Լրահոս

ՀՀ-ում ամենաքննադատվող կառույցը նախագահականն է, ամենաքննադատվող անձը՝ ես. Նախագահ

 

Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ-ի անունից շնորհավորեց Սերժ Սարգսյանին ՄԳԻՄՕ-ի Պատվավոր դոկտորի կոչում ստանալու կապակցությամբ:

Նախագահը ելույթ չունեցավ, սակայն պատասխանեց հարցերին։

«Հաշվի առնելով երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները՝ ես որոշել եմ ելույթ չունենալ, բայց այնուհանդերձ կպատասխանեմ հարցերին և խնդրում եմ, որ պատասխաններս չընկալվեն որպես քարոզչություն»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահին փոխանցված հարցերից մեկը վերաբերում էր հետազոտական սարքավորումների արդիականացմանը, որին ի պատասխան Նախագահն ասաց. «Ակնհայտ է՝ եթե ժամանակակից չէ, ոչ լիարժեք է սարքավորումը, գիտական գործունեություն ծավալել հնարավոր չէ, բայց որքանով տեղյակ եմ՝ տրվող ֆինանսավորման մեջ հաշվի են առնվում սարքավորումները: Եթե խոսքը գնում է կոնկրետ գումարի մասին, ապա գիտահետազոտական ինստիտուտը պետք է ծրագիր ներկայացնի լրացուցիչ ֆինանսավորման համար»:
Նախագահին տրված հաջորդ հարցը վերաբերում էր ԳԱԱ-ին ուղղված քննադատությանը։

«Նախ ինչ վերաբերում է քննադատությանը, ապա մեր հասարակության մեջ որևէ մեկն ապահովագրված չէ քննադատությունից և զերծ չէ քննադատությունից: Կարծում եմ՝ այս երկրում ամենաքննադատվող հաստատությունը նախագահականն է, ամենաքննադատվող անձը ես եմ: Այդ քննադատությունից որևէ մեկը հաճույք չի ստանում, միայն երևի թե մազոխիստները կարող են քննադատությունից հաճույք ստանալ, բայց այնուհանդերձ որոշ քննադատությունների մեջ, եթե դրանք չարությամբ լեցուն չեն, ուղղված են աշխատանքներն ուղղելուն, միշտ կարելի է գտնել ռացիոնալ հատիկ»:

Նախագահն ասաց, որ համամիտ չէ այն դիտողության հետ, թե ԳԱԱ-ն Հայաստանին պետք չէ և սպառել է իրեն. «Ես չեմ կիսում այդ մոտեցումը, եթե այդ տեսակետը կիսեի, ապա քայլեր կձեռնարկվեին։ Ուղղակի պետք է օպտիմալացնել այն մասը, որտեղ արդյունք չկա: Մեր կողմից նման մոտեցում չի եղել և չի լինելու»:

Անդրադառնալով ԳԱԱ-ին քննադատողներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ հիմա անցումային ժամանակահատված է, մարդիկ խոսում են թեմաներից, որից գաղափար չունեն։

«Խնդիրն այն է, որ գաղափար չունեն թեմաներից, բայց հեռուստադիտողի աչքին նայելով՝ սուտ են ասում, թվեր են նկարում: Նույնն է գիտության պարագայում, հանդուրժող եղեք, ակտիվություն ցուցաբերեք, ինքներդ խոսեք հաջողության մասին: Սա էլ երկրորդ խնդիրն է, որ շատերը չեն ցանկանում հրապարակավ հակադրվել տգետներին, չեն ցանկանում, որովհետև վախենում են, որ Facebook-ով, այլ կայքերով կսկսեն խոսել։ Հիմա, եթե ուզում ենք մեր տեսակետը պաշտպանել, պիտի անենք դա»,-ասաց նա։

Երկաստիճան կրթական համակարգից միաստիճան կրթական համակարգին անցնելու վերաբերյալ հարցին և դիտարկմանը, թե այն կբերի խնդիրների, Սերժ Սարգսյանն ասաց, որ դրանք դեռ զուտ խոսակցություններ են, և օրենսդրական նախագիծ չկա. «Այս հարցում իմ մոտեցումն այն է, որ մենք համահունչ պետք է լինենք եվրոպական գիտական միջավայրին»:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

tert.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing