Հենրիխ Մխիթարյանից լավ տղանե՞ր են մեր պաշտոնյաներն ու նրանց տղաները, թող գնան ու ծառայեն

0

Երբ հայրը մահացավ, Հենրիխ Մխիթարյանն ընդամենը 8 տարեկան էր։ Իր մանկության մասին ֆուտբոլիստն BBC-ին տված հարցազրույցում այսպես է ասել.

«Դա շատ ծանր էր։ Երբ ապրում էի Հայաստանում, երկրում շատ էին հարևան Ադրբեջանի հետ խնդիրները։ Մենք պատերազմական վիճակում էինք։ Ֆուտբոլիստ դառնալը և արտերկիր մեկնելը շատ բարդ էր, քանի որ ես, ինչպես ցանկացած քաղաքացի, պարտավոր էի ծառայել բանակում»։

Հոր մահից հետո դժվար չի պատկերացնել պատանու վիճակը։ Դժվար մանկությունը։ Բայց նա ընտանիքի բեռն իր ուսերին վերցրեց։ Պատմում է․

«Ես պատասխանատվություն զգացի ոչ միայն ընտանիքիս, այլ նաև Հայաստանի, ողջ հայության համար օրինակ լինելու հարցում։ Ես փորձում եմ օրինակ լինել նրանց համար, հպարտության օրինակ»։

Հենրիխ Մխիթարյանը ծառայեց բանակում։ Ծառայեց, որովհետև, ինչպես նա է ասում, «Մենք պատերազմական վիճակում էինք։ ․․․ Ինչպես ցանկացած քաղաքացի, պարտավոր էի ծառայել բանակում»։

Ակամայից համեմատություն եմ անցկացնում այն պաշտոնյաների, նրանց որդիների հետ, ովքեր բանակում չեն ծառայել ու բանակից են խոսում։ Բանակում պարտադիր ծառայելուց են խոսում։ Հենրիխը հիանալի խոսք է ասում՝ ես փորձում եմ օրինակ լինել։ Այսինքն ցանկացած մարդ իր օրինակով կարող է բարձր խոսել։ Իր օրինակով կարող է մարդկանց  վստահություն, հավատ ներշնչել։ Եթե ուզում ես, որ մարդիկ լսեն քեզ, քո ետևից գան, օրինակ ցույց տուր։

․․․ Եթե ուշադիր հետևել եք, հանրության բողոքը, ընդվզումը հենց այդ հողի վրա է։ Օրինակներ են բերում՝ այսինչ պաշտոնյան, նրա որդին չի ծառայել բանակում, թող լռի․․․ Չեն հավատում նրան։ Սխա՞լ են մտածում։

Ամենափոքր սողանցքն անգամ օգտագործվել է՝ հիմնականում ուսման հետ կապված, որպեսզի չծառայեն բանակում։ Եվ դա պատերազմական դժվար տարիներին։ Հիմա նույները բարձր պաշտոններ են զբաղեցնում ու «ամենաբարձրն են խոսում»։ Նրանք դիրք ունեն, պաշտոն, փող ու երկար լեզու։

Եթե ուշադրություն դարձրել եք, մեր պաշտոնյաների մեծ մասը գիտական բարձր կոչումներ ունեն՝ առանց գիտության հետ շփվելու։ Այդ կոչումները, ո՞վ չգիտի, նրանք չեն վաստակել, այլ դյուրությամբ շնորհվել է․․․ Ո՞ւմ է պետք այդ մեռյալ գիտությունը։ Իսկ եթե նրանք դա վաստակել են իրենց խելքով, թող գնան ու գիտությամբ զբաղվեն։ Բավ չէ, որ պատերազմական վիճակում խուսափել են բանակից, պետական միջոցները մսխել, հիմա էլ «գիտությամբ ներբեռնված իրենց ուղեղները թող ծառայեցնեն գիտությանը։

Լսենք Վիգեն Սարգսյանին․

«Տարկետման իրավունքի վերաբերալ ՊՆ քաղաքականությունը ներառված է «Պատիվ ունեմ» ծրագրում, «Պաշտպանության» և «Զինվորական ծառայության» մասին օրենքի նախագծերում :Առաջարկում ենք տարկետում տրամադրել այն քաղաքացուն, ով որոշում է կայացնում, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 3 տարի ծառայել որպես սպա, ստանալ դրա համար աշխատավարձ և ստանալ պետությունից լիովին փոխհատուցում, թե իր բակալավրիատի ուսուցման, թե հետագայում նաև մագիստրատուրայի, ընդ որում` նաև արտերկրի լավագույն բուհերում` «Լույս» ծրագրի շրջանակներում: «Սա արդար ծրագիր է», քանի որ բացառում է ինչպես տարկետման տրամադրման գործընթացում հնարավոր անարդարություններն, այնպես էլ կարողանում է կարգավորել մի շարք խնդիրներ»։

Այստեղ լուրջ սողանցք կա։

Տարկետման իրավունքը պետք է հանվի։ Տարկետմամբ երեք տարի ծառայելն էլ պետք չի։ Դրանք հիմնականում լինելու են պաշտոնյաների տղաները, ովքեր «փափկակենցաղ թղթային գունդ կկազմեն» և կոչումներ կստանան՝ հետագայում ավելի «հիմնավոր տեղավորվելու համար»։

Երեք տարի ծառայելու մեջ լուրջ սողանցք կա, որի մասին չի խոսվում․․․Ժամանակին ընդունելության քննություններին մի այսպիսի բան էի նկատել։ Բոլոր «ծանոթ ունեցողներին», մեղմ եմ ասում, գցում էին մի խումբ, որպեսզի հեշտ լինի «միատեղ անցկացնելը»։ Կարծում եմ ավելին պետք չի ասել, հասկանալի է։

Բոլորի նման թող նրանք էլ գնան և երկու տարի ծառայեն։ Ոչ նույն զորամասերում։ Մյուս կողմից, որպեսզի այս գործընթացը վստահություն առաջացնի, այն պաշտոնյաներն ու նրանց որդիները, ովքեր գիտությամբ են զբաղվել և բանակ չեն գնացել, պետք է «սահուն կարգով անցում կատարեն դեպի գիտությունը», որովհետև այսօր գիտությունը ավելի ծանր վիճակում է։

ՀԳ Հենրիխ Մխիթարյանից լավ տղանե՞ր են նրանք, թող գնան ու ծառայեն։ Անձնական օրինակով ցույց տան, որ բոլորը հավասար են։ Պիտի տարկետում վերցնեն, որ ապացուցե՞ն իրենց սերը, չեմ հասկանում․․․ Բա ասենք, պատերազմ է սկսվել, ու՞մ է առաջնային տրվելու զինվորական տարկետումը․․․ Բոլորն էլ տարկետում են ուզելու։

Մտածելն անգամ սարսափելի է։

Հասմիկ Բաբաջանյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache