ՀՀԿ-ի խարանը. Իշխանափոխության իրական տարբերակ

2

ՀՀԿ-ում դժգոհ են ՀՅԴ վերջին հայտարարությունից, որտեղ քննադատական գնահատականների կողքին կա նաեւ ռեյթինգային ընտրակարգը վերացնելու առաջարկ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ներկայում գործող այդ ընտրակարգը հակաժողովրդավարական է: Նա ասել է նաեւ, որ ՀՀԿ-ի հետ այս հարցով արդեն հեռակա կարգով քննարկումներ են սկսվել:Նա նկատի ունի մամուլով արվող հայտարարությունները:

ՀՀԿ-ականները դեմ են այս ընտրակարգը փոխելուն եւ «հեռակա կարգով» հայտնում են այդ մասին: Նրանք կարծում են, որ ընդհակառակը՝ հենց այդ ընտրակարգն է ժողովրդավարական, քանի որ առավելագույնս արտահայտում է ընտրողների կամքը:Ընտրական օրենսգրքի փոփոխության ու ռեյթինգային ընտրակարգը վերացնելու օգտին է հանդես գալիս նաեւ Ծառուկյան դաշինքը, որը շրջանառության մեջ է դրել համապատասխան նախագիծ:Փորձագետներից ոմանք ներքաղաքական ներկայիս վերադասավորումները համարում են անցումային որոշակի փուլ, որը միտված է 2022 թ. խորհրդարանի ընտրությանը: Ներկայիս զարգացումները ցույց են տալիս այդ գնահատականի ճշմարտացիությունը:

Եվ բնական է, որ 2022-ի կտրվածքով քաղաքական խմբերի համար ակտուալ է դառնում նոր ընտրակարգի խնդիրը:Գործող ընտրակարգը լիովին արդարացրեց իրեն իշխանության պարագայում. Իշխանությունը փողի ու կրիմինալի լայնածավալ ընդգրկմամբ անցկացրեց «անաղմուկ» ընտրություն լայն համաձայնության պայմաններում, երբ դրա մասնակիցները նախապես պայմանավորվել էին արդյունքներն ընդունելու հարցում: Դժվար է ասել՝ արդյոք այդ լայն համաձայնության շրջանակում եղել է նաեւ 2022-ի ընտրակարգի վերաբերյալ պայմանավորվածություն, մասնավորապես կոալիցիոն գործընկերների միջեւ:

Փաստն այն է, որ ՀՀԿ-ն դեմ է ընտրակարգը փոխելուն, քանի որ այն լիովին արդարացրել է իր սպասումները, իսկ մյուս քաղաքական ուժերը ձգտում են հասնել մաքուր համամասնական ընտրության:Հաշվի առնելով հայկական քաղաքական ավանդույթը, չի բացառվում, որ ԸՕ շուրջ ներկայիս «հեռակա քննարկումներն» ընդամենն առեւտուր են՝ 2022-ի քվոտաների շուրջ պայմանավորվածության հասնելու համար: Մյուս կողմից, սակայն, մաքուր համամասնական ընտրակարգն իշխանափոխության թեկուզ թույլ, բայց իրական հնարավորություն է:

Համամասնականի դեպքում էլ իշխանությունը կարող է կիրառել փողն ու կրիմինալը, սակայն ներկայիս ռեյթինգային համակարգը թույլ էր տալիս դա անել անաղմուկ ու ընտրատեղամասից որքան հնարավոր է հեռու, նաեւ հմտորեն շրջանառությունից հանելով խարան դարձած «ՀՀԿ» բառը:Ի՞նչ ճանապարհով կգնան ՀՅԴ-ն ու Ծառուկյան դաշինքը: Մինչ այժմ, նրանք միշտ գնացել են միայն «հեռակա քննարկումների» ճանապարհով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache