Լրահոս

Հերթական լարվածությո՞ւն, թե պատերազմի սկիզբ

 

Երեկ Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է հրետանային ու հրթիռային կայաններ, իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ:
«Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին», նշված է Արցախի բանակի հաղորդագրության մեջ:
Արցախի ՊՆ-ն նաեւ տեսանյութ է հրապարակել, որից երեւում է, որ հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացված կրակից հետո է հայկական կողմը պատասխան կրակ է բացել: ՊԲ հաղորդագրությունը նշում է, որ որ Ադրբեջանը իր կրակակետերը «սովորության համաձայն տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը»:
Ադրբեջանը հաստատել է այս տեղեկությունը, նշելով, որ զոհվել են կին եւ երեխա: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանն իր կրակակետերը տեղակայում է բնակավայրերում եւ զգուշացրել, որ այդ դեպքում հետեւանքների պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:
Ի՞նչ է սա, հերթական լարվածությո՞ւն սահմանին, թե ռազմական գործողությունների սկիզբ:
Հուլիսի 11-ին նախատեսվում է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, եւ սովորաբար նման հանդիպումներից առաջ Ադրբեջանը լարում է վիճակը սահմանին:
Մյուս կողմից, ներկայում մի շարք նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք խնդրի կարգավորման գործընթացը հանգեցրել են որոշակի իրավիճակի. Բաքվին արգելվել է լայնամասշտաբ պատերազմը, մյուս կողմից օրակարգում Արցախի կարգավիճակի ճանաչման ու սահմանին զսպման մեխանիզմների տեղակայման խնդիրն է:
Բաքուն հրաժարվում է այդ օրակարգից, մյուս կողմից, արտաքին շահագրգիռ կողմերը եկել են այն ընկալմանը, որ խնդիրը կարող է կարգավորվել միայն Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչմամբ: Ընդ որում, փորձագետները չեն բացառում, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ կարող է դիտարկվել «փոքր պատերազմի» միջոցով խնդիրը հանգուցալուծելու տարբերակը:
Իր հերթին, ռուսական փորձագիտական շրջանակներում վերջին շրջանում հաճախակի են դարձել Արցախի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ կանխատեսումները: Ընդ որում, հաճախակի նշվում է այնպիսի սցենար, ըստ որի հայկական կողմը գրավում է նոր տարածքներ եւ այդ դիրքերից է խոսում Ադրբեջանի հետ:
Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, թե չի կարդացել այդ հրապարակումները: Նա ասել է, որ հայկական կողմն ի վիճակի է կանխել պատերազմը, իսկ վերսկսելու դեպքում էլ կազմակերպել պաշտպանություն:
Արդյոք Ռուսաստանը կարող է շահագրգռված լինել նոր պատերազմով, այդ թվում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարցեր «կարգավորելու» նպատակով: Ռուսաստանը Ադրբեջան է առաքել զենքի հերթական խմբաքանակը, որը հիմնականում պաշտպանական բնույթի է:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing