Լրահոս

Հայտարարվեց վարչապետի վերցրած տոկոսը. Նա կհասցնի՞

 

Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանը նախօրեին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ իրենց մեթոդաբանությամբ արված հաշվարկով խոշոր բիզնեսի ստվերը կազմում էր 48 տոկոս, որն անցնող մոտ 6 ամիսների ընթացքում կրճատել են մինչեւ 33 տոկոս: Այդպիսով, ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ խոշոր բիզնեսի ստվերը նվազեցրել են 15 տոկոսով:Շատ է դա, թե քիչ: Իհարկե ասելը բավական բարդ է, հաշվի առնելով երկու հանգամանք՝ Հայաստանում ստեղծված բարդ եւ բազմաշերտ տնտեսաքաղաքական ու բազմաթիվ բաժանարար գծերով հագեցած իշխանական համակարգը, նաեւ այն, որ ստվերի հաշվարկման բացարձակ ճշգրիտ մեթոդաբանություն «բնության մեջ» գոյություն ունենալ չի կարող, եւ ՊԵԿ նախագահն էլ խոստովանում է, որ իրենց թվերը սուբյեկտիվ են:

Այդուհանդերձ, հայտարարությունը հետաքրքիր է ու կարեւոր, նաեւ խորհրդանշական, քանի որ հնչել է նախագահի նստավայրում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստորագրումից մի քանի ժամ առաջ:Այդ կոալիցիան Սերժ Սարգսյանի քայլն է դեպի 2018-ի խնդրի հանգուցալուծում, հետնախագահական իշխանության ձեւավորում, ինչը մեծ հավանականությամբ չի ենթադրում Կարեն Կարապետյանի վարչապետության շարունակություն: Դրան զուգահեռ, հրապարակվեց Կարեն Կարապետյանի հարցազրույցը, որտեղ նա հայտարարում է վարչապետի պաշտոնում մնալու պատրաստակամության մասին եւ անգամ մատնանշում ծրագրային մի քանի պատկերացում առաջիկա հնգամյակի համար:

Ահա այդ ֆոնին ՊԵԿ-ը հայտարարում է իր մեթոդաբանությամբ հաշվարկված խոշոր բիզնեսի ստվերի 15 տոկոս կրճատման մասին: Իսկ ի՞նչ է խոշոր բիզնեսը Հայաստանում: Դա քաղաքական իշխանությունն է, դրա առանցքային մասը, որի առանցքային մեխանիզմներից մեկն էլ հենց ստվերային մասն է:

Հայաստանում իշխանության խնդրում առանցքային նշանակություն ունեցող կառույց է նաեւ ՊԵԿ-ը, որի ֆունկցիոնալ նշանակությունն այդ իմաստով լոկ բյուջետային մուտքերի եւ տնտեսվարման թափանցիկության ապահովումը չէ: ՊԵԿ-ն ունի իշխանության կարեւորագույն գործիքի առաքելություն:Կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը հասավ մի բանի, որին գործնականում չէր հաջողվել հասնել նրա նախորդներին՝ Տիգրան Սարգսյանին ու Հովիկ Աբրահամյանին:

Նա ՊԵԿ նախագահի պաշտոնին նշանակեց իր լիարժեք վստահելի անձի՝ Գազպրոմ Արմենիայի ղեկավարին, որը տարիներ շարունակ եղել է Կարեն Կարապետյանի տեղակալը: Իհարկե, դա չի նշանակում, որ այդպիսով Սերժ Սարգսյանը կորցրեց ՊԵԿ-ը, պարզապես Կարեն Կարապետյանը վերցրեց կարեւոր մի բաղադրիչ:Այդ համատեքստում, իրենց հաշվարկած ստվերի 15 տոկոս նվազեցնելու մասին ՊԵԿ ղեկավարի հայտարարությունը փաստացի հայտարարություն է անցնող ամիսների ընթացքում Կարեն Կարապետյանի վերցրած իշխանության չափի մասին՝ տոկոսով: Փաստորեն, հայտարարվում է, որ Կարեն Կարապետյանը վեց-յոթ ամիսների ընթացքում իր վերահսկողության տակ է վերցրել իշխանության 15 տոկոս, այսինքն իշխանություն է դարձել 15 տոկոսով:50+1-ին դեռ ահագին կա, եւ կա նաեւ մեկ տարի ժամանակ: Կհասցնի՞ Կարապետյանն առաջիկա մեկ տարում վերցնել 50+1-ի համար անհրաժեշտը՝ վարչապետ մնալու համար: Թե՞ բավական կլինի ավելի քիչ ցուցանիշ գոնե վարչապետ մնալու նվազագույն խնդիրը լուծելու, իսկ արդեն հաջորդ չորս տարիներին վերցնելու համար:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing