Լրահոս

Հայկական բանակը պատրաստվում է

 

Այսօր Հայաստանի Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել՝ նվիրված բանակային կարգապահության ամրապնդմանը եւ մարտական հերթապահության կազմակերպման որակի բարձրացմանը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հանձնարարել է շարունակել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքները և առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու, դիրքապահ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար:
Վերջին մեկ տարում Հայաստանի սահմանին իրավիճակը կտրուկ փոխվել է. կոշտ պաշտպանական համակարգ է տեղադրվել, որն արդեն մի քանի անգամ դրսեւորել է իրեն: Բացի այդ, ինչպես նշում են զինծառայողները, փոխվել է ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերմունքը: Մարտական հերթապահություն իրականացնողները պատժիչ եւ այլ օպերատիվ գործողությունների թույլտվություն ունեն:
Սահմանին ռազմական իրավիճակի փոփոխության եւ ղարաբաղյան կարգավորումում քաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում Ադրբեջանին մնացել է միայն մեկ «սողանցք»՝ մանր սադրանքները: Ակնհայտ է, որ Բաքուն չի կարող մարսել խոշոր սադրանքները, եւ դրանց կարող են հետեւել ոչ միայն հայկական ուժերի պատժիչ գործողությունները, այլ նաեւ միջազգային պատժամիջոցներ: Մնում է միայն մանր կեղտոտություններ անել՝ ամեն օր եւ ամեն ժամ:
Իհարկե, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Բաքուն ավելի մեծ սադրանքների չի գնա: Դա կլինի, եթե Ադրբեջանն ազդանշաններ ստանա, որ այդ սադրանքները Հայաստանում խուճապ, քաոս կառաջացնեն: Այդպիսի նշաններ դեռ չկան: Ընդհակառակը, ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ վտանգի պահին հայերը միավորվում են, բռունցքվում եւ արժանի հակահարված տալիս:
Հայկական զինված ուժերը պատրա՞ստ են «մանր» ու խոշոր սադրանքներին: Հակառակորդի կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը վկայում են, որ զինծառայողների համար անվտանգության միջոցառումները դեռ անհրաժեշտ մակարդակի վրա չեն:
Ինչ վերաբերում է հնարավոր խոշոր սադրանքներին, ապա, ինչպես նշում են բազմաթիվ ռազմական փորձագետներ, Ադրբեջանն իր ներկայիս ներքին իրավիճակով հազիվ թե գնա այդ ռիսկին: Ադրբեջանում գիտեն, որ վերջին 25 տարիներին իրենց երկրում իշխանափոխությունը սերտ կապված է չափից դուրս ռազմատենչ նախագահների «ռազմական նախաձեռնությունների» հետ: Ուժով «Ղարաբաղը վերադարձնել» որոշած Ադրբեջանի յուրաքանչյուր նախագահ զրկվել է պաշտոնից: Ներկայիս նախագահի հայրն էլ մի քանի շրջանների կորստի գնով է հազիվ պահպանել իշխանությունը:
Ադրբեջանում իրավիճակն իրոք բարդ է՝ երկրի գլխավոր բանկի կոլափս, լրտեսական սկանդալ, ինֆլյացիա, դժգոհություններ: Այս ամենն Ալիեւին նյարդային են դարձնում: Չի օգնել անգամ Մեհրիբանին փոխնախագահ նշանակելը: Այսպիսի իրավիճակում ցանկացած կտրուկ շարժում կարող է Ադրբեջանում անշրջելի գործընթացի սկիզբ դառնալ:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing