Հետախուզվողը հայտնաբերվել է՝ մահացած

2

Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ- ի Վանաձորի մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերի գողության գործով հայտնաբերվել է հետախուզվող մեղադրյալը մահացած:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հետախուզվողը այցելել է կնոջ գերեզմանը, որի մոտ էլ հայտնաբերվել է մահացած:

Մեր տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից: Նշենք, որ տղամարդը հետախուզման մեջ էր գտնվում հունվարի 8-ից։

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ 2018թ. հունվարի 1-ին «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈՒՎԿ Վանաձորի մասնաճյուղի կառավարչից ահազանգ էր ստացվել, որ գրասենյակից կատարվել է գողություն: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տեղում պարզել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, Ամանորի գիշերը՝ 2018 թվականի լույս հունվարի 1-ին, մուտք է գործել գրասենյակ, բացել չհրկիզվող պահարանը և հափշտակել առկա կանխիկ գումարը և քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ,մեխանիզմը:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարված առանձնապես խոշոր չափերի   հափշտակությանն առնչություն է ունեցել վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչը, հստակեցվել նրա դերակատարության աստիճանը։ Նախնական քննության տվյալներով՝ գողության իրականացումը ծրագրվել է դեռևս  2017 թվականի օգոստոսին՝ կառավարչի նախաձեռնությամբ, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերել մեկ այլ քաղաքացու հետ, ով Երևանի բնակիչ է, իսկ գողությունը կատարվել է երկու փուլով։ Նախ՝ 2017թ. դեկտեմբերի 29-ի երեկոյան՝ մասնաճյուղի աշխատակիցների հեռանալուց հետո, կառավարիչն անջատել է թվային տեսագրության համակարգը և դրամապահոցից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերը և առկա առանձնապես խոշոր չափերի գումարը:

Ապա՝ պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հունվարի 01-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, մյուս քաղաքացին, մասնաճյուղի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել գրասենյակ, անջատել անվտանգության համակարգը, իր մոտ գտնվող կրկնօրինակ բանալիով բացել դրամապահոցի դուռը, գաղտնի հափշտակել մնացած ոսկյա զարդերը և գումարը:

Քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են կառավարչի կողմից դեկտեմբերն 29-ին հափշտակված գումարը և ոսկյա զարդերը։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մասնաճյուղի կառավարչին  եւ գողոնը պահած նրա ընկերոջը մեղադրանք էր առաջադրվել, իսկ  Երևանի բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache