Լրահոս

Հայկական բանակի նոր մարտավարությունը. Ալիեւը շտապում է Էրդողանի մոտ

 

Վերջին շրջանում շփման գծում լարվածության աճ է, միաժամանակ Արցախի ՊՆ հաղորդագրություններում ավելի հաճախակի են դարձել պատասխան գործողությունների մասին տեղեկությունները: Նկատելի է, որ հայկական ուժերն անցել են նոր մարտավարության՝ հասցվում են կանխարգելիչ հարվածներ, ինչպես նաեւ պատժիչ գործողություններ:
Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանն ավելի վաղ հայտարարել էր, որ զինուժը ներկայում ունի խորքային հետախուզության հնարավորություն: Նորագույն սարքավորումները հնարավորություն են տալիս արձանագրել հակառակորդի տեղաշարժերը, հավաստանշել ուղղությունները: Ըստ ամենայնի, հայկական ուժերն ունեն շփման գծում ամեն մի կասկածելի տեղաշարժ ու խմբավորում կանխելու եւ ոչնչացնելու հրաման:
Այս նոր մարտավարությունը թերեւս անակնկալ է եղել Ադրբեջանի համար, դա նկատելի էր այդ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության պահվածքից: Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել էր առաջնագիծ եւ հրահանգել դիմել ավելի կոշտ գործողությունների: Փետրվարի լույս 25-ի գիշերը Ադրբեջանը հարձակում էր ձեռնարկել, որն ավարտվել էր լիակատար տապալմամբ ու կորուստներով:
Ադբեջանի համար անակնկալ էր ոչ միայն հայկական ուժերի նոր մարտավարությունը, այլեւ ռազմա-քաղաքական այն իրավիճակը, որն ավելի է խորացրել ադրբեջանական քաղաքականության փակուղին: Երեւում է ադրբեջանական ղեկավարությունը Ռուսաստանի կողմից նախկինի պես չի ստացել երաշխիքներ թե հայկական զինուժի պահվածքի, մասնավորապես զսպման, թե քաղաքական իրավիճակի մասով:
Ռուսաստանն ինքը հայտնվել է փակուղում եւ երեւում է չունի սեպարատ համաձայնությունների ցանկություն ու հնարավորություն: Բացի այդ, ղարաբաղյան խնդիրն այն միակ «հարթակն» է, որտեղ Ռուսաստանն ունի Արեւմուտքի հետ երկխոսելու եւ համագործակցելու հնարավորություն, եւ Մոսկվան համենայնդեպս այս փուլում իրեն չի զրկի այդ հնարավորությունից:
Ալիեւին արգելել են պատերազմել, սակայն ամենակարեւորը՝ զրկել են երաշխիքներից, ինչը սկզբունքորեն ավելի կարեւոր է, քան պատերազմի արգելքը, քանի որ կա այդ ամենը «մարսելու» խնդիրը: Իսկ «Փոքր պատերազմների» մարտավարությունն էլ բախվել է հայկական բանակի նոր մարտավարությանը:
Այս ֆոնին, երեկ տեղեկություն տարածվեց, որ Ալիեւն ու Էրդողանը պայմանավորվել են շուտափույթ հանդիպման մասին:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing