Հեղուկ գազը թանկացել է. փնտրվում են պատճառներ

93

hetq.am — Մոտ երկու ամիս առաջ հեղուկ գազի շուկայում թանկացումներ են գրանցվել: Պարզապես քաղաքական գործընթացները թույլ չէին տալիս դա նկատել։

Հեղուկ գազի 1 լիտրի արժեքը 180 դրամից դարձել է 200 դրամ: Դա թերեւս պայմանավորված կարող է լինել նաեւ այն հանգամանքով, որ վերջին շրջանում հեղուկ գազ նախընտրող վարորդների թիվն ավելացել է: Հատկապես այն բանից հետո, երբ ակցիզային հարկվող բնական սեղմված գազն ու բենզինը թանկացան՝ պայմանավորված ակցիզային հարկի բարձրացմամբ, վարորդները շատ ավելի սկսեցին մտածել հեղուկ գազ տեղադրելու մասին: Այն ակցիզային հարկով չի հարկվում, եւ հունվարյան թանկացումները հեղուկ գազի գնի վրա չէին անդրադարձել:

Գազալցակայաններում տեղյակ չեն, թե ինչ անտեսանելի ձեռք է միջամտել հեղուկ գազի գնի ձեւավորմանը: Բայց բոլորը խոսքները մեկ արած՝ թանկացրել են։

«Հետք»-ը փորձել է պարզաբանում ստանալ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: Կա՞ մենաշնորհ ՝ հեղուկ գազի շուկայում: Ո՞րն է գազի գնի թանկացման պատճառը: ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, որ հանձնաժողովը տարեսկզբից սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է սկսել հեղուկ գազի շրջանառության ոլորտում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին տարիներին վերոնշյալ ապրանքային շուկայում տեղի են ունեցել փոփոխություններ: Ապրանքային շուկայի մասնակիցները փոխվել են, փոխվել են նաեւ ներմուծման եւ իրացման ծավալները: Հեղուկ գազի շրջանառության ոլորտի ամբողջական պատկերը պարզելու նպատակով, այս ոլորտը դեռեւս տարեսկզբից ընդգրկվել է ՏՄՊՊՀ-ի կողմից ուսումնասիրվող առաջնահերթ շուկաների ցանկում:

«Վերջին տարիներին, բենզինային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների համար, որպես վառելանյութի այլընտրանքային տարբերակ, բացի սեղմված բնական գազից, արդեն իսկ որոշակի ծավալներով օգտագործվում է  նաեւ հեղուկ գազը: Հետեւապես այս ոլորտում գնային եւ կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը կարեւորություն է ներկայացնում սպառողների համար, ինչը եւս հիմք է հանդիսացել վերոնշյալ շուկայի ուսումնասիրության համար: Առաջիկայում, ուսումնասիրության ավարտին, հնարավոր կլինի ամբողջական պատկեր կազմել ոչ միայն հեղուկ գազի մեծածախ իրացման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների, նրանց ներկրման ծավալների, այնպես էլ միավոր հեղուկ գազի գնագոյացման վերաբերյալ: Տվյալների ամփոփումից հետո արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշված է Գայանե Սահակյանի տրամադրած պատասխանում:

15 տարի առաջ հեղուկ գազի մեծածախ շուկայում մոտ 10 սուբյեկտ էր գործունեություն ծավալում: Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Լեոնն» այն ժամանակ զբաղեցնում էր շուկայի 20 տոկոսը: Երկրորդը «Գոշ-գազն» էր, որն այսօր արդեն սնանկ հայտարարված ընկերություն է:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ «Հետք»-ին տրամադրած տվյալների, 2017 թվականի սեպտեմբերից մինչեւ այս տարվա ապրիլի 30-ը հեղուկ գազը ներկրվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից եւ Իրաքից: Հիմնական ներկրող ընկերություններն են` «Մուլտիլեոն», «Ասօիլ», «Մ.Իգիթյան» ՍՊԸ-ները, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերեր Արման Սարգսյանը եւ Սամվել Հովհաննիսյանը։

Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Լեոն»-ում հրաժարվեցին որեւէ պարզաբանում տալ գազի գնի թանկացման վերաբերյալ: «Ասօիլ» ընկերության վերաբերյալ որեւէ տեղեկատուի մեջ լրացուցիչ ինֆորմացիա չկա։

Հայաստանի կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով, այս ընկերությունը պատկանում է Էրիկ Արսենի Հայրապետյանին, ով գրանցված է Նորք Մարաշում։

Ի դեպ, ներկրվող հեղուկ գազի որակից նաեւ բողոքներ կան։ Ահա վարորդներից մեկի գրառումը ֆեյսբուքում։

«Ալմաստի գործարանի մոտից հեղուկ գազ եմ լցրել․․․ մեքենաս սկսեց վատ աշխատել, հիմա էլ գազի ոտնակը մինչեւ վերջ սեղմում եմ, մեքենան արագություն չի հավաքում։ Բենզինով նորմալ է աշխատում։ Ավտոգազի մասնագետներն ասում են, թե իբր վաճառքի կետերում սոսնձանման նյութ են խառնում։ Նման խնդիր է՞լ ում հետ է պատահել․․․»։

Ուշագրավ է, որ հեղուկ գազի գնի թանկացման վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չկա ոչ միայն պետական համակարգում, այլեւ՝ մասնագիտական շրջանակներում։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache