Հեղաշրջում կլինի՞

3

irates.am — Ապագա նախագահի հարցում որոշակիությունն արդեն առկա է: Օրակարգում է վարչապետի «ով» լինելու խնդիրը: Չնայած, ինքնին հասկանալի է` ով: Հավելենք պարզապես, որ տևական ժամանակ գաղտնի պահվող կառավարության կառուցվածքի մասին օրենքն էլ իր հերթին եկավ ասելու, որ Սերժ Սարգսյանը «վարչապետանում» է. ուժայինները, որ ցայս նախագահի իրավասության ներքո էին, սահուն անցում կատարեցին վարչապետի «ներքո»:

Իսկ հիմա ռիսկի դիմենք ու շամպայն խմենք (չնայած ԼՏՊ-ի դառը փորձին), և ասենք` վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ևս կանցնի առաջին փուլով:
Եվ այնուհանդերձ, կա՞ն ռիսկեր, որ կարող են, որպես «մնացորդային» երևույթներ, ուղեկցել նրան:
Խնդիրը բացառապես տեղական «սպառման» է. որոշ «կոնկուրենտ ֆիրմաներ» դեժավյու են ցանկանում. այն է` 98-ի սցենարի կրկնություն, մեկ գիշերում` իշխանափոխություն: ՈՒ ընդհատակյա աշխատանք են տանում պատգամավորների, չինովնիկական ապարատների հետ, որոնք, ինչ խոսք, ոչ «առյուծի կաթ են խմել, ոչ էլ Մակարովի գյուլլա կուլ տվել», բայց և մաշկափոխ նրանց գոյությունն իրենց մոտ եկած «պատգամաբերներին» հուսախաբ չի անում, «հորդորում» է` եթե փողոցում «էնքան մարդ հավաքվի, որ անցումը հնարավոր լինի, կնայենք»։ Ասել է` դեմ կքվեարկեն Սերժ Սարգսյանին: Ժպտու՞մ եք: Կարող էիք նաև «ուշագնաց լինել»: Բայց պետք է հասկանալ, որ «հազար փոր օգտագործվածներին», հանց կասեր Վանոն, «լուրջ» խոստումներ և «այլներ» են տրվում իրենց «ապագայի» և «մնացյալի» մասով: Բայց և` առաջ անցնենք, ասելու, որ «կոնկուրենտ ֆիրմայի» մի մասը, այսպես ասած` քաղաքական սեգմենտը, ինչպիսիք են Վարդան Օսկանյանն ու իր հետևում կանգնածները, հասկացել են` խաղը մեկընդմիշտ տանուլ է տրված. հիշենք` Օսկանյանն ասել է` «ոչինչ էլ չի լինի, նրանք իշխանությունը կկիսեն միմյանց միջև, և ամեն բան կավարտվի», ու մեկնել է ԱՄՆ:

Մինասիչը շատ լավ է հասկանում, որ Սերժ Սարգսյանը թռիչք է կատարել «կկվի բնի վրայով»` ստորագրելով ԵՄ համաձայնագիրը: Իսկ «կկուն»` Ռուսաստանը, լուռ է, որովհետև այդ համաձայնագրից ինքը ևս օգտվելու է: Գեոքաղաքական ամբողջական աղեղը ևս այս պահին ի շահ Հայաստանի է, քանզի նույն Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի գլուխները խառն են Իդլիբ-Աֆրին բարտերով, ԱՄՆ-ն էլ «սարքավորել» է Ղարաբաղի սահմանները` «դեզինտոքսիկացնելով» ազիկական դիվերսիաները, Սերժ Սարգսյանն էլ Արևմուտքում, ԵԽԽՎ-ներում «նոն ստոպ» դրական սալտոներ է կատարում, ներսում էլ` «նոու-հաուներ» իրացնում. հանդիպում է զինվորների հետ, «կամերաները անջատում», Արմեն Սարգսյան-պերսոն «ներմուծում», այլ հետաքրքիր պասաժներ ցուցանում։ Մի խոսքով, «կոնկուրենտների աբիժնիկ» մասն է, որ այսօր փորձում է հասնել ինչ-որ բանի, հույսը դնելով դեժավյուի վրա` կարծելով, թե «հիսուն հազար» ժողովուրդ կհավաքվի ապրիլի 9-ին ընդառաջ և. իրենք, Հիսուսի նման, կարտաբերեն. «Կատարվեց»:

Ի դեպ, մարտի 1-ի միտինգին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև Սեյրան Օհանյանը: Հետաքրքիր է, իհարկե, որովհետև նույն հարթակի վրա գտնվողները, նաև չգտնվողները, նրանց թվում` Զարուհի Փոստանջյանը, նաև Օհանյան-Օսկանյան զույգին էին մեղադրում «մարտի մեկի» «կայացման» մեջ:
Մասնակցելու՞ է այդ միտինգին Հովիկ Աբրահամյանը: Տեղեկություն դեռ չկա: Կա տեղեկություն, որ նրա հայրենակից, ոչ անհայտ Գրիշա Վիրաբյանը «նոր, հուժկու» միտինգային շարժում է սկսում` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ոչ, մենք չենք ասում, որ երբեմնի կարկառուն ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանը այսօր «ֆորա» է ապահովում իր «հայրենակցի» համար, որի հետ ժամանակին այնքան թշնամական հարաբերությունների մեջ էր, որ ծայրահեղ, ինքնին անթույլատրելի քայլերի էր դիմում (թակարդն առած` բողոքի ցույցերի էր ելնում)։ Չենք ասում, որովհետև քաղաքականության մեջ չկան թշնամիներ, չկան բարեկամներ:

Կան շահեր: ՈՒ այդ «շահը» այսօր Սերժ Սարգսյանն է: Թե՛ գեոքաղաքական, թե՛ ներքին առումներով:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache