Լրահոս

«ՀՀ-ի իշխանություններն ինչ-որ ատամներ էին ուզում ցույց տալ ՌԴ-ին, բայց այդ ատամները կարող են վերջում շատ բացասական ազդեցություն ունենալ»

 

Ervand-Bozoyan

168.am-ը գրում է. Ընդհանուր առմամբ, Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը կարելի է դրական գնահատել, սակայն մտահոգիչ խնդիր կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Համախմբում» կուսակցության անդամ Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով՝ Վիեննայում կայացած հանդիպման նպատակն էր՝ լիցաքաթափել այն լարված իրավիճակը, որ առաջացել էր տարածաշրջանում ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո:

«Բնականաբար, Վիեննայում վերջնական արդյունքների սպասելը վաղաժամ էր, որովհետև պատերազմից հետո միջնորդները հասկանում էին, որ որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ բանակցություններ հնարավոր չէր անցկացնել, քանզի գլխավոր նպատակն իրավիճակը լիցքաթափելն էր: Այդ իմաստով մեզ համար կարևորագույն ձեռքբերում էր այն, որ, ըստ էության, ադրբեջանական կողմին չհաջողվեց 1994թ., 1995թ. զինադադարի պայմանագիրը չեղյալ համարել և ըստ էության հիմք ընդունել վերջերս՝ ապրիլի 5-ին, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների ընդհանուր հայտարարությունը նոր հրադադարի վերաբերյալ: Այսինքն՝ Ադրբեջանը փորձում էր այդ խնդիրը լուծել, բայց նրանց չհաջողվեց: Երկրորդ խնդիրը կայանում էր նրանում, որ թե՛ Հայաստանը, թե՛ միջնորդները պնդում էին, որ պետք է ուժեղացնել մոնիտորինգը շփման գծի մոտ, և ստեղծվեն անվտանգության համակարգեր, որոնք, ըստ էության, թույլ կտան կանխարգելել հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը, և ճշգրիտ տեսանելի կդարձնի, թե որ կողմն է ավելի ագրեսիվ դրսևորում»:

Այդ իմաստով, ըստ Բոզոյանի՝ նույնպես ողջունելի է այն փաստը, որ փաստացի Ադրբեջանը դիմադրում էր այս խնդրին, սակայն միջնորդների պնդմամբ՝ այդ դրույթն ընդունվեց:

«Դուք գիտեք, որ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը վերջին օրերին հայտարարեց, որ իրենք սա ընդունել են պայմանով, որ բանակցային գործընթացներն անպայման ընթանալու են, և կոնկրետ նախագիծ է քննարկվելու հունիս ամսվա ընթացքում:

Ըստ էության, ադրբեջանական կողմը հատուկ ընդգծեց, որ պայմանով է սա ընդունում, հակառակ դեպքում Բաքուն հայտարարում է, որ, եթե սա ընդունվի առանց բանակցային գործընթացի վերսկսման, ապա կնշանակի, որ խնդիրը սառեցվելու է, ինչին Ադրբեջանը կտրականապես դեմ է: Այդ իմաստով, եթե ընդհանուր առմամբ գնահատենք Վիեննայի հանդիպումը, կարելի է դրական գնահատել, սակայն մտահոգիչ խնդիրը կայանում է նրանում, որ միջորդները, պնդելով, որ բանակցությունները պետք է շարունակել և հունիսին անպայման պետք է երկու նախագահների միջև հանդիպում լինի, նշում են, որ արդեն պետք է կոնկրետ քննարկվի, թե կողմերն ինչ աստիճանի զիջումների են պատրաստ՝ ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի այն կարմիր գիծը, որով պետք է բանակցություններն ընթանան: Այստեղ ամենամտահոգիչն այն է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարեց, որ իր համար գոնե տեսանելի է, որ, ըստ էության, ամենաարդյունավետ տարբերակը կլինի խնդրի փուլային լուծումը, ինչին, փաստացի, կարելի է ասել, որ աջակցում են նաև միջնորդները:

Այս իմաստով դա մեզ համար լուրջ մարտահրավեր է»,- ասաց նա: Նրա խոսքով՝ միջնորդների համար շահավետ չէ մեծ պատերազմ, բոլորը տեսնում էին, որ փոքր պատերազմից կարող է մեծ պատերազմ ծնվել:

«Ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Եվրամիությանը մեծ պատերազմ պետք չէ՝ տարբեր պատճառներով, և նրանք լրջագույն մտավախություն ունեն, որ մեծ պատերազմը կարող է բռնկվել: Բոլորը հասկանում են՝ մեծ պատերազմի ամենամեծ սպառնալիքն Ադրբեջանն է»,- ասաց նա ՝ նշելով, որ, որպեսզի մեծ պատերազմ չլինի, նրանք փաստացի փորձում են որոշակիորեն բավարարել Ադրբեջանի պայմանները:

«Փաստացի այսպիսի վտանգավոր իրավիճակ է առաջացել: Ինչո՞ւ է առաջացել այս իրավիճակը: Այն առաջացել է այն բանի պատճառով, որ առաջացել է ռազմական բալանսների փոփոխություն: Այսինքն՝ Ադրբեջանն այս վերջին տարիների ընթացքում ուժեղացել է: Քանի որ ուժեղացել է, արդեն ուժի դիրքերից սպառնում է մեծ պատերազմով և հայտարարում է՝ եթե չեք ուզում մեծ պատերազմ, պետք է զիջումների գնաք»,- ասաց Երվանդ Բոզոյանը՝ նշելով, որ երկու խնդիր ունի Հայաստանը՝ ինչպե՞ս անել, որպեսզի վերականգնվի բալանսը, և դիվանագիտական ճակատում ճնշումներին կարողանանք դիմակայել. «Մենք պետք է օբյեկտիվորեն հասկանանք, որ միջնորդները ոչ թե հակված են ադրբեջանական դիրքորոշմանը, այդ պատճառով են փուլային տարբերակ առաջարկում, այլ նրանք պարզապես տեսնում են, որ բալանսը փոխված է՝ ի օգուտ Ադրբեջանի, Ադրբեջանը սպառնում է պատերազմով, և միջնորդները, փորձելով կանխել այդ մեծ պատերազմը, փորձում են առաջարկել տարբերակներ, որոնք կբավարարեն Ադրբեջանին»: Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի՝ ժամանակ շահելու համար, որպեսզի վերականգնի ռազմական բալանսը, առանց որի՝ հնարավոր չէ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի. պատերազմները սկսվում են բալանսի փոփոխության պաճառով, ավարտվում՝ բալանսի փոփոխության արձանագրումով: Նա նշեց, որ, եթե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի համար տարածք է, մեզ համար անվտանգության խնդիր է:

Երվանդ Բոզոյանի խոսքով՝ որպեսզի իշխանությունները տուրք չտան դրսի ճնշումներին, պետք է ճնշման մեխանիզմ ստեղծի հայ հասարակությունը: «Նույնիսկ իշխանությանն էլ է շահավետ, որ Հայաստանում ճնշման ուժեղ մեխանիզմ լինի, որպեսզի փորձի հիմնավորել դրսին, որ այդ ճնշումների տակ չի կարող փոխզիջումների գնալ: Մի վառ օրինակ բերեմ: Հայաստան այցի ժամանակ Լավրովը տեսավ, որ Հայաստանում մեծ ճնշում կա, Հայաստանում մթնոլորտ է փոխված, և եթե, ըստ էության, նախկինում ռուսներն ավելի հստակ էին պահանջում, որպեսզի փուլային տարբերակը կիրառվի, և խաղաղապահ զորքեր տեղակայվեն տարածքների զիջման դիմաց, այսօր արդեն ավելի զգուշորեն են տրամադրված»,- ասաց նա:

Նա նշեց, որ ժողովրդի համար անսպասելի էր ապրիլյան պատերազմը. «Երկրորդ անսպասելին՝ մարդիկ տեսան Ադրբեջանի տեխնիկական առավելությունը: Երրորդ անսպասելին այն էր, որ հասարակությունը ոչ լավ իմաստով զարմացած էր Ռուսաստանի դիրքորոշումից: Հասարակության մեջ ակնկալիք կար, որ Ռուսաստանը բոլոր հարցերում պետք է պաշտպանի հայկական կողմին: Վերջին երկու կետում էլ հասարակությունը մեղավոր չէ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է պատասխանատվության խնդիր դնենք: Ռուսական շրջանակները միանշանակ պնդում են, որ իրենք միշտ զգուշացրել են Հայաստանի իշխանություններին, որ Ռուսաստանը Հայաստանին պաշտպանում է Թուրքիայից:

Եթե Թուրքիան ներխուժեր այս կոնֆլիկտի մեջ, ապա Հայաստանը միանշանակ չէր կարող դիմակայել: Բոլորս էլ հասկանում ենք՝ Թուրքիայի պոտենցիալը շատ ավելի մեծ է: Ռուսաստանը միշտ պաշտպանել է արտաքին վտանգներից, և դա մեծ ներդում է Հայաստանի անվտանգության համար: Բայց Ռուսաստանը միշտ զգուշացնում էր, որ Ադրբեջանի հետ խնդրում չի ուզենա որևէ մեկի կողմն անցնել, որովհետև, եթե Ռուսաստանն անցնի Հայաստանի կողմը, ապա Ղարաբաղը կդառնա համակարտության աշխարհաքաղաքական խնդիր, Ադրբեջանին բացահայտ կսկսի աջակցել Թուրքիան, Թուրքիային բացահայտ կսկսեն աջակցել այն ուժերը, որոնք դիմակայում են Ռուսաստանին, և ղարաբաղյան կոնֆլիկտն աշխարհաքաղաքական կոնֆլիկտ կդառնա, որից կտուժի ոչ միայն՝ Ռուսաստանը, այլև՝ Հայաստանը»:

Նա նշեց, որ նկատում է միտում, որ ժողովրդին և հասարակությանը տրամադրեն Ռուսաստանի դեմ. «Այստեղ շատ վտանգավոր տենդենց կա: Օրինակ բերեմ՝ նույն Եվրատեսիլյան քվեարկությունը վառ օրինակն էր, որ, ըստ էության, Հայաստանի իշխանություններն ինչ-որ ատամներ էին ուզում ցույց տալ Ռուսաստանին, բայց այդ ատամները կարող են վերջում շատ բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի համար: Այսինքն՝ կրակի հետ են խաղում և չեն էլ հասկանում, թե ինչքան լուրջ կրակ է սա: Ես ուզում եմ մեր հասարակության համար շեշտել, որ այդ խաղերը ոչ մի լավ բան չեն հուշում մեր ժողովրդի համար, որովհետև, եթե մենք փչացնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, ես միանշանակ ասում եմ, որ մենք լուրջ վտանգների առաջ կկանգնենք»:

Նա կարծիք հայտնեց, որ մոտակա 20-25 տարիների ընթացքում խնդիրը չի լուծվի, պետք է սերունդներ փոխվեն, որպեսզի առկա ատելությունը կոտրվի: Խնդիրը պետք է սառեցնել, ապա սկսել ժողովրդական դիվանագիտության քաղաքականություն, հատկապես Ադրբեջանում պետք է վերացնել հակահայկական տրամադրությունների սերմանումը: Եթե նորմալ հարաբերություններ լինեն, կարող ենք խոսել զիջումների մասին:

Աղբյուրը <a href=»http://168.am/2016/05/23/640117.html#.V0Lxz90ypKQ.facebook»>© 168.am</a></br>

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing