«Հենց այդ պահից կատարվեց, եւ հաջորդ օրը փշալարը հանեցին»

1

lragir.am — Երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը կարծում է, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, վաղուց է կատարվել: «Երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսուհետ Սերժ Սարգսյանը պետք է փշալարի հետևից նայի իր ժողովրդին, հենց այդ պահից կատարվեց: Լավագույն ապացույցն այն է, որ հաջորդ օրը այդ փշալարը հանեցին: Այսինքն՝ ինձ թվում է՝ ՀՀԿ-ն էլ շատ լավ գիտի, որ պետք է առանց որևէ ցնցումների իշխանությունը փոխանցի ժողովրդին»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Զորիկյանը:

Նրա խոսքով, այս պարագայում աբսուրդ են ՀՀԿ-ի բոլոր այս ներկայացումները: Իսկ թե ինչու է ՀՀԿ-ն ձգձգում իշխանության հանձնումը, ըստ Զորիկյանի, տարբեր պատճառներ կարող են լինել:

«Գուցե ընթացքում ինչ-որ հանդիպումներ պետք է կազմակերպեն, երաշխիքներ ստանան, ինչ-որ հարցեր ճշտեն ներսի ու դրսի հետ: Բայց պետք է հանձնեն իշխանությունը, իրենց աչքի առաջ կոմունիստները հեռացան, քաղաքական դաշտը հանձնեցին ՀՀՇ-ին, իրենց աչքի առաջ ՀՀՇ-ն քաղաքական ղեկը հանձնեց այսօրվա իշխանություններին: Իհարկե, իրենք էլ պետք է հանձնեն: Եթե կարող էին, թող երկիրն այնպես կառավարեին, որ ժողովուրդն իշխանությունը վերցնելու կարիք չունենար»,- հավելեց Զորիկյանը:

Նրա խոսքով՝ այսօր այն վիճակն է, որ գլխից բռնել են: «Այն, որ Սերժն ասում էր՝ գլխից բռնեք, Նիկոլը գլխից բռնել է, հանել է, բայց այդ գործչի ձեռքը դեռ մնացել է բյուջեի մեջ: Ընդամենը ժողովուրդը պետք է մի լավ թափ տա այդ գլխից բռնվածին»,- նշեց նա:

Զորիկյանը նկատում է, որ ժողովուրդը միանգամից դուրս չեկավ, այս միտումը միշտ էլ կար: «Հեղափոխության դասական ձևն ասում էր, որ հեղափոխությունը կատարվում է, երբ և վերևներին է պետք, և ներքևներին, որովհետև բանաձևը հետևյալն է՝ վերևները չեն կարողանում կառավարել, ներքևները չեն ուզում այդ օրենքներով կառավարվել: Այդ դեպքում հետագա ընթացքը բախումներն են, քաղաքացիական պատերազմը: Բայց այս թավշյա ձևը, որը Նիկոլը գտել է, որը երիտասարդությունը թելադրել է, ամբողջ աշխարհում ասում են՝ սա բացառիկ մի ձև է»,- նշեց նա: Հետևաբար, ըստ Զորիկյանի, ՀՀԿ-ն չպետք է խոչընդոտի ժողովրդի այս զարթոնքին:

«ՀՀԿ պարոնայք, ինչո՞ւ եք ուզում այս բացառիկ ձևը դարձնել դասական ձև: Օգտվեք, պատմությունը ձեզ առիթ է տվել դառնալ բացառիկ, ձեզ էլ է այդ շանսը տրվել, չէ՞: Կոմունիստ եք էլի, ինչո՞վ եք տարբերվում կոմունիստներից, դե ցույց տվեք, որ տեսնենք տարբերվում եք: Ցույց տաք, ցույց չտաք, մեկ է, հեռանալու եք, մեկ է, հանձնելու եք ձեր աթոռները, գրպանած գումարները, որովհետև արդարության ու սիրո դարաշրջան է գալու: Փոփոխություն է լինում, բայց դուք մնացել եք անցած դարաշրջանի մեջ: Հերիք է ապականեք, հերիք է», կոչ արեց Զորիկյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache