Հետընթաց. Կառավարությունը հայտնվել է սեւ ցուցակում

1

Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելով՝ կառավարությունը դեմ կգնա իր որդեգրած սկզբունքներին ու միջազգային կառույցների նկատմամբ ստանձնած պարտավորություններին: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Լիանա Դոյդոյանը:

Նա հիշեցնում է, որ Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության շրջանակներում Հայաստանը պարտավորություն էր ստանձնել, որ անգամ 20 հազար և ավելի բնակիչ ունեցող բոլոր համայնքների ավագանիների նիստերը պետք է առցանց հեռարձակվեն:«Նախանցած տարի կառավարության նիստերի առցանց հեռարձակման մասին էր խոսք գնում: Այսինքն՝ տեսեք, օնլայնից միանգամից գնում ենք դռնփակի»,- ասաց Դոյդոյանը:Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծով նախատեսված է ապրիլից հետո կառավարության նիստերը դռնփակ անցկացնել:

Այս նախագիծն ընդունվել էր կառավարության նախորդ նիստում, որով սահմանվում է, որ նախարարները կառավարության նիստերից հետո լրագրողների հետ կարող են խոսել միայն կառավարության ղեկավարի հանձնարարականով:Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հերքել էր տեսակետները, թե սա ժողովրդավարությանը դեմ քայլ է: Նրա խոսքով՝ աշխարհի շատ երկրներում է գործում այս կարգը:«Տարբեր երկրների օրինակներ կարելի է բերել՝ առանց հաշվի առնելու այդ երկրների իրավիճակն ու անցած ճանապարհը:

Երկրորդ, ամենակարևոր բանն այն է, որ եթե մենք մի քայլ առաջ ենք, դա չի նշանակում, որ պետք է նայենք մյուսներին, թեկուզ զարգացած երկրներին և հետընթաց արձանագրենք: Կառավարության նիստերը բաց անցկացնելը մեկ քայլ առաջ է եղել: Ժամանակին ամերիկացի լրագրողները զարմանում էին, թե ինչպես են մեզ մոտ դատական նիստերը բաց անցկացվում, որովհետև իրենց մոտ փակ էին: Եվ մեր իշխանությունները դա ներկայացնում էին որպես լուրջ առաջընթաց»,- ասում է Լիանա Դոյդոյանը:Նա հարցադրում է անում՝ ի՞նչ է նշանակում, որ կառավարության ղեկավարը պետք է որոշի կառավարության անդամը նիստերից հետո ինչ խոսի կամ չխոսի:«Մենք միշտ ասել ենք՝ նույնիսկ պրիմիտիվ բաները մի թաքցրեք, բաց աշխատելը շատ ավելի հարմար է ձեզ համար:

Հիմա արդեն լրագրողները կառավարության որևէ անդամից չեն կարող որևէ հարցազրույց տանալ: Անընդհատ նախարարները կասեն՝ այս հարցը նիստում քննարկվելու է, սպասեք ես ստանամ հանձնարարություն, նոր կխոսեմ այդ մասի»,- նշեց նա:Կառավարությունն այս քայլը հիմնավորում է նրանով, որ լրագրողների ներկայությամբ կառավարության նիստերում իրական բանավեճ չի լինում, լրագրողները կաշկանդում են կառավարության անդամներին ազատ արտահայտելու իրենց տեսակետները, քննադատելու գործընկերներին: Լիանա Դոյդոյանի խոսքով՝ այդ հիմնավորումը ծիծաղելի է, քանի որ կառավարությունը նրանց տունը չէ, նրանք երկրին ու հանրությանը վերաբերող որոշումներ են ընդունում, մարդիկ պետք է իմանան:Նա նշում է, որ կառավարությունը երկար էր պատրաստվել այս քայլին:«Սա երկար ժամանակ կառավարության կողմից նկատվող դիրքորոշում է: Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ կառավարությունը Տեղեկատվության ազատության մասին օրենքի ամենավատ կատարողն է: Առաջինը, պրակտիկ հրապարակման տեսանկյունից մենք իրենց կայքն ենք ուսումնասիրել, կայքում 13 խումբ պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները չկային:

Երբ ասում ենք՝ ինչո՞ւ աշխատակազմի հաստիքացուցակը չի հրապարակվում, զարմանում են: Երկրորդ, հարցումներին պատասխանելու առումով 2017 թվականին կառավարությունը մտել է սև ցուցա»,- ասաց նա:Այսինքն, ըստ Դոյդոյանի, կառավարության աշխատակազմի գոծունեությունն արդեն իսկ վերջին մեկ տարում հետընթաց էր արձանագրել: Եվ հիմա այս նախագծով իրավիճակը կբարդանա:«Ես կարծում եմ, որ գոնե Ազգային ժողովում այս նախագիծը չի ընդունվի կամ լրագրողներն ու քաղհասարակությունն ինչ-որ քայլեր պետք է անեն, որպեսզի այս սահմանափակումը չգործի»,- հավելեց մասնագետը:Նա մի կարևոր դիտարկում էլ է անում՝ այս նախագիծը դեռևս մինչև փետրվարի 8-ը հանրային քննարկման է դրված www.e-draft.am կայքում: Այնինչ, կառավարությունն այն արդեն հաստատել է: Այսինքն, նրա խոսքով, հանրային քննարկում ասվածն իրականում ձևական բնույթ է կրում կառավարության  համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache