ՀՀԿ-ականների հարազատները դա զգացին իրենց մաշկի վրա

1

lragir.am — Մեր զրուցակիցն է միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը

Պարոն Իգիթյան, ՀՀԿ-ն մայիսի 1-ին տապալեց Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, սակայն մեկ օր անց հայտարարեց, որ մայիսի 8-ին սատարելու են 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին, որն այս պահին Նիկոլ Փաշինյանն է։ Ձեր կարծիքով՝ ո՞րն էր պատճառը, որ ՀՀԿ-ն փոխեց իր դիրքորոշումը և արդյոք անակնկալներ չե՞ն լինի նաև մայիսի 8-ին։

Իհարկե, առաջին հերթին համատարած, ամբողջ ժողովրդի միահամուռ, քաղաքներում, գյուղերում, բնակարաններում ընդվզումը, ընդ որում՝ խաղաղ, չէր կարող իր դերը չունենալ։ Եթե ՀՀԿ-ականներից որևէ մեկը դա չէր պատկերացնում մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը, կամ դրանից հետո, ապա հիմա սկսել են հասկանալ։ Երկրորդ, այն մարդիկ, որոնք ցուցումներ էին տալիս, ղեկավարում էին նույնիսկ հրաժարական տված մարդիկ, իրենք էլ դա երկար չէին կարող անել՝ հատկապես չունենալով պետական լծակներ։ Երրորդ կարևոր հանգամանքն, իհարկե, ժողովրդի կողմից իրենց հանդեպ վերաբերմունքն էր, որը դարձավ ոչ միայն կուսակցական, այլ նաև անձնական։ Մենք կարող ենք գնահատել, որ դա լավ էր, թե վատ, ճիշտ էր, թե սխալ, բայց դա պետք է լիներ։ Այդ մարդիկ չեն կարող իրենց ղեկավարների նման թիկնապահներով շրջապատված տներում ապրեն։ Եթե իրենք ցանկանում են լինել հասարակության մի մասը, այլ ոչ թե ապրեն թիկնապահներով շրջապատված, ապա պետք է հաշվի առնեն նաև ժողովրդի մեջ իրենց հանդեպ վերաբերմունքը։ Ցավալի է, բայց դա առկա է, որ նաև իրենց հարազատներն են այդ ամենն զգում իրենց մաշկի վրա։ Դա էլ կարծում եմ, մեծ դեր խաղաց։ Եվ վերջինը՝ Նիկոլ Փաշինյանի թիմը՝ այդ ըմբոստության լիդերները, ցույց տվեցին, որ իրենք ամբողջ Հայաստանում վերահսկում են իրավիճակը։ Եթե նրանք ասեն, որ բռնություն չպետք է լինի, բռնություն չի լինում, ասում են՝ ճանապարհը փակեք, ճանապարհը փակում են, ճանապարհը բացեք, բացում են։ Իշխանությունը դե ֆակտո Փաշինյանի ու իր կողմնակիցների ձեռքում է։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները պատրաստ էին գործադուլի, ժողովուրդը պատրաստ էր փակել նաև օդանավակայանի ճանապարհը։ Սա մի բան է, որ վարչապետն ի պաշտոնե չի կարող անել։ Եվս մեկ հանգամանք է այն, որ սահմանադրական այս կազուսը, սահմանադրական ճգնաժամը ստեղծել են հենց հանրապետականները և հենց իրենք պետք է լուծումը տային։Ամբողջ ժողովուրդը մի բան է ուզում, իսկ 56 մարդ խորհրդարանում դա չեն ուզում, այդ դեպքում ի՞նչ լուծում պետք է լիներ։ Մենք ուզում ենք թեկուզ այդ վատ Սահմանադրությամբ աշխարհին ցույց տալ, որ մենք՝ հայերս, կարող ենք օրենքով հարց լուծել։ Եթե ՀՀԿ-ականներն իրենց այստեղ համարում են ժողովրդի մաս, մեր պետությանը ոչ օտար մարմին, ապա պարտավոր են քվեարկել այն ձևով, ինչպես ժողովուրդն է ուզում՝ ճգնաժամը լուծելու համար։ Այս հանգամանքներից թող ամեն մեկն ընտրի, թե ինչն է ավելի ազդեցիկ, բայց վիճակը սա է։Թերևս մինչև մայիսի 8-ը կարելի է որևէ խորամանկություն կամ ժողովրդի դեմ ուղղված ինչ-որ մի քայլ սպասել։ Այսքան ընթացքում այնքան բաներ ենք տեսել թե ՀՀԿ-ի ղեկավարներից, թե նույն պատգամավորներից, որ հիմա էլ կասկածներ կան։ Թեկուզ հիշենք, թե ինչպես Սերժ Սարգսյանին բերեցին իշխանության։ Բայց մի բան կա, որը չի փոխվելու. Դա ժողովրդի ըմբոստությունն է և շարժման ղեկավարների կողմից իրավիճակի վերահսկողությունը։ Դա լավատեսություն է ներշնչում, որ մի քանի ՀՀԿ-ականները կողմ քվեարկեն, և Փաշինյանի համար բավարար ձայներ ապահովվեն։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտեց, որ այս շարժումը չուներ դրսից աջակցություն։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ գոնե այս փուլում արտաքին քաղաքական կուրսում փոփոխություններ չեն սպասվում։

Կարելի է հիանալ, նույնիսկ ուրախանալ, որ այս շարժումը արտաքին աջակցություն չուներ։ Սա նույնիսկ ներքին աղքատների ըմբոստություն չէր, ոչ ազգայնականների ըմբոստություն էր, ոչ արևելամետ, ոչ ռուսամետ։ Սա ամբողջ Հայաստանի ժողովրդի ըմբոստություն էր, որով ժողովուրդն ուզում է վերադարձնել իրեն ոչ միայն իշխանության վերահսկողության իրավունքը, այլ նաև իշխանություն ձևավորելու հնարավորությունը։ Սա շատ կարևոր է։ Իհարկե, մենք արտաքին քաղաքականության հետ կապված շատ խնդիրներ ունենք, նույն ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ կապված, բայց այս խնդիրներն այս փուլում չեն կարող առաջնային լինել, և լավ է, որ այս մասին չխոսվեց։ Սրա մասին կխոսվի այն ժամանակ, երբ Հայաստանը կունենա ուժեղ ղեկավար, ժողովրդի կողմից պատասխանատվություն կրող ղեկավար, որը կկարողանա Հայաստանի շահերի համար պայքարել ցանկացած մեծ պետության ազդեցիկ ղեկավարի հետ։ Սերժ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ ունենալ դա՝ հաշվի առնելով իր ոչ լեգիտիմ ընտրությունները և ժողովրդից միշտ կտրված լինելու և միակ կուսակցության ղեկավար լինելու և նրա շահերը ներկայացնելու հանգամանքները։

Եթե Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին դառնում է վարչապետ, ստացվում է, որ մենք ունենում ենք մի կողմից սուպեր լիազորություններով վարչապետ, մյուս կողմից ԱԺ-ում մեծամասնություն է մնում ՀՀԿ-ն։ Այս պայմաններում ինչպիսի՞ փոփոխություններ կարելի է ակնկալել, արդյոք հնարավոր է նորմալ գործունեություն ծավալել, թե՞ կպարալիզացվի պետական աշխատանքը։

Երբ մենք խոսում էինք սուպեր վարչապետի մասին, խոսքը Սերժ Սարգսյանի մասին էր, որովհետև ինքը նույնիսկ Հայաստանի շահերին հակասող ցանկացած օրենսդրություն բերում էր ԱԺ և առանց քննարկման դա ընդունվում էր։ Նիկոլ Փաշինյանն այդ հնարավորությունը չունի և չի էլ ունենա։ Այսինքն՝ ցանկացած նույնիսկ ժամանակավոր, անցումային փուլերի համար, թեկուզ ընտրական օրենսգրքի կամ այլ նախագծերի անցկացման համար Փաշինյանը կունենա բազմաթիվ խնդիրներ։Նիկոլ Փաշինյանը առաջին օրից հայտարարում է, և ես համաձայն եմ, որ հիմնական նպատակը պետք է լինի արդար և տրամաբանական ընտրություններով նոր Ազգային ժողովի ընտրությունը, որտեղ ժողովուրդը հնարավորություն կունենա իմանալ՝ ում է ընտրում, ինչ դեբատների արդյունքում է ընտրում և, ի վերջո, ամենակարևորը, որ ժողովրդի մեջ տարբեր սոցիալական շերտերը պետք է այս կամ այն ձևով ներկայացված լինեն ԱԺ-ում և բոլորը հավատան, որ այս Ազգային ժողովն արդար է ընտրվել։ Սա առաջին փուլն է, որից հետո մենք կարող ենք շտկել այն սխալները, որոնք հասցրեց անել ՀՀԿ-ի մեծամասնությունը առանց նայելու այլ կարծիքների։ Ես հուսով եմ, որ այդ սխալներն անդառնալի չեն, հնարավոր է շտկել օրենսդրությունը, վերականգնել բալանսը օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների մեջ, որը խախտել, այլասերել է իշխող խումբը, որն իրեն Հայաստանում համարում էր ամենահզորը։Իշխանությունն ապրում էր իր կյանքով, հասարակությունն՝ իր։ Հիմա հասարակությունը վերադարձնում է իր իրավունքը, ինչը շատ լավ է։ Ես համոզված եմ, որ բոլոր ժողովուրդներն են դա ուզում, բայց ոչ բոլորին է դա հաջողվում։ Հենց սա է պատճառը, որ այս օրերին մեզ շատ բարձր են գնահատում աշխարհի հեռուստաալիքների թոփ նորություններով՝ որ հայ ժողովուրդը խաղաղ ձևով վերադարձնում է իշխանություն ձևավորելու և վերահսկելու իր իրավունքը։ Սա նույնիսկ հեղափոխություն չի կարելի համարել։ Ի վերջո, պայքարը ոչ թե Սերժ Սարգսյանին մեկ ուրիշ Սերժ Սարգսյանով կամ Նիկոլ Փաշինյանով փոխելն էր, այլ քաղաքակիրթ երկրներին բնորոշ մոդելը կիրառելու, համակարգը փոխելու։ Անցում է կատարվում ժողովրդի իշխանության, որն իրականացվում է պետական մարմինների միջոցով։ Հասարակությանը չի կարելի արհամարհել, չի կարելի հեգնել և ամենաթողությամբ գրգռել։ Լավ է, որ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ իրենք չեն կարող համակերպվել այն մեխանիզմի ու մոդելի հետ, որն իրեն առաջարկել են մի խումբ հարուստ մարդիկ։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache