Լրահոս

Հեղաշրջման ուրվականը. Սերժ Սարգսյանը ցրում է ՀՀԿ-ն

 

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ առանցքային ներկայացուցիչներից է, իրենց թիմակիցը, իրենց վարչապետը, եւ հետեւաբար չի կարող խոսք լինել նրա ներկայացրած բյուջեի քննարկումը բոյկոտելու մասին:Շարմազանովն այդպիսով պատասխանել է լրագրողների հարցերին, ասելով, թե թյուր է բոյկոտի տպավորությունը:

Դատելով Էդուարդ Շարմազանովի բերած փաստարկներից, բոյկոտի մասին խոսք իսկապես չկա: Սակայն, «թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկը» ՀՀԿ համար թերեւս «կեղծ քաղաքական կատեգորիա» է:Օրինակ, Հովիկ Աբրահամյանն էլ անկասկած ՀՀԿ առանցքային ներկայացուցիչներից մեկն էր, «բոլորի համար ընդունելի վարչապետը», թիմակից, «գաղափարակից»: Իսկ որտե՞ղ է հիմա Հովիկ Աբրահամյանը:

Ըստ այդմ, եթե Կարեն Կարապետյանը ՀՀԿ առանցքային ներկայացուցիչներից մեկն է, թիմակիցը, Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ վարչապետի թեկնածուն, դա ամենեւին չի նշանակում, որ վաղը մեկ ակնթարթում կամ մեկ գիշերում Կարապետյանը չի դառնա «վտարանդի» կամ «մերժված», երբ ՀՀԿ-ում չի գտնվի մեկը՝ ինչպես չգտնվեց Հովիկ Աբրահամյանի պարագայում, որը կոչ կանի նրան չհեռանալ կուսակցությունից, մնալ ու պայքարել իր տեսակետների համար:Ի վերջո, հեռանալուց առաջ, նաեւ հետո, Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ ակնարկեց ՀՀԿ մեծամասնությանը, որը ինքը հավատարիմ է մնացել թիմին, ամեն ինչ արել է հենց թիմի միասնությունն ու ամրությունը պահելու համար, բայց թիմն է «դավաճանում» իրեն՝ թույլ տալով, որ «մայր գետ» լցվեն «օտար ջրեր»:

Ընդ որում, այդօրինակ հեռանկարից առնվազն տեսականում ապահովագրված չէ նաեւ Սերժ Սարգսյանը, եթե Կարեն Կարապետյանին ու Սամվել Կարապետյանին հաջողվի ձեւավորել ներկուսակցական այնպիսի ստատուս-քվո, որը նրանց կտա ՀՀԿ նախագահ փոխելու եւ կուսակցությանը «նոր ոգի» հաղորդելու հնարավորություն:

Դա անկասկած հիանալի պատկերացնում է նաեւ Սերժ Սարգսյանը, որը ՀՀԿ վիճակի լավագույն բնորոշումն ու ՀՀԿ-ում իր ռազմավարական խնդիրը ձեւակերպել է թերեւս 2006 թվականին, երբ նոր էր դարձել այդ կուսակցության Խորհրդի նախագահ, ինչի համար հատուկ վերաբացվել էր այդ պաշտոնը: Իր առաջին քայլերից մեկով Սերժ Սարգսյանը թույլ չտվեց ՀՀԿ «գաղափարական հնաբնակներից մեկի՝ Գալուստ Սահակյանի որդու ընտրությունն Աջափնյակի թաղապետի պաշտոնում: Սերժ Սարգսյանը նույնիսկ փաստացի բեկանեց կուսակության այն ժամանակվա նախագահ Անդրանիկ Մարգարյանի որոշումը: Մամուլը գրել էր, որ Մարգարյանը հավանություն էր տվել Արման Սահակյանի մտադրությանը եւ համաձայնել, որ նա Աջափնյակի թաղապետ ընտրվելու համար հրաժարական տա Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնից: Բայց, Սերժ Սարգսյանը արգելակեց ընթացքը եւ հայտարարեց, թե «կուսակցությունը ոհմակ» չէ:

Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանն արձանագրեց ՀՀԿ-ում գերիշխող մտածողությունը կամ մշակույթը, ձեւակերպելով իր ռազմավարական խնդիրը՝ հաղթահարել այն:Ինչ խոսք, հետագա տասնամյակի ընթացքում Սերժ Սարգսյանը գործնականում չի փոխել ՀՀԿ-ն, պարզապես ներկայում կուսակցությունն անում է այն, ինչ կորոշի ներկայիս առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը: Մյուս կողմից սակայն, Սարգսյանը տասնամյակի ընթացքում քայլ առ քայլ գնացել է «ապաոհմակացման» ճանապարհով, պարզապես դեռեւս չհասնելով ՀՀԿ-ին:

Առայժմ նա անցնում է իշխանական համակարգի, պետական կառավարման համակարգի «ապաոհմակացմանը», ձեւավորելով փաստացի հակակշիռների, բազմակենտրոն համակարգ, որն իրականացվում է խորհրդարանական կառավարման մոդելի ներդրումով: Այլ կերպ ասած, Սարգսյանը ինստիտուցիոնալացնում է ներիշխանական հակասությունները, պատկերացնելով, որ համակարգը չունի եւ թերեւս այլեւս երբեք չի ունենալու դրանք արհեստականորեն զսպելու եւ միատարր դարձնելու ռեսուրս եւ հնարավորություն: Ըստ այդմ, պայթյունը կանխելու, համակարգի ներքին եւ արտաքին անվտանգությունը բարձրացնելու համար նա ընտրեց բաժանարար գծերն ինստիտուցիոնալացնելու տարբերակը:

Գործընթացի հաջորդ փուլը կլինի ՀՀԿ-ն, որտեղ եւս Սարգսյանն ըստ երեւույթին կփորձի ձեւավորել բազմակենտրոն համակարգ՝ թիմի փոխարեն ստեղծելով առանց այդ էլ ներկայում գոյություն ունեցող տարբեր թիմերի կուսակցական «թափանցիկ» կամ «օրինական» մեխանիզմ եւ համակարգ, այդպիսով ավարտին հասցնելով «ներիշխանական հեղաշրջումների» ռիսկի նվազեցման ռազմավարությունը, որը Հայաստանի իշխող համակարգին սպառնում էր ոչ միայն նրանով, ինչ տեղի ունեցավ 1998-ի փետրվարին, այլ նաեւ նրանով, ինչ եղավ 1999-ի հոկտեմբերին:

Աղբյուր` lragir.am



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am