Լրահոս

Հետընտրական ցնցում այդուհանդերձ եղավ

 

Խորհրդարանի ընտրության ապրիլի 2-ի քվեարկությունից հետո դիտարկումների, գնահատականների, մեկնաբանությունների մեջ զգալի տեղ ունի այն, որ Հայաստանում տեղի չունեցան հետընտրական զարգացումներ, առավել եւս հետընտրական ցնցումային գործընթացներ:

Ընդ որում, այդ հանգամանքը շատ դեպքերում դիտվում է իրեւ աննախադեպ, իբրեւ առաջին անգամ, ինչը թերեւս վրիպում է:Հայաստանում խորհրդարանի առնվազն վերջին երեք ընտրություններին չեն հաջորդել հետընտրական զարգացումներ կամ ցնցումներ՝ 2007, 2012, 2017: Հետընտրական մեծ վերապահումով զարգացում կարող է դիտվել 2003 թվականի ընտրությունից հետո Արդարություն դաշինքի մի քանի հանրահավաքը:Խորհրդարանի ընտրությունից հետո հետցնցման բացակայությունը Հայաստանում նոր երեւույթ չէ, այն նույնիսկ օրինաչափ երեւույթ է:

Հետընտրական զարգացում եղել է նախագահի ընտրություններից հետո: Իհարկե, քաղաքական ուժերի մի զգալի մասը 2017 թվականի ընտրությանը փորձում էր տալ հենց այդպիսի նշանակություն, հանրությանն ասելով, թե այլեւս չի լինելու նախագահի ընտրությունը՝ Սահմանադրությամբ դա հանված է:Բայց, անկախ այդ փորձերից, հանրությունն առնվազն իներցիայի ուժով խորհրդարանի ընտրությունն ընկալել է հենց խորհրդարանի ընտրություն եւ դեռ հարց է, թե արդյոք երբեւէ ընկալելու է այն իբրեւ «նախագահի» ընտրություն: Ու նաեւ հարց է, թե արդյոք պետք է, որ հանրությունը խորհրդարանի ընտրությունն ընկալի այդպես:Բանն այն է, որ Հայաստանն անցում է կատարել կառավարման խորհրդարանական մոդելի, իսկ դա ժամանակի ընթացքում նշանակելու է քաղաքական հարաբերությունների, մշակույթի, նաեւ իշխանական համակարգի լրջագույն տրանսֆորմացիա:

Ըստ այդմ, հասարակությանը պետք է կապել ոչ թե «նախագահի ընտրության» անձնավորված, ինչ որ իմաստով «մոնարխիզացված» մտածողությանն ու պատկերացումներին, այլ պետք է անել հնարավորը հանրային մտածողությունն անձնավորվածությունից դուրս բերելու եւ նոր քաղաքական իրողություններին առավել համարժեք եւ համընթաց դարձնելու համար:Հետընտրական զարգացումների բացակայությունը «անձնավորվածության» մտածողության տրամաբանությունից ընկալվում կամ դիտվում է իբրեւ բացասական, հետընթաց հանգամանք:

Մինչդեռ, հետընտրական զարգացման բացակայությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացի եզակի դրական հանգամանքներից մեկն է: Ինչպես ցույց է տվել փորձը, Հայաստանի ներքաղաքական կյանքում չկա առավել սպեկուլյատիվ մի երեւույթ, քան եղել են հենց այդ հետընտրական զարգացումները նախագահի ընտրություններից հետո: Ընդ որում, դրանք եղել են երեւույթներ, որոնց վրա այս կամ այն կերպ դուրս են գրվել նաեւ տարբեր քաղաքական եւ ներքաղաքական հին գործարքների հաշիվներ կամ գրվել նորերի մուրհակները:

Դրանք, բացի հանրային հիասթափության, քաղաքականություն երեւույթի դեմ անտարբերության եւ իշխանության դեմ խաղ չլինելու հոգեբանական համոզման նոր ալիքից, չեն հանգեցրել ոչնչի, իբրեւ պատմություն դառնալով նաեւ քաղաքական տարբեր ուժերի մակաբուծության դաշտ:Հետընտրական զարգացման «սինդրոմը» փաստացի հանդիսացել է քաղաքական ամբողջական ցիկլերում քաղաքական ուժերի պորտաբուծության կամ պարզապես անարդյունավետ, անհամարժեք վարքագծի արդարացման կամ քողարկման տարր:

Հետեւաբար, այդ սպեկուլյատիվ երեւույթի, սպեկուլյատիվ սպասման բացակայությունը ընդամենը նոր եւ պարտավորեցնող միջավայր կլինի քաղաքական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների համար, որպեսզի նրանք հանրային քաղաքականության գործընթացը փորձեն լցնել առավել երկարաժամկետ, առավել ռազմավարական, առավել բովանդակային եւ ծրագրային հաշվարկներ պարունակող ամբողջական, ցիկլային նախաձեռնություններով:Այդ իմաստով, Հայաստանում հետընտրական ցնցում գուցե այդուհանդերձ եղավ՝ սպեկուլյատիվ սպասումներից ձերբազատվելու իմաստով:

Պարզապես հետընտրական սպեկուլյացիաների հետեւանքով խորացած անտարբերությունը ունակ չէ զգալ իրապես ցնցող քաղաքական շարժերը: Հարցն այն է, թե ով ինչ նոր սպասում ձեւավորելու է ունակ նոր իրավիճակում:Բացառված չէ իհարկե, որ նոր իրավիճակում անելանելիությունը մի շարք ուժերի հանգեցնի այդուհանդերձ սպեկուլյատիվ սպասումների վերականգնման շուրջ կոնսենսուսի:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing