Լրահոս

Հայկական պատժիչ գործողություն. Սպառնալիք Ալիեւին

 

aliev

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը տեղեկություն է տարածել հայկական զինուժի պատժիչ գործողության մասին, որի հետեւանքով, ըստ տեղեկության, ադրբեջանական զինուժն ունեցել է 4 զինծառայողի կորուստ: Դա հայկական կողմի պատասխանն է դեկտեմբերի 29-ի լուսաբացին Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի նկատմամբ ադրբեջանական դիվերսիային: Ադրբեջանցիները ներխուժել էին Հայաստանի տարածք եւ սպանել երեք հայ զինծառայողի, բայց նաեւ նահանջել կորուստներ տալով:Հայկական պատժիչ գործողությունը չի ուշացել: Հայաստանի զինուժն առաջին անգամ չէ, որ ի պատասխան ադրբեջանական դիվերսիաների իրականացնում է այդպիսի գործողություններ:

Դա իհարկե Ադրբեջանին զսպող հանգամանք չէ, քանի որ այդ երկրի ղեկավարությունը շատ հստակ ցույց է տվել եւ հայտարարել, որ մարդկային կյանքը եւ ընդհանրապես մարդասիրական հասկացությունները իր համար չունեն արժեք եւ առավել եւս քաղաքական նշանակություն:Այդպիսով, պատժիչ գործողություններն անհրաժեշտ, սակայն անկասկած ոչ բավարար պայման են Ադրբեջանի իշխանությանը ցույց տալու համար, որ ամեն մի դիվերսիա, Հայաստանի բնակչի կամ զինվորի ամեն մի սպանություն ունենալու է ծանր հետեւանք Ադրբեջանի զինուժի համար:Ըստ այդմ, Ալիեւին զսպելու համար պետք է գործողություն, քայլ, իրավիճակ, երբ ամեն մի դիվերսիայից հետո Ալիեւը կզգա անմիջականորեն իրեն սպառնացող վտանգ:Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանին կասեցնելու համար անհրաժեշտ է սկզբունքորեն փոխել քաղաքական իրավիճակն ու տրամաբանությունը, որ առկա է թե հակամարտության շուրջ, թե տարածաշրջանում, թե ընդհանրապես Հայաստանի միջազգային դերակատարման եւ ներուժի համատեքստում:

Հարավային Կովկասում հայկական հասարակությունն է, որ իր համախառն ներուժով համարժեք է արդիական քաղաքակրթության պահանջներին եւ այդ քաղաքակրթության հետ առավելագույն արդյունավետ հաղորդակցության մեջ կարող է լինել համապատասխան պայմանների ստեղծման դեպքում:Վրաստանի պարագայում քաղաքակրթական շերտն ավելի շուտ պատմամշակութային է, իսկ ներկայիս իմաստով` առավելապես ֆորմատային: Վրաստանը կարողանում է համեմատական բարձր արդյունավետությամբ օգտագործել այդ գործոնները, սակայն խորքային առումով Վրաստանը էապես կախված է նրանից, թե ինչ հեռանկար եւ ապագա է ունենալու հայկական տեխնոլոգիա-նորարարական գործոնը, թե անվտանգության, թե տնտեսական զարգացման եւ քաղաքական ինքնիշխանության տեսանկյունից:

Այն, որ միջազգային հանրության, արդիական քաղաքակրթության ուժային կենտրոններում կա այդ իրավիճակի արձանագրումը, աներկբա է, հակառակ դեպքում այդ կենտրոնները վաղուց էին ձեռք քաշել Հայաստանից եւ հայկական անվտանգության խնդրից, որում ներկա են նվազագույն անհրաժեշտ մակարդակով:Այդ տեսանկյունից, իրավիճակն առնչվում է նաեւ մեկ այլ նուրբ խնդրի:Երբ հայկական զինուժը դիմում է պատժիչ գործողության, հաճախ ընդհանուր գնահատմամբ դա դիտարկվում է Ադրբեջանի ռազմատենչությանը հավասարազոր դիսկուրսի շրջանակում, առավելագույնը պարզունակ վրեժխնդրության ասպեկտում, որը «մխիթարություն» է դիտվում «պարզունակ» հանրության համար:Հայկական զինուժը պատժիչ գործողությամբ իրականացնում է իրավունքի ուժը, պատժում է համընդհանուր իրավակարգի հանդեպ ոտնձգություն կատարողներին, այն պարագայում, երբ չկա կամ չի գործում նրանց պատժելու միջազգային որեւէ մեխանիզմ:

Ադրբեջանը պետություն է, որն իր բնույթով եւ գործողություններով հանդիսանում է համընդհանուր իրավակարգի եւ քաղաքակրթական կարգի մարտահրավեր: Դրա հանդեպ պատժիչ գործողությունը քաղաքակրթության, այսինքն այդ իրավակարգի եւ քաղաքակրթական կարգի սահմանին կանգնած հայկական զինուժի պետական եւ քաղաքակրթական առաքելության բաղադրիչներից մեկն է, եւ այդ իմաստով այն չունի «պարզունակ վրեժխնդրության» հետ համեմատության եզր:Այլ հարց է, որ զինված ուժերի այդ առաքելության հետեւում ներկայում առկա է մեղմ ասած պարզունակ պետություն, այսինքն որոշակի վակուում, ինչն էլ ստեղծում է այն ավելի լայն քաղաքական վակուումը, որն անպատժելիություն է հաղորդում Ալիեւին: Ըստ այդմ, Ալիեւի համար յուրաքանչյուր դիվերսիա անձնական խնդիր դարձնելու հրամայականը պահանջում է հայկական պետականության որակական դինամիկ ու խորքային բարեփոխում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am