ՀՀԿ-ականները հարյուրներով սկսել են լքել կուսակցությունը. ՀՀԿ դատավճիռը

166

lragir.am — ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով խմբակցությունից պատգամավորների դուրս գալուն, ասել է. «Մենք ենք հորդորել, որ նրանք, որոնք ձեր ձեւակերպմամբ բիզնեսի մարդիկ են, եթե կլինեն խանգարող հանգամանքներ, իրենք ազատ են, կարող են գնալ»: Հարցին, քանի մարդ կմնա խմբակցությունում, Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ եթե իրենք շատ չստիպեն՝ 54 հոգի:

Վահրամ Բաղդասարյանը խոստովանում է, որ կուսակցության անդամները, այդ թվում՝ օլիգարխ պատգամավորները խնդիրների են բախվում եւ ստիպված են հեռանալ կուսակցությունից:

Մինչդեռ, մեր տվյալներով, կուսակցության շարքային անդամները, հատկապես, ուսուցիչները, բուժհաստատությունների աշխատակիցները հարյուրներով դիմումներ են ներկայացնում կուսակցությունից դուրս գալու մասին: ՀՀԿ-ն, իհարկե, կարող է 54 մանդատ պահպանել խորհրդարանում մինչեւ ընտրությունները, սակայն կարող է հետ նայել եւ տեսնել, որ երբեմնի 150 հազարանոց կուսակցությունից մնացել է 150 մարդ:

ՀՀԿ-ն մահանում է բնական մահով: Դրանում տարօրինակ բան չկա, կուսակցությունները մարդկանց պես մահկանացու են: Հարցն այն է, արդյոք ՀՀԿ-ից գոնե գաղափարական մաս կմնա, ինչպես ասում է Էդուարդ Շարմազանովը, եւ կմասնակցի արտահերթ ընտրություններին: Եթե այսպես շարունակվի, ապա հանրապետականները կհայտարարեն ինքնալուծարման մասին եւ կհրաժարվեն ընտրություններին մասնակցելուց:

Թավշյա հեղափոխության ժամանակ ՀՀԿ ոչ մի անդամ չի պաշտպանել իր կուսակցությունը, նրա 150 հազար անդամները հանրահավաքի դուրս չեն եկել: Առաջին հանրապետականը, որի օգտին ակցիա է իրականացվել, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր: Նա, ինչպես նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, կարողացել են որոշ քանակությամբ մարդ դուրս բերել փողոց:

ՀՀԿ-ն, իհարկե, կփորձի գոյատեւել իր հավատարիմ անդամների շնորհիվ: Վահրամ Բաղդասարյանը հարգանքի է արժանի կուսակցության իդեալներին հավատարմության համար: Նա օլիգարխական թեւին չի պատկանել եւ փորձել է գոնե ինչ-որ ազգայնական-գաղափարական երանգ հաղորդել քրեական օլիգարխիային:

Տարոն Մարգարյանը եւս պակաս հավատարիմ չէ կուսակցական շահերին, ով ՀՀԿ-ն համարում է իր ոստանը, որովհետեւ դրա ակունքներում իր հայրն էր: Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ում ավելի շատ արմատներ ունի, քան ցողուն, եւ նա հավանաբար կցանկանա պահպանել իր հոր ժառանգությունը:

Մյուս բոլորը հավանաբար թքած ունեն ՀՀԿ ճակատագրի վրա. կար կուսակցություն, չկա կուսակցություն: Հունիսի 7-ին ՀՀԿ-ն եւս մեկ քննություն պետք է անցնի: Եթե խմբակցությունը միաձայն հավանություն տա Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, ապա ստիպված է լինելու միաձայն կողմ քվեարկել արտահերթ ընտրություններին: Եթե մերժի ծրագիրը, խորհրդարանը կցրվի, եւ ՀՀԿ-ն վերջնական կմեռնի:

Կառավարության ծրագիրն իրականում ՀՀԿ դատավճիռն է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache