«Հերոսի» խայտառակ անկումը

217

Lragir.am —  «Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է: ՀՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման առթիվ, որը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական կարգի խախտմամբ։ Ղարաբաղյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այս քայլն ավելի քան մտահոգիչ է», ասված է ՀՀԿ հայտարարության մեջ։

ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է Մանվել Գրիգորյանին անօրինական զենք-զինամթերք պահելու համար: Էջմիածնում մի քանի օր դրամատիկ իրադարձություններ են ծավալվում, ցուցարարները պահանջում են գեներալի քաղաքապետ որդու հրաժարականը:

Գեներալ Մանվելի հետ ձերբակալվել է նաեւ Դոն Պիպոն, ով այդ ցույցերի կազմակերպիչն է եւ հին հաշիվներ ունի գեներալի հետ: Նա նույնպես ձերբակալվել է անօրինական զենք-զինամթերք պահելու համար, ինչպես նաեւ «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը» հոդվածով:

Ըստ ամենայնի, ԱԱԾ-ն կանխել է երկու խմբավորումների միջեւ զինված բախումը, ինչի վերաբերյալ ակնարկներ կային նաեւ կողմերի հայտարարություններում:

ՀՀԿ-ն բնականաբար պաշտպանելու է իր խմբակցության պատգամավորին եւ իշխանության յուրացման գործում իր առանցքային դեմքերից մեկին՝ Մանվել Գրիգորյանին: Եվ բնականաբար հղում են անելու սահմանադրական նորմերին, թեեւ իրենց իշխանության օրոք այդ նորմը միայն քմծիծաղ էր առաջացնում: Բայց լավ է, որ ՀՀԿ-ն եկել է սահմանադրական գիտակցության՝ կյանքն է ստիպել:

Բայց կյանքը չի ստիպել հրաժարվել ՀՀԿ-ական ավանդական շանտաժից, որ առկա է վերոնշյալ հայտարարության հատվածից՝ Արցախի իրավիճակը: Դրա համար «ալիբի» կա՝ Մանվելի հերոսի կոչումն ու երկրապահ միությունը: Եվ ՀՀԿ-ական տրամաբանությունից բխում է, որ Մանվելի ձերբակալությունը բացասական ազդեցություն է ունենալու:

Նման մի հայտարարություն էլ տարածել է Երկրապահ միությունը, ըստ որի՝ գեներալ Մանվելի ձերբակալությունը թշնամուն ուրախության առիթ է:

Իսկ գուցե հակառա՞կը՝ Մանվելի պսակազերծումը դրակա՞ն ազդեցություն կունենա իրավիճակի վրա: Հիշվում է՝ ապրիլյան պատերազմի օրերին հարավային թեւի համանատարները Մանվելին մոտ չէին թողնում առաջնագծին եւ պահանջում էին, որ նա հեռանա իր շրջապատով հանդերձ, որոնք այդ օրերին մեղմ ասած խանգարում էին զինվորներին: Թե ինչեր են նրանք արել՝ չարժե գրել, բայց այդպիսի բաները չեն մոռացվում:

Ապրիլյան պատերազմը լիովին կոտրեց գեներալի՝ տարիներով խնամքով ստեղծված լեգենդը: Մանվելին 90-ականներին Հայաստանի այն ժամանակվա ռազմա-քաղաքական ղեկավարությունն ուղարկել էր հարավային ճակատ՝ «ռազմական հեղաշրջում» անելու եւ հրամանատարությունն իր ձեռքը վերցնելու համար: Նա չէր կարողացել իրականացնել այդ հրահանգը, իսկ տեղական հրամանատարներն իրավիճակը չսրելու համար փոխզիջման էին գնացել՝ ըստ որի՝ Մանվելը կարող էր մնալ չխանգարելու դիմաց:

Հարավային ճակատի հրամանատարները բազմիցս պատմել են այն մասին, թե ինչով էր զբաղված գեներալն իր շրջապատով այնտեղ, եւ կրկնելու կարիք չկա:

Պատերազմից հետո ստեղծվեց Երկրապահ միությունը, որը դարձավ իշխանության ռազմականացված գործիքը ներքին խնդիրներում՝ ընտրություններից մինչեւ հաշվեհարդարներ:

Հայաստանի ու Արցախի այն ժամանակվա ղեկավարությունը արժանիների կողքին հերոսի կոչումներ էին բաժանում յուրայիններին, իրենք իրենց, կերտելով պատերազմի ու պատմության սեփական մեկնությունը: Այդ հերոսները չարիք էին ու չարիք էլ մնում են մինչեւ հիմա, «պատերազմի իրավունքով» տիրանալով քաղաքական ու տնտեսական քվոտաների՝ իշխանության յուրացմանը մասնակցելու, այսինքն՝ պետական հանցագործության դիմաց:

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache