Հենց Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, հաջորդ օրը խորհրդարանն ընտրելու է իր ուզած մարդուն

80

Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանը դիմելով քաղաքական ուժերին, հայտարարում է՝ դուք ով եք, որ կողմ կամ դեմ լինեք արտահերթ ընտրություններին։ Դրանից հետո Արա Բաբլոյանը հայտարարեց, որ խորհրդարանական ուժերի միջև քաղաքական քննարկումների արդյունքում պետք է հասնել արդյունքի։ Հիմա, ձեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանը նորից քաղաքացիներին դուրս է բերելու փողո՞ց՝ այս պահանջի իրագործման ճանապարհին։

Նախ ասեմ, որ հիմա ավելի դժվար է լինելու որևէ որոշում պարտադրել Ազգային ժողովին, որովհետև եթե նախորդ անգամ՝ մայիսի 8-ին, Սերժ Սարգսյանն արդեն հեռացել էր, նրա փոխարեն պետք է ընտրեին Նիկոլ Փաշինյանին, անձնական որևէ կորցնելու բան չունեին, ընդհակառակը, իրենք մեկ տարով իրենց տեղն էին ապահովում խորհրդարանում՝ դրանից ածանցյալ բոլոր արտոնություններով, հիմա եթե իրենք քվեարկեն Նիկոլ Փաշինյանի ասածի համաձայն, իրենք անձնապես այդ ամենից տուժելու են։ Այսինքն, նախորդ անգամ շահագրգռված էին նման որոշում ընդունելու համար, հիմա ընդհակառակը։ Հետևաբար, ես չեմ կարծում, որ խորհրդարանը որևէ ճնշման կենթարկվի։

Որքանո՞վ է ռացիոնալ հենց այս տարի կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, օրինակ նոյեմբերին։

Որքան շուտ, այնքան լավ։ Ես ընդհանրապես հոկտեմբերի վերջին էի առաջարկում։ Ու դրան հասնելու միակ տարբերակը ես տեսնում եմ ոչ այդ պարտադրանքին հասնելու միջոցով, այսինքն ոչ թե ժողովրդին փողոց հանելով, որովհետև ժողովուրդը նախ հոգնում է դրանից, երկրորդ, ժողովուրդն արդեն նույն միասնականը չի, ինչպես առաջ էր, երրորդ, խորհրդարանը տրամադրված չի դրան։ Երկրորդ տարբերակը Սահմանադրության երկրորդ հոդվածն է, որը միանշանակ ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը դա իրականացնում է ընտրությունների և հանրաքվեի միջոցով։ Պետք է կառավարությունը հայտարարի հանրաքվե, որտեղ կդրվի մեկ հարց՝ խորհրդարանի լուծարում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ճիշտ է, Սահմանադրությունը նաև կետ ունի, որ հանրաքվեին պետք է համաձայնություն տա նաև խորհրդարանը, բայց այդ ամբողջի մեջ օրենքի այդ տառը չպահելն ավելի ժողովրդավարական է, քան հարյուր հազար մարդկանցով ճնշում բանեցնելը։ Եթե հանրաքվեի միջոցով լուծարվի խորհրդարանը, և արտահերթ ընտրություններ լինեն, որևէ մեկը չի կարող ասել, որ դա ժողովրդավարական չէ, և երկրորդ, այն չի ներկայացնում ամբողջ ժողովուրդը։ Որքան էլ դուք մարդ հանեք փողոց, միշտ էլ ասելու են, որ դա  ժողովրդի չնչին տոկոսն է։ Իսկ հանրաքվեի պարագայում բոլոր քվեարկողները կունենան դրան մասնակցելու իրավունքը։ Կարծում եմ՝ դա ավելի ժողովրդավարական, ավելի ընդունելի և ավելի հեշտ տարբերակ է, որը մեզ հնարավորություն կտա  խուսափել բախումներից։ Իսկ եթե խորհրդարանը երկու ոտքը դրեց մեկ կոշիկի մեջ ու ասաց՝ չեմ ինքնալուծարվում, այսինքն երկու կրակոցով ինքնասպանություն չեմ կատարում, ինչ պետք է անեն, պետք է դարպասները բացեն, ասեն՝ գնացեք գլուխները ջարդե՞ք։ Այստեղ խիստ վտանգավոր բան կա։ Կարող է այդ ամբողջը դուրս գալ վերահսկողությունից։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ ինքը միշտ կարող է վերահսկել ամբոխները, դա սխալ է։ Այդ ամբոխների ամբողջ էությունն այն է, որ երբեմն կարող է այնպիսի քայլերի դիմեն, որ որևէ մեկը չի կարող կանխատեսել։ Իսկ եթե այդ բախումը լինի, ուրեմն նախ սերն ու համերաշխությունը կկորի, երկրորդ՝ բոլորը կսկսեն Նիկոլ Փաշինյանին մեղադրել, որ դու նախորդներից լավը չես։ Հետևաբար հանրաքվեն ամենաճիշտ ճանապարհն է։

Իսկ որքանո՞վ են հանրաքվեին պատրաստ նույն իշխանության ներկայացուցիչները և առհասարակ հանրությունը։

Ես կարծում եմ, որ հանրությունը 90-ից ավելի տոկոսով պատրաստ է նոր արտահերթ ընտրությունների։ Իսկ հանրաքվեն այդ արտահերթ ընտրությունների ճանապարհն է, տալիս է դրա իրավական հիմքը։ Հետևաբար, ես կարծում եմ, որ եթե այդ հարցը հանրաքվեի դրվի, 90 և ավելի տոկոսը կքվեարկի արտահերթ ընտրությունների օգտին։ Դա բոլոր դեպքերում իրավական ճանապարհ է։ Այդտեղ կարելի է հաշվել, տոկոսներ ցույց տալ, իսկ փողոցում մարդկանց թիվը չես կարող իրավական ձևաչափի բերել, միշտ էլ տարաձայնություններ կլինեն։ Մեկը կասի չնչին տոկոս էր մասնակցում, մեկը կասի՝ ամբողջ ժողովրդի կարծիքն էին ներկայացնում, ինչպես հիմա մենք տեսնում ենք այդպիսի բազմաթիվ մեկնաբանություններ։

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է պարբերաբար հարցազրույցներ տալ, նախօրեին էլ անկախության տոնն է շնորհավորել՝ նորից բռնապետ անվանելով Փաշինյանին։ Նրա ակտիվությունն ինչի՞ կհանգեցնի՝ հաշվի առնելով, որ նա անընդհատ խոսում է ՌԴ աջակցության մասին։ Որքանո՞վ ընտրությունների ժամանակ Ռուսաստանը կարող է նրան աջակցել և որքանո՞վ կարող է Քոչարյանն ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն ունենալ։

Նախ ուզում եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանի վարքը վկայում է հենց նրա մասին, որ եթե մարդիկ կորցնելու բան ունեն, ապա կատաղի դիմադրություն են ցույց տալիս։ Մենք նույն վարքի ականատեսը կլինենք Ազգային ժողովում, երբ ամեն մի հանրապետական պատգամավոր կդառնա մի Քոչարյան։ Սա լուրջ հարց է, հետևաբար չի կարելի գնալ ԱԺ-ի ինքնալուծարման ճանապարհով։ Հիմա Քոչարյանը, բնականաբար, կորցնելու շատ բան ունի՝ հարստություն, ազատություն, դրա համար ամեն ձևով փորձում է դիմադրել։ Ինքը փորձում է դա անել երկու ճանապարհով՝ մեկը ստեղծել հենք հասարակական կարծիքի մեջ, և դրա համար ֆինանսական, տեղեկատվական ու բարոյահոգեբանական հսկայական միջոցներ է ներդնում, մյուսը Ռուսաստանն է, որը նրա հիմնական դաշնակիցն է։ Իհարկե, Ռուսաստանին ձեռնտու է Քոչարյանի նման մեկը, քան Նիկոլ Փաշինյանի, որովհետև հիշենք, որ Քոչարյանի օրոք էր, որ Ռուսաստանը Հայաստանում չնչին գներով տեր դարձավ ռազմավարական ամբողջական ոլորտների, էլ չեմ ասում ձեռնարկությունների։ Մյուս կողմից, Հայաստանը մեծ լվացքատուն էր դարձել Ռուսաստանի համար, որտեղ ռուս օլիգարխների փողերն էին լվացվում։ Այդ անձնական կապերը մնացել են, ի վերջո, Ռուսաստանում հասկանում են, որ եթե Քոչարյանը սկսեց խոսել, կամ նույնիսկ եթե չխոսի, տարբեր ձևերով կարող է բացահայտվել, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։

Չեմ բացառում, որ կարող է բացահայտվել Ռուսաստանի ոչ միայն ֆինանսական մասնակցություն, այլ նաև այլ մասնակցություն, մասնավորապես «Մարտի 1»-ի, «Հոկտեմբերի 27»-ի դեպքերով։ Հիմա Ռուսաստանը մեծ լծակներ ունի, դրա համար ես ասում եմ, որ պետք է ամեն բան արվի արագ, մինչև ձմռան ցրտերը։ Ռուսաստանը կարող է էլեկտրականության հովհարային անջատումներ անել, կարող է  գազի անջատումներ անել, Ռուսաստանը կարող է Լարսը փակել։ Մեր օլիգարխները, որոնք սննդի ներկրողներն են Հայաստան, կարող են սողացող սաբոտաժ իրականացնել, այսինքն թանկացնել գները և ժողովրդին տրամադրել իշխանությունների դեմ, ինչի մասին ասաց նաև Քոչարյանը՝ ասելով, որ դատարկ սառնարանները կփոխեն մարդկանց տրամադրությունները։ Սա հնում փորձարկված հակահեղափոխական միջոց է։ Էլ չեմ ասում, որ Ռուսաստանը հնարավորություն ունի Արցախի հարցը սրել։ Այս հարցում Ռուսաստանը երկու կողմից դաշնակիցներ ունի. մեկը Ալիևն է, մյուսը Արցախի մեր որոշ ղեկավարներն են, որոնք կարող են գնալ ընդհանրապես դրության սրման։ Չմոռանանք, որ այդ մարդիկ սերտորեն կապված են Քոչարյանի ու Ռուսաստանի հետ։ Պետք չի մտածել, որ մեր ազդեցությունն Արցախի վրա ամբողջական է, այդտեղ Ռուսաստանն ինքնուրույն խաղացողներ ունի, իր մարդիկ ունի։ Չմոռանանք նաև, որ Արցախի հայերի մոտ մտածողությունը շատ ավել ուրիշ է, իրենք ընդհանրապես գտնվում են ռուսական քարոզչության ազդեցության տակ։

Այնպես որ, որպեսզի փորձության չտարվի ժողովուրդը, կարծում եմ՝ միակ հնարավոր տարբերակը հանրաքվեի գնալն է։ Ընդհանրապես շատ լավ կլիներ, որ Երևանի ընտրությունների հետ միաժամանակ հանրաքվե նշանակեին, և մի ծախսը երկու չդառնար։ Բայց չգիտես ինչու, Նիկոլ Փաշինյանը աջ ձեռքով ձախ ականջը բռնելու բարդ բաներ է մտածում, որոնք խիստ վտանգավոր են՝ հրաժարական տալ, հետո երկու անգամ վարչապետ չընտրվի, և լինեն արտահերթ ընտրություններ։ Հենց Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, հաջորդ օրը խորհրդարանն ընտրելու է իր ուզած մարդուն և որևէ մեկը որևէ բան չի կարող անել, ուզում է 200 հազար մարդ դուրս գա փողոց։ Դրա միակ տարբերակը կլինի արյունահեղությունը, պետք չի դրան գնալ, շատ ավելի հեշտ տարբերակ կա։ Իսկ եթե արյուն թափվեց, նշանակում է՝ այս ամբողջ գեղեցիկ արդյունքը, որ ունեցել է այս հեղափոխությունը, կկորչի։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache