Լրահոս

Հայոց ցեղասպանության ճանաչումը խախտեց Ադրբեջանի պլանները

 

timthumb

 Newsbook.am-ը գրում է. Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Գերմանիայի շուրջը. այն սկսել է հարավկովկասյան տարածաշրջանում բավական ակտիվ քաղաքականություն վարել: Նախ, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, երկրորդ՝ ակտիվ դերակատարություն է փորձում ստանձնել հարավկովկասյան տարածաշրջանում՝ արցախա-ադրբեջանական հակամարտության մեջ միջնորդության դերի ստանձնմամբ:

Գերմանիան ղեկավարում է ԵԱՀԿ-ն, ինչը նրան լեգիտիմ հնարավորություն է տալիս հստակ կարգավիճակով ներգրավվածություն ունենալ: Կարծես՝ այդ հարցում առկա է կոնսենսուս տարածաշրջանային պետությունների կեղմից: Նշենք մի քանի փաստ, որոնք խոսում են վերոշարադրյալի օգտին:

ՌԴ արտգործնախարար Լավրովը դեռևս Երևանում կողմ արտահայտվեց արցախա-ադրբեջանական հակամարտության գործընթացում գերմանական դերակատարության ստանձնմանը: Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը գնաց Բեռլին, հանդիպեց կանցլեր Անգելա Մերկելին: Հիմա էլ՝ Վիեննայի հանդիպումից հետո, Ալիևն է այցելելու Գերմանիա: Քիչ հավանական է, որ այս պայմաններում մենք գործ ունենք պատահական գործընթացների հաջորդականության հետ: Հանդիպումների ու հայտարարությունների շարքը խոսում են նրա մասին, որ Բեռլինը ցանկանում է հասկանալ կողմերին, տիրապետել տարածաշրջանային երկրների պաշտոնական դիրքորոշումներին, և բոլորին հասկացնել, որ ԵԱՀԿ-ում նախագահող երկրիր որոշակի դերակատարության ստանձնման իրավունք ունի: Սակայն Հայոց ցեղասպանության ճանաչումը դույզն-ինչ խախտեց ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի պլանները, որը կարող է որոշակի ազդեցություն ունենալ տարածաշրջանում գերմանական քաղաքականության վրա:

Այսպես, Ալիևը Բեռլին մեկնելուց առաջ՝ Բաքվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: «Դա անարդար է, երկակի ստանդարտների ցուցաբերում, պատմության խեղաթյուրում: Մենք չենք կարող հանդուրժել դա և չենք հանդուրժի: Բունդեսթագի որոշումը քաղաքական պատվեր է»,- ասել է հարևան երկրի նախագահը: Բավական կոշտ հայտարարություն է, և մեկնելուց ընդամենը օրեր առաջ հնչող այդօրինակ խոսքը շատ որոշակի մեսիջներ է պարունակում: Նման ըմբոստ կեցվածքով դիկտատորը գերմանական կառավարությանը հասկացնել է տալիս, թե ամեն ինչ հարթ չի լինելու և արցախյան հարցում կարող է և շատ առարկություններ ու անակնկալներ մատուցել:

Երկակի ստանդարտների մասին արված խոսքը, պատահական չէ: Այն պետք է դիտարկել որպես զգուշացում, որ Արցախի խնդրում բեռլինյան որդեգրած քաղաքականությունը հնարավոր է՝ դիտարկվի նույն երկակի ստանդարտների տրամաբանության մեջ, ինչը վստահելիության առումով խնդիրներ կունենա Բաքվում և հաջողության չի հասնի: Սա ճնշման ձև է, որով Բաքուն ցանկանում է քաղաքական երկու միավոր վաստակել:

Քաղաքագետ՝ Արման Սահակյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...