Հերթական «բռնկումը» հայ-ռուսական տիրույթում. Լավրովը որոշեց բարձրաձայնել

35

Երեկ հայ-ռուսական հարաբերություններում հերթական «բռնկումը» եղավ՝ Լելե թեփե ռուս քաղաքագետների այցից, Նիկոլ Փաշինյանի անունից ռուս պրանկերների միջազգային զանգերից ու Փանիկի միջադեպից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը որոշեց բարձրաձայնել Մոսկվայի վերաբերմունքը Հայաստանի նոր իշխանությանը:

Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը

«Ռուսաստանը, որպես Երեւանի դաշնակից միշտ էլ շահագրգռված է եղել հայկական պետության կայունությամբ, ուստի այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, չի կարող չանհանգստացնել մեզ, այդ թվում, ԱՊՀ տարածքում այն կազմակերպությունների խնդիրների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց Հայաստանը անդամակցում է»:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք բազմիցս մեր մտահոգությունը հայտնել ենք Հայաստանի ղեկավարությանը: Ակնկալում ենք, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կառուցողական ճանապարհով կընթանա»:

Նրա խոսքով, Մոսկվայում այս տարվա մայիսին Հայաստանի քաղաքական ճգնաժամի ժամանակ մեծ գոհունակությամբ նշում էին, որ արդյունքում այս ճգնաժամի լուծումը բոլոր առաջատար կուսակցությունների մասնակցությամբ փոխզիջման հիման վրա գտնվեց:

«Մենք հույս ունեինք, որ հաշվի առնելով նման արդյունքը, բոլոր քաղաքական ուժերը, նախեւառաջ Հայաստանի նոր ղեկավարությունը հետագայում էլ կզարգացնեն միասնական մոտեցումները, կամրապնդեն ազգային համաձայնությունը:

Սակայն վերջին օրերի իրադարձությունները ակնհայտ խախտում են նման դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններին, որ մտադիր չեն քաղաքական դրդապատճառներով իրենց նախորդների հետապնդումը կազմակերպել»:

Լավրովի հայտարարությունը մի կողմից կարելի է գնահատել որպես Հայաստանի նոր իշխանության հանդեպ անվստահության դիվանագիտական արտահայտում: Մոսկվայում հնարավոր է կարծում են, որ եթե նոր կառավարությունը չի կատարել նախորդներին չհետապնդելու խոստումը, վաղը կարող է նաեւ հրաժարվել արտաքին քաղաքական կուրսը չփոխելու խոստումից:

Լավրովի հայտարարությունն ունի նաեւ այլ, տհաճ կողմ: Ըստ էության, դա միջամտություն է Հայաստանի գործերին, ընդ որում ոչ միայն Հայաստանի քաղաքացիների քրեական հետապնդումների մասով: Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, ինչպես նաեւ ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանին մեղադրում են 2008 թ. մարտի 1-ին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար:

Այն ժամանակվա իրադարձությունների համատեքստում հաճախ է խոսվում «երրորդ կողմի», «օրենքից դուրս մարդկանց» միջամտության մասին, ովքեր կարող էին գնդակահարել մարդկանց: Ընդ որում, սլաքները հաճախ ուղղվում էին Ռուսաստանի կողմ, խոսվում էր նաեւ Ալֆա խմբի ներգրավման մասին: Եթե այս ենթադրությունները մոտ են իրականությանը, ուրեմն Մոսկվան թաքցնելու բան ունի: Ի վերջո, եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրեն 10 մարդու մահվան համար, հնարավոր է նա ինչ որ գաղտնիքներ բացի, ինչի մասին ակնարկել է Քոչարյանն ինքը:

Հայ-ռուսական հարաբերությունները, ցավոք, կառուցվել են իշխանական գործարքների, գաղտնի օպերացիաների ու կոռուպցիայի փխրուն հողի վրա, եւ մոսկվան չէր ցանկանա ցույց տալ «կեղտոտ սպիտակեղենը»: Միեւնույն ժամանակ, եվրասիական առանձին վերցրած երկրում հեղափոխությունը սկզբունքորեն անհնար է առանց այդ անմաքուր կապերը շոշափելու: Հայ-ռուսական տիրույթում «մաքրությունն» անխուսափելի է առանց փոխադարձ կշտամբանքների:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache