Հայկ Մարությանը լավ սկսեց

93

lragir.am — Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի առաջին «աշխատանքային օրը» բավական հագեցած էր: Օրը կիրակի էր, բայց նա հասցրեց կանխել մեկ ապօրինի շինարարություն եւ անձամբ ստուգեց Նուբարաշենի աղբանոցում կատարվող աշխատանքների համապատասխանությունը նորմերին: Նա հայտարարեց, որ ամեն շաբաթ անձամբ ստուգելու է աղբանոցում կատարվող աշխատանքները:

Հայկ Մարությանին չափազանց բարդ ժառանգություն է հասել. Երեւանը նախորդ քաղաքապետերի գործունեության ոչ թե նպատակն է եղել, այլ միջոցը: Երեւանի իշխանությունների գործունեությունը ծառայել է ոչ թե Երեւանի ու երեւանցիների հարմարավետությանը, այլ տարբեր խմբավորումների բիզնես եւ այլ բնույթի շահերին: Երեւանն ունեցել է անդառնալի կորուստներ, գրեթե կորցրել ժամանակակից դինամիկ զարգացող քաղաք դառնալու հնարավորությունը:

Հայկ Մարությանը պաշտոնամուտին հայտարարել էր, թե հնարավոր է առաջիկա 5 տարում չզբաղվի դերասանական աշխատանքով: Միեւնույն ժամանակ, նա ստանձնել է իր կյանքի թերեւս ամենաբարդ ու պատվավոր գլխավոր դերը՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Այստեղ անհրաժեշտ են տարբեր ունակությունները միասին՝ դինամիկ զարգացման ծրագիր, ընթացիկ խնդիրների արդյունավետ լուծում, քաղաքի դիմագծի, ոճի ու արժեքային ավանդույթների ստեղծում:

Երեւանին անհրաժեշտ է ոճ ու երազանք ունեցող քաղաքապետ: Հայկ Մարությանն անկասկած արմատապես տարբերվում է իր նախորդներից, եւ ամենեւին նշանակություն չունեն այնպիսի փաստարկները, որոնք վերաբերվում են ադմինիստրատիվ փորձի պակասին կամ արվեստի մարդ լինելուն: Ավելին, այս «թերություններն» ինքնին առավելություն են՝ Երեւանը նոր Հայաստանի մայրաքաղաք դարձնելու բարդ գործում:

Հայկ Մարությանը խոսել է քաղաքի ամենացավոտ խնդիրներից մեկի՝ տրանսպորտի մասին: Նախկինում նա դեմ էր դրա թանկացմանը, արդարացիորեն նշելով, որ այն ժամանակ թանկացնելու մտադրությունը իշխանությունը ծառայեցնելու էր իր շահերին: Տրանսպորտը միակ ոլորտն է, որ վերջին տարիներին չի թանկացել, եւ ներկայում այդ հարցը պետք  որոշվի հանրաքվեով, ասել է նա:

Երեւանի խնդիրները պահանջում են երբեմն ցավոտ լուծումներ, եւ դրանից չպետք է վախենալ: Եթե կա հանրային ահռելի վստահություն եւ նոր ոճի կառավարում՝ բացառելով գանձագողությունն ու ատկատը, ապա պետք է գնալ այդ ցավոտ լուծումներին՝ թանկացնել տրանսպորտը՝ այն դարձնելով որակյալ ու ներդրումների համար գրավիչ ոլորտ, լուծելով վարորդների սոցիալական խնդիրները: Եվ այդպես՝ ոլորտ առ ոլորտ: Թանկացումը սարսափելի չէ, սարսափելին ստրկական աշխատանք կատարող, ցածր եկամուտներով ու գնողունակությամբ բնակչությունն է, պետական բյուջեի ցածր եկամուտները, որոնք հնարավորություն չեն տալիս իրագործել մասշտաբային ծրագրեր, որոնց մուլտիպլիկատիվ էֆեկտը տնտեսության համար հսկայական է:

Հայկ Մարությանն ունի այդ բազան ու վստահությունը՝ ոչ պոպուլյար քայլերի գնալու, Երեւանի մայթերին ու գազոններին սնկի պես բուսած կրպակները մաքրելու, Երեւանը կարգի բերելու համար:

Կա եւս մեկ առանցքային խնդիր. նա ֆիզիկապես չի հասցնելու անձամբ ամեն տեղ գնալ՝ վերահսկելու իրավիճակը: Երեւանի քաղաքապետի պաշտոնում նրա առաջնային խնդիրը կառավարման ինստիտուցիոնալացումն է, երբ քաղաքապետից մինչեւ թաղապետ ու համատիրություն աշխատեն հստակ սխեմայով ու ծրագրով, ամեն մեկն իր մասշտաբով լուծելով խնդիրները:

Հայկ Մարությանը լավ է սկսել, եւ որպեսզի նա հաջողի, եւ մենք ունենանք նոր Երեւան, նրան պետք է աջակցեն բոլոր երեւանցիները՝ սկսած փողոցը չաղտոտելուց ու դալաններում չմիզելուց, վերջացրած առաջարկներով ու պահանջներով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache