Լրահոս

Ալիևը համաձայնվե՞լ է ճանաչել Ղարաբաղի անկախությունը

 

Ղարաբաղյան խնդրում ինչ որ գործընթաց է սկսել: Մոսկվան նորից փորձում է առաջ քաշել «Կազանի պլանը»: Դրա համար Հայաստանում ու Ադրբեջանում զուգահեռ գործընթացներ են սկսվել: Կազանյան պլանը նախատեսում է Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ ղարաբաղյան որոշ շրջանների դիմաց, որտեղից պետք է դուրս բերվեն հայկական զորքերը: Մոսկվան պատրաստվում է այդ շրջաններն Ադրբեջանի՞ն տալ, թե իր զորքերը տեղակայել եւ, ինչպես որոշ փորձագետներ են նշում, այդ տարածքները կանցնեն Կրեմլի «ուղիղ կառավարմանը»:

Ադրբեջանից պահանջվում է ընդամենը մի քանի խաղաղասիրական հայտարարություն անել եւ մշուշոտ խոստում տալ, որ Ղարաբաղի բնակչությանը թույլ կտրվի հանրաքվե անցկացնել: Ալիեւը, ըստ երեւույթին, արդեն սկսել է խնդրի իրականացումը: «Հայ-ադրբեջանական» պլատֆորմի ստեղծումը եւ մյուս քայլերը պետք է դառնան Ալիեւի «խաղաղասիրության» ապացույցը: Հայաստանից պահանջվում է զորքերը դուրս բերել մի շարք շրջաններից:

Այդ հարցը Հայաստանում, առավել եւս Ղարաբաղում, գործնականում չի քննարկվում: Չնայած պաշտոնական իշխանությունները բանակցում են դրա շուրջ, չնայած զորքերը դուրս բերելու պատրաստակամության վերաբերյալ Սերժ Սարգսյանի բազմիցս արած խոստովանություններին, բնակչությունը մեծամասամբ չի ընդունում այդ տարբերակը որպես ռացիոնալ լուծում: Ավելին, երբ ապրիլին Ադրբեջանը փորձում էր ուժով տարածքներ վերցնել, հանրությունն աննախադեպ համախմբվեց եւ պաշտպանեց իր հողերը:

Հուլիսին հանրության ռադիկալ հատվածը ներկայացնող «Սասնա ծռեր» խումբը զինված ապստամբության դիմեց եւ շատ հստակ հայտարարեց, որ Հայաստանում կան ուժեր, որոնք իշխանություններին թույլ չեն տալիս զիջումների գնալ: Անկասկած, հանրությունում կան խմբեր, որոնք հոգու խորքում աջակցում են զիջումներին. շատերն այն բանի համար, որ իրենց երեխաները չծառայեն կռվող բանակում, մյուսներն էլ այն պատճառով, որ երբեք չեն նայել քարտեզին ու չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը: Այդ մարդիկ, սակայն, դիսկուրս չեն ձեւավորում եւ չեն համարձակվում բացահայտ հայտարարել իրենց դիրքորոշման մասին:

Եվ ահա, գործընթացի մեջ մտավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը փորձում է քաղաքական դիսկուրս ձեւավորել, որի էությունը պարզունակ բանաձեւն է՝ մենք լսում ենք Պուտինի հայրական խորհուրդներին ու տարածքներ հանձնում: Ալիեւը, նույնպես Պուտինի խորհրդով, մեծահոգաբար համաձայնվում է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել, Էրդողանը Պուտինի հետ միասին բացում է հայ-թուրքական սահմանը, բոլորն սկսում են լավ ապրել, եւ ոչ ոքի այլեւս չեն զորակոչի ղարաբաղյան բանակ: Հայաստանում ու Ադրբեջանում երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում, ընդ որում՝ Հայաստանի իշխանությունները համաձայնություն են հայտնել, բայց Ալիեւը ոչ մի կերպ չի արտաբերել «կախարդական բառերը»:

Այս մասին վկայում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, որը մեկնաբանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը եւ ասել, որ Հայաստանի իշխանությունները նույնպես համարում են, որ փոխզիջում է անհրաժեշտ (այլ կերպ ասած՝ զիջումներ), սակայն Ադրբեջանը չի ցանկանում անցնել ճանապարհի իր հատվածը: Փաստացի, եթե Ալիեւը խոստանա, որ օրինակ կճանաչի հանրաքվեի արդյունքները, որը կայանալու է 50 տարի անց, ապա Ռուսաստանը դա անմիջապես կընկալի որպես ազդանշան Հայաստանի վրա ճնշման համար, որին արդեն դժվար կլինի չանել իր քայլը:

Լեւոն Տեր-Պետրոսյանն իզուր չի ընդգծել, որ դա Ռուսաստանի, այլ ոչ թե Մինսկի խմբի առաջարկն է: Ըստ ամենայնի, նա գիտի եւ ակնարկում է, որ ուժի մյուս կենտրոնները դեմ են այդ պլանին: Մինչ այժմ այն չի իրագործվել, հնարավոր է ոչ թե Ալիեւի եւ Սարգսյանի անզիջում լինելու, այլ նոր աշխարհակարգի կառուցման գլոբալ ծրագրերին չհամապատասխանելու պատճառով: Առավել եւս, այդ պլանն աբսուրդային է դառնում, երբ Թուրքիան դարձել է ապակայունացման ու ահաբեկչության էպիկենտրոն, Սիրիան ու Իրաքը փլուզման եզրին են, իսկ ԱՄՆ-ն դեռ չի սահմանել իր արտաքին քաղաքականությունը:

Ինչու՞ է Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ անում շտապել եւ ընդունել ռուսական ծրագիրը: Ինչու՞ է ասում, որ շուտով կարող է ուշ լինել: Միգուցե նա ինչ-որ բան գիտի Ռուսաստանի ապագայի եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Եվ, կոչ անելով շտապել, իրականում խորհուրդ է տալիս սպասե՞լ:

lragir.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara