Լրահոս

Հեկտարի վերածված հայրենիքը (տեսանյութ)

 

 

arm143385421638

7or.am-ը գրում է. Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով, ավելի ճիշտ՝ «օդային համբույրով», մեր հայրենիք–պետությունը վերածվեց հեկտարի, որի մի մասը(դեռ վերջնականապես հայտնի չէ, թե որքան մասը) ենթակա է հանձնման՝ ռազմավարական ու մարտավարական անպետքության պատճառով։

Շատերն են հիմա զարմացած ու զայրացած, թե գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող մարդն ինչպես է նման մտքեր արտահայտել, բայց դե, ՀՀԿ ղեկավարի պարագայում դա արտասովոր մի բան չէ։

Մարդը կապ չի ունեցել ազատագրական մարտերի հետ (բոլոր միֆերն ու կեղծիքներն այս օրերին պայթում են իրար հետևից)։ Ավելին՝ միայն Ղարաբաղից Սարգսյանի հեռացումը 1993–ի կեսերին ահագին շտկեց նյութատեխնիկական մատակարարման հետ կապված խնդիրներն ու հնարավորություն տվեց մեր զորքերին առաջ շարժվել: Մինչ այդ թիկունքում թալան էր տիրում՝ կապիտալի նախնական կուտակման ծրագրի շրջանակներում:

Տեղին է նշելը, որ որևէ շրջանի ազատագրման ռազմական օպերացիայի մշակմանը և իրականացմանը Սերժ Սարգսյանը մասնակցություն չի ունեցել։ Նա միայն հանձնելուց է ակտիվանում:

Մարդը 1994–ի փետրվարին Քելբաջարն ու Մարտակերտն Ադրբեջանի կազմում թողնող կապիտուլյացիոն փաստաթուղթ է ստորագրել, և միայն մերոնց ռազմական հաջողությունն է վիժեցրել այդ փաստաթղթի կյանքի կոչումը։

Չորսօրյա պատերազմն ու դրան հաջորդած հայտարարությունները ցույց են տալիս, որ գործ ունենք գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնին չհամապատասխանող մարդու հետ, ով ադեկվատ չէ և հաղթանակ է գնահատում այն, որ մերոնք զոհեր տալով նահանջել են, ու հիմա Թալիշում բնակիչ չկա: Նա ասում է, թե իմ դրած ռազմական խնդիրը լուծվել է: Փաստորեն, այդ ռազմական խնդրի համաձայն՝ հակառակորդը պետք է հարձակվի մեր բնակավայրերի վրա, խաղաղ բնակիչներին իրենց տանը սպանի, հետո մենք հետ շպրտենք նրանց, բայց ոչ այնքան, որ հարձակման ենթարկված բնակավայրում մարդիկ ապրեն:

Ստացվում է, որ Սարգսյանի պատկերացրած հայրենիքը Թալիշի պես է. ֆորմալ առումով մեր ձեռքում է, բայց այնտեղ մարդ չի բնակվում, քանզի դիրքային կորուստների պատճառով թշնամու ուղիղ նշանառության տակ է հայտնվել:

Ի դեպ, Սարգսյանը երկու տարի առաջ հայտարարել էր, թե Ադրբեջանը կարող է հարձակվել ու Նախիջևանից հասնել մինչև Երևան, բայց դրանից հետո կստանա արժանի հակահարված (չորսօրյա պատերազմը հաշվի առնելով՝ կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսի հակահարված է պատկերացնում Սարգսյանը, եթե, Աստված մի արասցե, հակառակորդը մոտենա Երևանին. «Հիմա Երևա՞նն է կարևոր, թե՞ մարդու կյանքը», — կհայտարարի նա)։ Այսինքն՝ նա, իր «ռազմական դոկտրինի» համաձայն, ընդունելի է համարում, որ թշնամին կարող է մոտենալ ՀՀ մայրաքաղաքին(տե՛ս կից տեսանյութը)։ Կարևորն, ըստ նրա, այն է, որ մեր առաջնագիծը չճեղքեն ու չքայքայեն։ Ավելի մարազմատիկ մտքեր դժվար է հայտնել:

Այնպես որ, զարմանալ պետք չէ, որ Սարգսյանը հիմա Ղարաբաղի տարածքների մասին խոսում է հեկտարների լեզվով և նորմալ համարում դրանք հանձնելը։ Հենց այս մտածողության շրջանակներում է նա Կազանում համաձայնել ԼՂՀ սահմանադրությունը շրջանցելու միջոցով հինգ շրջանները զիջելուն։ Հենց այս մտածողության շրջանակներում է նա միտումնավոր թուլացրել բանակը։ Եվ հենց այս մտածողության շրջանակներում է նա Վիեննայից հետո «օդային մեսիջներ» ուղարկել բոլորին, ըստ որոնց՝ ինքը տարածքը հանձնելուն պատրաստ է և կողմ է Ղարաբաղի կարգավիճակն անորոշ ժամանակներին թողնելուն։

Թե ինչի կարող է հանգեցնել այդ մտածողությունը, գործնականում տեսնում ենք։

Է՛լ ավելի մեծ ավերածություններից խուսափելու համար հարկավոր է պետական կառավարման համակարգից հեռու պահել այդ մտածողության կրողին։

Հայկ Ուսունց

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing