ՀՀԿ-ականները սկսել են հեռանալ Հայաստանից

1

Երեկվանից սկսած հանրապետական կառավարության և կուսակցության որոշ անդամներ լքում են Հայաստանը։

Առաջինը նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն էր։ Օդանավակայանի աշխատակիցները «Ազատությանը» պատմեցին, որ Մովսիսյանը պաշտոնական պատվիրակությունների համար նախատեսված VIP սրահով մեկնել է Սոչի։

Երեկ երեկոյան էլ օդանավակայանի VIP սրահ էր եկել Էդվարդ Նալբանդյանը: «Ազատության» հարցին, թե արդյոք նա հրաժարական է ներկայացնելու, արտգործնախարարի պաշտոնակատարը չպատասխանեց։

Արտգործնախարարի պաշտոնակատարի մեկնման պահին օդանավակայում դեպի Մոսկվա թռիչք էր իրականացվում, մինչդեռ «Ազատության» հետ զրույցում արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը չհաստատեց, որ նա Մոսկվայում է։ Բալայանը ասաց, որ Նալբանդյանը գործուղման է և նրա ոչ բոլոր այցերն են հրապարակվում։

Այսօր վաղ առավոտյան էլ Մոսկվա մեկնեց փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը։ «Ազատության» հարցին, թե ի՞նչ նպատակով է նա մեկնում, փոխվարչապետի պաշտոնակատարը չպատասխանեց:

Գևորգյանի Մոսկվա մեկնելու մասին լուրի հրապարակումից հետո Կառավարությունից հայտարարեցին, որ փոխվարչապետի պաշտոնակատարը աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով է մեկնել արտերկիր և երեկոյան կվերադառնա: Չնայած, ըստ հաղորդագրության, Գևորգյանը աշխատանքային այցով է մեկնում արտերկիր, սակայն նա օդանավակայան էր եկել առանց թիկնապահի: Ուղևորվեց միայնակ, բոլորի համար նախատեսված անցակետով, մինչդեռ պաշտոնյաները սովորաբար պաշտոնական պատվիրակությունների համար նախատեսված սրահով են մեկնում:

Ի դեպ երեկ օդանավակայանի VIP սրահում մարդկանց հոսքը բավականին մեծ էր: Իրենց ընտանիքներին էին ճանապարհում դատախազներ, նրանցից մեկը ըստ «Զվարթնոցի» աշխատակիցների Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Տիգրան Ամբարյանն էր։

Այսօր առավոտյան էլ «Զվարթնոց» օդանավակայանում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա հատկապես հայտնի է քաղաքական գործերի քննությամբ, իսկ 2010 թվականին էլ հենց այս դատավորը Նիկոլ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման էր դատապարտել։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache