ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

176

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գեւորգյանին, մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Այդ մասին հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ ԱԱԾ-ի աշխատակիցները «Մարտի 1-ի» գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն էին կատարել Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում:

Հայտնաբերվել էր զինամթերք, որը ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով, կարող է կիրառված լինել 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում: «Նման վարկած կա, որը ստուգվում է»,- ասել էր Վանեցյանը:

Խուզարկությունից հետո ձերբակալվել էին Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյան, եւ վարորդ Ամբիկ Գեւորգյանը: Այնուհետեւ նույն մեղադրանքն էր առաջադրվել նաեւ Հենրիկ Աբրահամյանին, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

ՀՔԾ-ից նշում են, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ամբիկ Գեւորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: «Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք նաեւ, որ Հովիկ Աբրահամյանն արձագանքել էր ԱԱԾ-ի բացահայտմանը՝ հերքելով Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի հետ իր կապը: Նա հայտարարել էր, որ կապ չունի այդ գործարանի հետ եւ այն իրեն չի պատկանում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache