Հայաստանում խորացող վտանգավոր անջրպետը. ուժային կենտրոնների նոր համաձայնությունը

0

Հայաստանի ներքին, սոցիալ-տնտեսական իրավիճակն ու հեռանկարները գրեթե հակադարձ համեմատական կերպով բացասական են արտաքին քաղաքական միջավայրում Հայաստանին առնչվող իրողությունների համեմատ, որտեղ կարծես թե նշմարվում է բավականին ուշագրավ ու հեռանկարային դասավորություն: Բայց այդ դասավորությունն ինքնին ոչինչ է, եթե Հայաստանը չի տնօրինում այն սպասարկելու բավարար ռեսուրսներ: Իսկ այդ ռեսուրսը տնտեսությունն է: Տնտեսական կյանքում չի կատարվում գրեթե ոչինչ, կամ այն, ինչ կատարվում է, իր ընդգրկումով և խորությամբ բացարձակապես համարժեք չէ արտաքին իրավիճակի սպասարկման համար անհրաժեշտ ծավալներին:

Հայաստանի ներկայիս տնտեսական դինամիկան զգալիորեն զիջում է արտաքին փոփոխությունների դինամիկային, և ըստ այդմ առաջանում է բավականին մեծ և վտանգավոր անջրպետ, երբ աշխարհաքաղաքական դասավորությունը Հայաստանի համար ստանում է հիմնականում բարվոք տեսք, երբ ուժային կենտրոնների միջև հիմնականում ձևավորվում են Հայաստանի համար նպաստավոր համաձայնություններ՝ առնվազն այն հարցերում կամ միջավայրերում, որոնք առավել մոտ են Հայաստանին, սակայն դրան զուգահեռ չի ավելանում այդ իրավիճակը տևական և ինքնավստահ քայլերով սպասարկելու ներքին ռեսուրսը:

Այդ անջրպետը խորանալու դեպքում այն կարող է ոչ հեռու ապագայում հասնել մի կրիտիկական կետի, երբ այլևս հնարավոր չի լինի անգամ թռիչքաձև զարգացման միջոցով հասնել արտաքին հնարավորությունների հետևից, և դրանք վերստին կարող են հայտնվել Հայաստանի համար, այսպես ասած, անկումային կորի մեջ:

Այդ հեռանկարից խուսափելու համար անհրաժեշտ է համահայկական ռեսուրսի մոբիլիզացիա, սակայն դա տեղի չի ունենում ոչ միայն համահայկական մասշտաբով, այլև նույնիսկ ներհայաստանյան: Մյուս կողմից՝ այդ խնդիրը գործնականում լուծելի չէ այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէ ցանկացած տնտեսական քաղաքականության համար կարևորագույն՝ իշխանության խնդիրը: Հայաստանում պարզ չէ, թե ով է իշխանությունը, կամ ով է լինելու իշխանությունը: Այդ դեպքում որևէ մեկը չի դնի իր ռեսուրսը որևէ բիզնես կամ ռոմանտիկ-հայրենասիրական նպատակի համար, եթե հստակ չէ պատասխանատվության հարցը՝ ով է պատասխանատու այդ ռեսուրսի համար:

Սա նշանակում է, որ Հայաստանի ներքին վիճակը դառնում է արտաքին բարենպաստ ռեժիմի սպառնալիք: Իսկ այստեղ առաջանում է մեկ այլ ուշագրավ իրադրություն: Հայաստանի շուրջ ձևավորված նպաստավոր և հեռանկարներ պարունակող մթնոլորտում Հայաստանն անկասկած լոկ սպառող չէ, և այդ մթնոլորտը սպասարկելու ներքին ռեսուրսների անհրաժեշտությունը բխում է նաև Հայաստանի այն դերից, որ առավել ևս պարտադրում է ձևավորված նպաստովոր իրադրությունը: Միևնույն ժամանակ, այդ իրադրությունը Հայաստանին նվեր չէ, որ մատուցել են ուժային կենտրոնները: Դա որոշակիորեն ապրիլյան պատերազմում հայկական զինված ուժերի կատարածի և միաժամանակ նաև աշխարհաքաղաքական մի շարք առանցքային ուժային կենտրոնների ռազմավարական շահերի ներդաշնակության արդյունքն է: Հետևաբար, եթե Հայաստանը չի գտնոմ սպասարկման նեքին ռեսուրսը և չի կարողանում արդյունավետ կատարել իր դերը, ապա դրանով խնդիր է առաջանում ոչ միայն մեզ՝ Հայաստանի համար, այլ նաև ուժային այն կենտրոնների, որոնց շփումների և գործակցության շնորհիվ ձևավորվել է նպաստավոր և շահեկան իրավիճակը:

Այլ կերպ ասած՝ Հայաստանի ներքին ռեսուրսների բացակայությունն ինքնին արդեն ոչ թե զուտ Հայաստանի, այլ աշխարհաքաղաքական որոշակի մասշտաբի խնդիր է, ինչն էլ իր հերթին նվազագույնը հարց է առաջացնում, թե ինչ կանեն ուժային կենտրոնները՝ կհետևեն, թե Հայաստանում ինչպե՞ս է լուծվելու իշխանության խնդիրը, թե՞ ստիպված կլինեն այդ հարցում էլ գալ որոշակի փոխհամաձայնության, ինչպես արտաքին միջավայրի հարցում: Իսկ գուցե այդ համաձայնությունն արդեն իսկ առկա է, և այդ պատճառով է, օրինակ, Սերժ Սարգսյանը կոռուպցիան հռչակել ազգային անվտանգության սպառնալիք, երբ մինչ այդ կոռուպցիան այդպես գնահատում էին միայն Հայաստանում արևմտյան դեսպանները:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache