջակցություն, ներդրումներ չեն կարող լինել: Դա շատ պարզ բանաձև է, որն անընդհատ ապացուցվում է մարդկության կողմից: Դա անգամ աքսիոմա է և չարժի մտածել դրա ապացուցման մասին:

– Ըստ երևույթին անհրաժեշտ է ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծել՝ Ձեր նշած չորս խնդիրները լուծել ու արդյունքում, նախ, ներքին կապիտալը տնտեսության մեջ ներգրավել, հետո նոր մտածել արտաքին ներդրումների կամ ներդրողների ակումբ ստեղծելու մասին:

– Ներքին կապիտալը հոգուտ տնտեսությանն աշխատացնելը, տնտեսության ռեալ հատված բերելն ավելի հեշտ է: Այսինքն՝ դա առաջին էտապն է, մինչև գործը կհասնի արտաքին ներդրողներին: Եթե ներքին ներդրողները հավատացին ու գումար դրեցին, արտաքինն էլ կհավատա:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing