ՀՀԿ-ի ապաիշխանացումը շատ վտանգավոր է մեկ փուլով իրականացնելը

1

lragir.am — Մեր զրուցակիցն է Էներգետիկ ոլորտի փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Դավթյանը

Կան տեսակետներ, որ շարժման ամենաբարդ փուլը սկսվելու է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո՝ մինչև արտահերթ ընտրություններ։

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանի առջև ծառանալու է երկու առանցքային խնդիր՝ կապված իշխանության հաստատման ու ամրապնդման հետ: Նախ՝ շարունակվելու է հակամարտությունը ՀՀԿ-ի հետ, որը մեծամասնություն կազմելով խորհրդարանում՝ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն, կարող է վստահություն չհայտնել կառավարությանը կամ հավանություն չտալ կառավարության ծրագրին: Վերջինս ըստ Սահմանադրության հանգեցնում է կառավարության հրաժարականին: Սա լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ Նիկոլ Փաշինյանի համար, ով իր ադմինիստրատիվ ռեսուրսների մի զգալի մասը, եթե ողջ ամբողջը, պետք է ներդնի Հանրապետականի հետ բանակցային գործընթացը վարելու մեջ: Դրա արդյունքում, կարծում եմ, նոր վարչապետը կթողնի ՀՀԿ-ի ձեռքերում որոշ լծակներ, այդ թվում՝ նախարարական պորտֆելներ, ինչը կլինի գրագետ ու տրամաբանական քայլ, քանի որ ՀՀԿ-ի ապաիշխանացումը շատ վտանգավոր է մեկ փուլով իրականացնել: Սա, ինչ խոսք, դժվարացնելու է կառավարումը և այդ իմաստով, այո, Նիկոլ Փաշինյանը թևակոխում է իր ռազմավարության իրականացման ամենաբարդ փուլը:

Մյուս խնդիրը կապված է ԵԼՔ խմբակցության հետ, որի անդամների մի մասը փաստորեն չմիացավ Փաշինյանին և չեզոք դիրք գրավեց: Շարժման օրերին անգամ ջրի երես դուրս եկան Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի խորքային  գաղափարական տարաձայնությունները: Չնայած, պետք է փաստենք, որ հետընտրական շրջանում արդեն իսկ պարզ էր, որ ԵԼՔ-ը ձևավորած քաղաքական ուժերը տարբեր տեսլականներ ունեն իրենց հետագա անելիքների մասին: Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի մյուս առանցքային խնդիրն է լինելու “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության դիրքերի ամրապնդումը: Կուսակցությունն արդեն ունի հսկայական քաղաքական կապիտալ: Պարզապես անհրաժեշտ է այդ կապիտալը բերել ինստիտուցիոնալ դաշտ:

Նիկոլ Փաշինյանը խոսում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին: Նա չի բացառել, որ այդ ընտրությունները կարող են լինել մեկ տարի հետո, թեև իրենք կողմնակից են երկու ամսվա մեջ իրականացնել: Արդյոք մեկ տարի անց, երբ չի լինի համաժողովրդական ոգևորությունը, Փաշինյանն ու իր թիմը կարող են տանուլ տալ:

Երկու դեպքերում էլ առկա են ինչպես վտանգներ, այնպես էլ լուրջ հնարավորություններ: Գրեթե վստահ եմ, որ մեկ տարի անց ՀՀԿ-ն, որն արդեն քանդվում է խաղաթղթե տնակի պես, այլևս մրցունակ չի լինի: Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքում ձեռք կբերի հսկայական անդմինիստրատիվ ռեսուրս,  հետևաբար՝ ժամանակ ու հնարավորություն կունենա իրականացնելու 1-2 առանցքային նշանակության ծրագիր, ինչը թույլ կտա բարձր վարկանիշ ապահովել ու ապացուցել իր քաղաքական թիմի արդյունավետությունը, ինչը չհաջողվեց Կարեն Կարապետյանին: Համեմատականներն այդ դեպքում խոսելու են ի օգուտ Փաշինյանի:  Ի դեպ, ցանկալի է, որ այդ շրջանում նոր կառավարության արդյունավետությունը չափվի իրականացված սոցիալական ու ենթակառուցվածքային ծրագրերով, ինչպես նաև ուղիղ օտարերկրյա ներդրումներով, այլ ոչ թե տնտեսական աճի տոկոսային ցուցանիշներով, որոնցից արդեն հրաժարվում են աշխարհի առաջատար տնտեսություններն ու որոնց ազդեցությունը շարքային քաղաքացին գրեթե չի զգում:

Ինչ վերաբերում է նրան, որ համաժողովրդական ոգևորությունն այլևս չի լինի, ապա դա լիովին նորմալ է: Ավելին՝ սխալ է ու անգամ վտանգավոր երկար ժամանակ պահպանել ժողովրդի ոգևորության բարձր աստիճանը, քանի որ դա ի վերջո ցանկացած բացասական գործոնի ի հայտ գալուն պես կհանգեցնի խորքային հասարակական դեպրեսիայի: Ժողովրդի ոգևորությունն արդեն բերել է աննախադեպ արդյունքների: Այժմ պայքարը տեղափոխվում է ինստիտուցիոնալ դաշտ: Ամեն դեպքում, անձամբ ես հիմքեր չունեմ մտածելու, որ Նիկոլ Փաշինյանը կձախողի որպես վարչապետ և տանուլ կտա իր քաղաքական կապիտալը: Իմ տպավորություններով, մենք գործ ունենք հսկայական վերլուծական ու կազմակերպչական աշխատանք կատարած գործչի հետ, ով նախատեսել է գործընթացի ամենատարբեր զարգացումները: Ավելին՝ Փաշինյանը քաղաքական պատասխանատվություն է ստանձնել, իսկ դա դեֆիցիտ է ներկայիս Հայաստանում: Չգիտեմ, նա շախմատ խաղում է, թե՝ ոչ, բայց նրա քայլերն ավելի շախմատային են, քան ոմանցը:

Կարծիքներ են հնչում, որ իշխանության Պլան Բ-ն շատ ավելի վտանգավոր կարող է լինել Նիկոլի և շարժման համար, քանի որ ՀՀԿ-ն Նիկոլին կդարձնի վարչապետ՝ փաստացի իշխանությունը պահելով իր ձեռքում։ Նման զարգացում տեսնո՞ւմ եք։

Տեսականորեն՝ այո, նման զարգացում հարավոր է: Բայց կա մի հանգամանք, որը ստիպում է ինձ հակառակը մտածել: Նման մարտավարություն կյանքի կոչելու համար Հանրապետականին անհրաժեշտ է ուժեղ առաջնորդ, որն այսօր չկա: Այո, Սերժ Սարգսյանը շարունակում է նախագահել կուսակցությունը, բայց հիմքեր կան եզրակացնելու, որ դա ժամանակավոր բնույթ է կրում: Ավելին՝ նրա պաշտոնավարումը հակասում է ՀՀԿ-ի ընթացիկ շահերին, և դա հասկանում են կուսակցության ներսում:

Մյուս կողմից, ՀՀԿ-ն ունի Կարեն Կարապետյան, որը հակասական կերպար է, և նրա համակուսակիցների մեծ մասը չի հանդուրժում նրան որպես առաջնորդի: Գալիս ենք այն մտքին, որ գործ ունենք անձ-կուսակցության հետ: Սակայն այդ անձն այսօր չկա: Եղածներից էլ անձամբ ես չեմ տեսնում մեկին, ով ի վիճակի է նման գործառույթ իրականացնել՝ ապահովելու ՀՀԿ-ի կայունությունը: Չի բացառվում, որ այդ եղածներից էլ մի մասը իրենց դիրքն ու կապիտալը պահպանելու համար կփորձեն լոյալ վարքագիծ դրսևորել նոր  իշխանության նկատմամբ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache