Հայկական դիվանագիտության ապտակը ստախոսին. Լավրովին ուղարկեցին այնտեղ, որտեղ ռուսները սովորաբար ուղարկում են

0

«Պարոն Լավրովը որոշել էր նման օդիոզ հայտարարություններով ուղղակի «հարամել» Հայաստանի առօրյան՝ մոռանալով, որ ՄԱԿ-ի այդ 4 բանաձևերը թաղել է Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հարազատ հայրիկ Հեյդար Ալիևը: Եվ ուզում եմ այստեղ առանձնահատուկ կարևորել հայկական դիվնագիտության այն ապտակը, որը հասցվեց այդ բոլոր ստախոսներին՝ իրար հետ վերցրած: Բայց հայկական դիվանագիտությունը, Լավրովի տատիկի հեքիաթները հերքելուց բացի, պետք է նաև ասի, թե ինքն ի՞նչ է առաջարկում»:

Այս շաբաթ՝ ապրիլի 21-ին, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության՝ տեսակոնֆերանսի մասնակիցները քննարկել են տարածաշրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ այս նոր մարտահրավերին առերեսվում են տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ անկախ քաղաքական սահմաններից: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին: Կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Ապրիլի 21-ի խորհրդակցությունների արդյունքներով ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ նախարարները և եռանախագահները մարտ ամսվա կեսերից պարբերական խորհրդակցություններ են անցկացրել հեռավար եղանակով՝ անդրադառնալով մի շարք արդիական հարցերի: Համանախագահներն ընդծել են հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ստեղծված իրավիճակում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կոչ արեցին կողմերին ձեռնարկել հետագա միջոցառումներ լարվածության նվազեցման ուղղությամբ։

Երբ մարտ ամսվա երկրորդ կեսին նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում սկսեց սրվել, ԵԱՀԿ լրատվական ծառայությունից էլ մարտի 19-ին հայտնեցին, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակը կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով առաջացած միջազգային սահմանափակումների պատճառով ժամանակավորապես դադարեցնում է մշտադիտարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հակամարտ ուժերի շփման գծում, դա լուրջ անհանգստություն առաջացրեց Հայաստանում առ այն, որ ադրբեջանական կողմը կարող է օգտվել հակամարտության միջազգային վերահսկման թուլացումից: Թեև պետք է ասել, որ նույն օրը հայտարարությամբ հանդես եկան համանախագահները՝ կողմերին կոչ անելով հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանը և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից: Բայց Բաքվում, ինչպես հաճախ է պատահում, անտեսեցին Մինսկի խմբի կոչը, և երբ հետագա օրերին, մասնավորապես՝ մարտի վերջին, ադրբեջանական կողմը սկսեց հետևողականորեն սրել իրադրությունը Հայաստանի հետ սահմանին՝ խախտելով հրադադարը, ձեռնարկելով դիվերսիոն ներթափանցման փորձեր, այդ մտավախություններն ու անհանգստությունները, բնականաբար, ամրապնդվեցին: Իսկ այս շաբաթ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի թեթև ձեռքով սրացում եղավ նաև դիվանագիտական ճակատում: Լավրովը, հիշեցնենք, խոսել է հիմնախնդրի լուծման փուլային տարբերակի մասին, ինչին ի պատասխան Հայաստանի արտգործնախարը հայտարարել է, որ այդ մոտեցումը ընդունելի չէ հայկական կողմերի համար: Եվ այս տեսանկյունից, անշուշտ, խաղաղ երկխոսության շարունակականության ապահովումն ու պրոցեսը Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում պահելը չափազանց կարևոր է:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

– Պարոն Մեհրաբյան, ի՞նչ եք կարծում, ներկա ֆորս-մաժորային իրավիճակում նմանատիպ խորհրդակցությունները կողմերի միջև հեռավար ձևաչափով, խաղաղ երկխոսության շարունակումը կօգնի՞ պահպանել կայունությունը հակամարտության գոտում:

– Գիտեք, պանդեմիան լայն դաշտ բացեց օնլայն դիվանագիտության զարգացման համար, և կարծում եմ, որ այդ իմաստով օնլայն դիվանագիտության դարաշրջանը մեկնարկեց կորոնավիրուսի համավարակի բերումով: Այո՛, փաստ է, որ մենք այլևս ապրում ենք օնլայն դիվանագիտության դարաշրջանում: Իհարկե, պետք է հաշվի առնել հետևյալը, որ հեռախոսային շփումը երբեք չի փոխարինի կենդանի շփմանը այնպես, ինչպես կինոն երբեք չի փոխարինի թատրոնին կամ այնպես, ինչպես ձայնագրությունների ունկնդրումը կենդանի համերգին չի փոխարինի: Բայց, այնուամենայնիվ, այո՛, այդ ամենը զարգանալու է և սկսել է իր հաղթարշավը: Հետևապես, այո՛, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում օնլայն դիվանագիտության հնարավորությունների կիրառումը, իհարկե, միայն և միայն ողջունելի է:

– Մշտադիտարկումները շփման գծում ժամանակավորապես դադարեցվել են: Այս պայմաններում երկխոսության շարունակումը ի՞նչ կարևորություն ունի: Եվ հնարավոր չէ՞ արդյոք դիտորդական առաքելությունները փոխարինել մեկ այլ բանով կամ թեկուզ վերսկսել մշտադիտարկումները՝ չնայած միջազգային ճանապարհորդության սահմանափակումներին:

– Մենք խոսեցինք այն մասին, որ պանդեմիայով պայմանավորված այս սահմանափակումները ստեղծել են հնարավորություններ օնլայն դիվանագիտության համար: Դրան զուգահեռ տարածքում մոնիթորինգ անցկացնելու հնարավորությունների սահմանափակումը էլ ավելի է կարևորում օնլայն եղանակով մոնիթորինգի կազմակերպման անհրաժեշտությունը: Եվ ցանկացած առարկություն այդ հնարավորությունների կիրառման վերաբերյալ կնշանակի բարի կամքի բացակայություն կամ հարցը ուժային ճանապարհով լուծելու թաքնված ձգտում: Բացի դրանից, այո՛, սա նաև հնարավորություն է բացում հայկական դիվանագիտության համար Վիեննայի օրակարգը առաջ մղելու համար: Ի վերջո, եթե մենք խոսում ենք այն մասին, որ բանակցային գործընթացում որևէ տեղաշարժ ակնկալել հնարավոր է միայն այն դեպքում, երբ կձևավորվեն պատերազմի չվերսկսման երաշխիքները և կկառուցվեն պատերազմի վերսկսման բացառման մեխանիզմները, այսինքն՝ երբ կդադարեցվի ցանկացած փորձ կամ հնարավորություն ուժի դիրքերից կամ ուժի սպառնալիքով խոսելու, ապա միայն այդ ժամանակ է հնարավոր, նախ, կառուցել վստահություն, իսկ հետո գալ ինչ-որ հանգուցալուծումների մասին անմիջական երկխոսություն ձեռնարկելու հարցին: Հետևապես, եթե մենք ապրիորի համարում ենք, որ Ադրբեջանն իրոք միտված է բացառապես բանակցային ճանապարհով հարցի լուծմանը և իրոք առկա է այն բարի կամքը, որի առկայության մասին խոսում է ադրբեջանական դիվանագիտությունը՝ իհարկե, մերթընդմերթ այն նաև համեմելով ուժային ճանապարհով խնդիրը լուծելու իրենց իբր պատրաստությամբ, ապա մանավանդ հիմա Ադրբեջանի առարկելու փաստարկներն ուղղակի զրոյացվում են, որովհետև, այո՛, դիմակայության գիծը պետք է մշտադիտարկվի և դա պետք է արվի 24/7 ռեժիմով, որպեսզի պարզ լինի՝ այդ ո՞ր շանորդին է խախտում զինադադարը, իսկ խախտողը նաև բացահայտվի ու նաև լինի երկուստեք համաձայնեցված մեխանիզմ այդ պայմանական շանորդուն պատժելու համար:

Այնպես որ, այո՛, այնտեղ պետք է օնլայն մոնիթորինգի տեխնիկական, իրավական, քաղաքական մեխանիզմներ ձևավորվեն: Այդ իմաստով հայկական դիվանագիտության համար լայն հնարավորություններ են բացվում, և ես կարծում եմ, որ հայկական դիվանագիտությունը, Լավրովի տատիկի հեքիաթները հերքելուց բացի, ինչն այս վերջին օրերին արվեց մեծ հաջողությամբ, ընդ որում՝ Լավրովի տատիկի հեքիաթները հերքվեցին բոլոր թեմաներով՝ սկսած Ղարաբաղից և վերջացրած գազի հարցով, և պարզ դարձավ, որ պարոն Լավրովը հերթական անգամ զբաղվում է շատ ցինիկ ստախոսությամբ, պետք է մյուս կողմից էլ ասի, թե ինքն ի՞նչ է առաջարկում: Եթե այն, ինչ ասում է Լավրովը, դուք մերժում եք, ապա ասեք՝ դուք ի՞նչ եք առաջարկում: Այո՛, հիմա լավագույն ժամանակն է Վիեննայի օրակարգը կյանքի կոչելու համար: Պայմանական Վիեննայի օրակարգ եմ ասում: Պարզապես այդ հարցերը, որ կային Վիեննայի օրակարգում, նորացված, ժամանակի առանձնահատկություններին ադապտացված ձևով, բայց ամեն դեպքում պետք է առաջ քաշվեն: Եվ Ադրբեջանը այս իմաստով որևէ բան չունի առարկելու և չի կարող ունենալ: Բացի այդ էլ, պարոն Լավրովն իր տատիկի հերթական հեքիաթը վաղը կամ մյուս օրը պատմելու համար ևս հիմքեր չի ունենա:

– Բայց չեք կարծո՞ւմ, որ Վիեննայի օրակարգը մոռացվել է նույնիսկ մեր կողմից:

– Ոչ թե մոռացվել է, այլ պարզապես Վիեննայի օրակարգը թաղվեց Սանկտ Պետերբուրգում: Անունը դրվեց «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ» մի նպատակով, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն: Այո՛, դա արվեց, որպեսզի ռուսական կողմը պաշտպանի Ադրբեջանին նույն ձևով, ինչ այսօր անում է պարոն Լավրովը: Ինչո՞վ է այսօր զբաղված պարոն Լավրովը: Այսօր Լավրովն իր ափերով պաշտպանում է Ադրբեջանի թիկունքը և մարմնի տարբեր մասերը, որոնք մարմնի վրայից թափվում են նավթի գների անկմանը զուգահեռ:

– Եվ շատ լավ համագործակցում է ադրբեջանցի լրագրողների հետ: Նրանք հարցեր են տալիս, ինքն էլ ադրբեջանական լրատվամիջոցների նշած ուղղություններով շարունակում է:

– Դուք նայեք ուղղակի ադրբեջանական պրոպագանդային: Այսօր ադրբեջանական պրոպագանդան իր ռիթմով, տոնայնությամբ հետևում է դիրիժորական նույն փայտիկին, որը թափ են տալիս Մոսկվայից:

– Իսկ ինչո՞վ է բացատրվում Լավրովի այդ հայտարարությունը: Սա առաջին հարցն է, որը ծագում է նրա ելույթը լսելուց հետո: Եթե համեմատենք նախկինում իր կողմից արված մեկնաբանությունների հետ՝ 2017 թ. հունվարին Լավրովը նույն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի մասին, ի դեպ, կրկին ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին, լրիվ այլ շեշտադրումներով էր խոսում և բավական կոշտ պատասխան տվեց: Ինչո՞վ է բացատրվում իր վերջին հայտարարությունը, փուլային տարբերակը նշելը, «Լավրովի պլանին» ակնարկելը:

– Պարոն Լավրովը որոշել էր նման օդիոզ հայտարարություններով ուղղակի «հարամել» Հայաստանի առօրյան՝ մոռանալով, որ ՄԱԿ-ի այդ 4 բանաձևերը թաղել է Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հարազատ հայրիկ Հեյդար Ալիևը, որը 1993 թ. դեկտեմբերին ամբողջ ղարաբաղյան պատերազմի ընթացքում ամենալայնածավալ հարձակումը նախաձեռնեց հայ-ադրբեջանական դիմակայության ամբողջ ռազմաճակատով՝ Նոյեմբերյանից միչև Հորադիզ: Դա 1 մլրդ դոլար արժողությամբ հարձակում էր: Դա, ըստ էության, ադրբեջանական բանակի վերջին խռխռոցն էր: Այդ հարձակումը հետ մղվեց և ջարդվեց ադրբեջանական բանակի ողնաշարը, որի արդյունքում թաղվեցին և՛ այդ 4 բանաձևերը, և՛ ադրբեջանական բանակը: Ադրբեջանը մեզ պարտադրել էր պատերազմ, մենք Ադրբեջանին պարտադրեցինք խաղաղություն և այդ խաղաղությունն էլ զինադադարի ձևով, կրակի դադարեցման համաձայնագրի տեսքով ստորագրվեց Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության կողմից և այն գործում է մինչ օրս: Երբ ասում եմ՝ Լավրովն իր տատիկի հեքիաթներն է պատմում, այդ հեքիաթները հենց դրանում էլ կայանում են՝ պարոն Լավրովը Հայաստանի առօրյան «հարամելու» մոլուցքով պրոֆեսիոնալին ոչ վայել թեզերի շահարկմամբ է զբաղվում: Եվ ուզում եմ այստեղ առանձնահատուկ կարևորել հայկական դիվնագիտության այն ապտակը, որը հասցվեց այդ բոլոր ստախոսներին՝ իրար հետ վերցրած:

– Փորձենք թարգմանել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների խոսքերը: Մնացականյանն ասաց, որ այդ տարբերակն առաջարկվել է, բայց մերժվե՞լ է մեր կողմից: Երբ ասում են՝ այս կամ այն փաստաթուղթը քննարկվում է, նշանակում է՝ Մոսկվան փորձել է այն օրակարգ բերել (ի վերջո, նախորդ տարվա ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումը Լավրովն էր նախաձեռնել), բայց Երևանն ասում է, որ դա մենք մերժել ենք և չենք համարում քննարկման առարկա: Այդպե՞ս է: Ինչպե՞ս եք թարգմանում Մնացականյանի պատասխանը:

– Բառիս ուղղակի իմաստով: Այո՛, եթե Լավրովը հրապարակայնորեն է նման ապուշություն առաջարկում, ապա դժվար չէ պատկերացնել՝ կուլիսային հանդիպումների ժամանակ ինչ ապուշություններ և ինչ անպարկեշտ առաջարկություններով կարող էր նա հանդես գալ: Այո՛, հանդես եկել է, հայկական կողմն էլ նրան ուղարկել է այնտեղ, որտեղ ռուսները սովորաբար ուղարկում են: Եվ եթե դա շատ դիվանագիտորեն արվել է ոչ հրապարակային, ապա պարոն Լավրովը ստիպեց, որ փաստորեն, չնայած դիվանագիտական լեզվով, բայց, այնուամենայնիվ, հրապարակայնորեն դա արվի հիմա, ինչն էլ արեց պարոն Մնացականյանը: Հետո պարոն Մնացականյանի ասածը երևի լավ չհասկացան, և դա արեց նաև տիկին Նաղդալյանը:

– Փաստորեն «Լավրովի պլան» կա, պարոն Մեհրաբյան:

– «Լավրովի պլան» եղել է դեռևս մինչև Ապրիլյան պատերազմը և հենց այդ պատճառով է այդ պատերազմը հրահրվել: Երբ պատերազմը դեռ չէր ավարտվել, ես ասացի, որ դա ոչ թե Ադրբեջանի հարձակումն էր ընդդեմ Ղարաբաղի, այլ դա ռուս-ադրբեջանական հարձակում էր: Ռուսաստանը Ադրբեջանին տվել էր զենք, տվեց նաև ժամանակ ծրագիրը կյանքի կոչելու համար:

– Ընդ որում, երկուսի մեկնաբանություններն էլ նույն ծրագրի վերաբերյալ շատ նման են իրար: Հիշենք, որ մինչ այս վերջին հայտարարությունը ծրագրի մասին հրապարակայնորեն խոսում էր միայն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, և հիմա նույնը ասաց նաև Լավրովը:

– Այո՛, Բաքուն ու Մոսկվան այսօր փորձում են փոխանցումներով, շուկայի մատնոց ֆռռացնողների նման հայկական կողմին գցել մոլորության մեջ, նաև հասարակություններին գցել մոլորության մեջ, ինչպես նաև այստեղի «մտահոգների» բերանը լեզու դնել՝ Հայաստանի իշխանությունների վրա ճնշումն ուժեղացնելու համար: Այլ տարբերակ չկա: Իսկ մեր «մտահոգներն» էլ այն աստիճան ապուշ են, որ հրապարակայնորեն հայտնում են հետևյալը. «Մենք հավատում ենք Լավրովին, մենք հավատում ենք Մամեդյարովին և չենք հավատում Մնացականյանին, որովհետև լավ ենք անում»: Ուրիշ բան չեն ասում նրանք: Բայց դրանով, կրկնում եմ, նրանք կրկնում են միմիայն սեփական ապուշությունը և ոչ այլ բան: Այո՛, նրանք ապուշ են բառիս հին հունական իմաստով: Հին Հունաստանում «իդիոտ» նշանակում էր մի անձ, որին չի հետաքրքրում պոլիսի կյանքը:

– «Լավրովի պլանի» և եվրասիականության ամենամեծ ջատագովներից մեկը՝ ռուս ազգայնական Ալեքսանդր Դուգինը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ ծրագիրն արդեն անցյալում է մնացել և հիմա ամենաանհաջող պահն է դրա մասին խոսելու համար: Եվ երբ փորձում ես հասկանալ, թե ի՞նչ իմաստ ուներ այս դժվարին ժամանակաշրջանում հրահրել բանավեճ հիմնախնդրի կարգավորման շուրջ, խոսել խիստ վիճելի մի նախագծի մասին, այն տպավորությունն է, որ սա ավելի շատ Մոսկվայի և Բաքվի վարչակարգերի՝ նավթի գների ռեկորդային անկման պատճառով նյարդային, ցայտնոտային վիճակում հայտնվելու մասին է, քան թե Արցախի բուն հիմնահարցի մասին:

– Գիտեք՝ ինչ: Ես բազմիցս առիթ եմ ունեցել սրա մասին խոսելու, պետք է կրկնեմ: Ռազմավարական առումով Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը մի՛շտ էլ համընկել են: Ասեմ ավելին՝ Ռուսաստանի նեո-կայսերապաշտ ռազմավարության գլխավոր «պրովայդերը» մեր տարածաշրջանում ռուսական ռեժիմի մանրակերտը հանդիսացող ալիևյան ռեժիմն է: Եղել է, կա և քանի դեռ գոյություն ունի՝ կլինի: Հետևաբար, մենք պարզապես կարող ենք տեսնել մի դրսևորման ուժգնացումը ի հաշիվ մյուսի կամ մի դրսևորումից անցնել մեկ այլ դրսևորման: Մենք այդ վարիացիաները կարող ենք տեսնել: Բայց մեծ հաշվով՝ դա այս ընդհանուր դասավորվածությունը չի փոխվում: Իսկ ինչ վերաբերում է Դուգինի դժգոհությանը Լավրովից՝ դա Դուգինի և Լավրովի բանավեճն է տակտիկական հարցերում պահի ընտրության իմաստով, բայց ոչ իմաստի, որովհետև Դուգինը մի մարդ է, ով միշտ բարձրաձայնել է այն հարցերը, որոնց մասին Կրեմլը ամոթ է համարել հրապարակայնորեն խոսել: Կոպիտ ասած՝ այն ինչ սթափ Կրեմլի մտքին է, հարբած Դուգինի լեզվին է: Նույնը կարելի է ասել Ժիրինովսկու մասին: Նրանք այդ դերն ունեն: Պալատական ծաղրածուներին տրված է ասել ճշմարտությունը կիսալուրջ ձևով, բայց երբ խոսում են ծաղրածուները, ապա պետք է դրանից եզրակացություն անել՝ ի՞նչ է տիրում իրական որոշում ընդունողների ուղեղներում:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները