Հեղափոխության երկու ոտքերը. կոռուպցիայի փլատակների ձայնը

125

1in.am — Անօրինականություն չպետք է լինի, և եթե պետք է դրա համար գին վճարել, ապա պետք է վճարել, և մենք պետք է պատրաստ լինենք դրան, հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ «Երևան Սիթիում» ստուգումների և կապիտալի արտահոսքի տեսքով հնարավոր ազդեցության մասին հարցերին ի պատասխան: Ֆինանսների նախարարը շոշափում է շատ կարևոր խնդիր, որ առկա է այս ամենում, և որը իրականում խնդրի խորքային հանգամանքներից է, քիչ ուշադրության արժանացող:

Հասարակությանն անկասկած և իրավացիորեն ոգևորում է պայքարը կոռուպցիայի, գանձագողության, ստվերային տնտեսության դեմ, հատկապես, երբ խոսքն իրական պայքարի մասին է: Եվ անկասկած է, որ այդ պայքարը ծառայում է հենց հասարակության շահերին: Սակայն իրականությունն, իհարկե, բազմաշերտ է, և որքան իրական է այդ պայքարը, այնքան նաև առաջանում են հարակից խնդիրներ՝ կապված ստվերից դեպի տնտեսության օրինական դաշտ արագ անցման, այսպես ասած, արատավոր էֆեկտի մասով:

Ի վերջո, երբ կա տասնամյակներ ձևավորված կոռուպցիոն սխեմաներով կառուցված տնտեսական մի համակարգ, այդ համակարգի արագ ապամոնտաժումը կարող է անհամամասնություն առաջացնել նոր՝ այսպես ասած, սպիտակ համակարգի ձևավորման գործընթացի հետ, բերել տնտեսական զիգզագի, երբ էֆեկտը կարող է ավելի ուշ զգացվել, քան թեկուզ կոռուպցիոն, բայց քանդվող համակարգի բացասական ազդեցությունը իրողությունների վրա: Դա, ըստ էության, անխուսափելի խնդիր է, որ կարող է արտահայտվել մեծ կամ փոքր ծավալներով, սակայն գործնականում անխուսափելի է: Ըստ այդմ՝ հանրությունը պետք է պատրաստ լինի նաև դրան, որովհետև եթե գործընթացը կրի լայն բնույթ, այսինքն՝ ներառի նաև տնտեսության մնացյալ խոշոր խաղացողներին և ոլորտները, ապա խնդիրն էլ կարող է արտահայտվել ավելի լայն:

Բանն այն է, որ կարճաժամկետ այդ խնդիրը կարող է և պետք է լինի գինը, որ հանրությունը, Հայաստանը պետք է վճարեն երկարաժամկետ ու կայուն էֆեկտի համար: Ի վերջո, այդ գինը, որը նույնիսկ իր ծավալներով կարող է լինել անգամ ոչ շատ մեծ և զգալի, բայց ինչին պետք է պատրաստ լինել, իրականում չնչին է այն պատկերի ֆոնին, որ կա Հայաստանում կոռուպցիոն սխեմաներով կառուցված տնտեսության շարունակության տեսքով: Բանն այն է, որ այդ տնտեսությունը ուղղակի չունի հեռանկար, այդ տնտեսությունը չունի ճանապարհ, և այն տանում է դեպի աղետ, հետևաբար արագ ապամոնտաժումը Հայաստանի ու հասարակության համար կենսական խնդիր է:

Ըստ այդմ՝ հանրությունը լինելով պատրաստ, չպետք է թույլ տա, որ մնացյալ հարակից և կարճաժամկետ խնդիրներն օգտագործվեն երկարաժամկետ հեռանկարի վերափոխումները արգելակելու համար: Այդ խնդիրներն այլ բան չեն, քան պարզապես կոռուպցիոն համակարգի փլատակների փոշի, որը թույլ է տալու հանրությանն ու պետությանը շնչել ավելի ազատ, և որը պարզապես չպետք է ծածկի հանրության տեսողությունը, այդ թվում՝ մտավոր տեսողությունը: Հաջողության այլ բանաձև Հայաստանը չունի, որովհետև միայն տնտեսության արմատական վերափոխումը կտա հնարավորություն շարունակելու քաղաքական վերափոխումների թավշյա հեղափոխությունը: Հեղափոխության ներկայիս փուլի առանձնահատկություններից մեկը հենց դա է, հենց դա էր գործադիր իշխանության գալու նպատակը, որովհետև եթե չապամոնտաժվեն ստվերային կոռուպցիոն սխեմաները, Հայաստանում, ըստ էության, երբեք հնարավոր չի լինելու տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ըստ այդմ՝ ձևավորել մրցակցային քաղաքական համակարգ և ընտրական մեխանիզմ:

Այսինքն՝ խնդիրն իրականում շատ ավելի խորն է, քան զուտ պետական եկամուտների կորուստները վերականգնելը, քան զուտ կոռուպցիայի դեմ պայքարը: Դա պայքար է պետականության համար՝ առանց չափազանցության, ու դրա համար է նաև, որ կոռուպցիան դիտարկվում է իբրև ազգային անվտանգության սպառնալիք՝ ոչ թե իր ֆինանսական ծավալների, այլ իր քայքայիչ բնույթի և խորության համար: Վերջին հաշվով, հասարակական-քաղաքական, պետական հարաբերությունների ու համակեցության հիմքում տնտեսությունն է, ուզենք, թե ոչ: Ըստ այդմ՝ տնտեսական կառուցակարգն է պայմանավորում պետական կարգը, ոչ թե հակառակը: Հետևաբար պետական որակները, կայունությունն ու համակեցության համընդհանուր կանոնների շուրջ համաձայնությունը կախված են այն բանից, թե հանրությունը ինչպիսի համաձայնություն ունի տնտեսական հարաբերությունների մասով:

Ըստ այդմ՝ կոռուպցիայի դեմ պայքարին զուգահեռ, կոռուպցիոն սխեմաների կազմաքանդմանը զուգահեռ, ներկայումս թերևս հրատապ խնդիր է դառնում նաև աշխատողների շահերի պաշտպանությունը, արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը: Սա էլ իր հերթին տնտեսական որոշակի գին պահանջող գործընթաց է, սակայն եթե հանրությունը պատրաստ չէ վճարել այդ գինը, ընդ որում՝ առայժմ գոնե գերազանցապես տեսականում, որովհետև կան նաև մեխանիզմներ այդ գինը հնարավորինս նվազեցնելու համար, ապա ուշ թե շուտ հարկ է լինելու վճարել արդեն ուղղակի պետականությամբ, պետության անվտանգությամբ:

Միևնույն ժամանակ, տնտեսական համակեցության և կառուցակարգի նոր շրջանակն ու աշխատավորների շահերի պաշտպանության խնդիրը թավշյա հեղափոխության օրակարգային ամրության ու դիմադրունակության հարց են, ըստ էության՝ նոր փուլի երկու ոտքերը, որով այն պետք է շարունակի քայլել, և առանց որի չի կարող ձևավորվել համերաշխության միջավայրը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache