ՀՀԿ կծիկը քանդվեց. Վովա Գասպարյանի «խորհուրդը»

408

1in.am — ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը, որը նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, ֆեյսբուքյան գրառումով հայտարարել է Հանրապետական կուսակցության շարքերը լքելու և խմբակցությունից դուրս գալու մասին, տեղեկացնելով, որ սրանից հետո կքվեարկի կուսակցությունից ու խմբակցությունից ազատ: Արթուր Գևորգյանը հայտարարել է, որ չի տեսնում քաղաքական ուժի առողջացման գործընթաց, միաժամանակ համարում է, որ պետք է աջակցել կառավարությանը և ըստ այդմ պահանջել, ոչ թե խանգարել: Նա հայտարարել է, որ ժամանակ ենք կորցնում, մինչդեռ ունենք պատմական շանս դուրս գալու արտաքին անկախ և ամուր դիրքեր և լուծելու պետական խնդիրները, ինչի համար շատ կարևոր է այժմ ներքին վերափոխման արդյունավետ գործընթացը:

ՀՀԿ-ն սկսում է քանդվե՞լ: Արթուր Գևորգյանը համենայնդեպս ՀՀԿ նշանային ֆիգուրներից առաջինն է, որ հայտարարում է կուսակցությունն ու խմբակցությունը լքելու մասին: Կլինի՞ շարունակություն: Ընդ որում, առանցքայինը թերևս ոչ այնքան նրա հեռանալն է, որքան ձևակերպումը, որ կուսակցության մեջ չի տեսնում առողջացման գործընթաց: Արդյո՞ք դա վերաբերում է կուսակցության ղեկավարության փոփոխությանը, թե՞ գործողությունների տրամաբանությանը ընդհանրապես:

ՀՀԿ մասնատումը մայիսի 2-ից հետո շատերն էին գնահատում անխուսափելի: Տեղեկություն եղավ, որ կուսակցությունը լքելու է «Տաշիրի» Կարեն Կարապետյանը, հետո նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որոնք ստեղծելու են նոր կուսակցություն: Բայց հետո այդ տեղեկությունը հերքվեց: Իրենք՝ Կարապետյանները, պաշտոնապես թե՛ հեռանալու լուրը չէին մեկնաբանել, թե՛ մնալու: Կարապետյանների փոխարեն փաստորեն հեռանում է Արթուր Գևորգյանը:

Այդպիսով, ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունն ունի արդեն առնվազն երկու ձայնի հստակ կորուստ՝ Ֆելիքս Ցոլակյանը դեռևս մայիսի 1-ից և այժմ արդեն՝ Արթուր Գևորգյանը: Միաժամանակ հարցը նաև այն է, թե արդյո՞ք սա զուտ խմբակցության ֆորմատի խնդիր է, թե՞ գործընթացը ծավալվում է ներկուսակցական մասշտաբում, և այն ունենալու է շարունակություն նաև նոր անդամների տեսքով: Իսկ կարո՞ղ է արդյոք այս գործընթացը կրել, այսպես ասած, լատենտ հնարքի բնույթ, երբ ՀՀԿ-ն արհեստականորեն կարող է դառնալ փոքրամասնություն և այդպիսով նաև բարդացնել նոր կառավարության աշխատանքը ավելի, քան միասնական լինելու դեպքում: Մասնավորապես, եթե ՀՀԿ-ն կորցնի ֆորմալ մեծամասնությունը, նոր կառավարությունը ստիպված պետք է լինի արդեն աշխատել մի խորհրդարանի հետ, որի մեծամասնությունն ուղղակի խճանկար է: Եվ այդ դեպքում արդեն բարդությունների համար պատասխանատվություն ՀՀԿ-ն չի կրի:

Իհարկե, հնարավոր է ամեն ինչ, թեև պետք է նաև նկատել, որ լինի անհատ ուժ, թե առանձին պատգամավոր՝ բոլորը գործնականում ենթակա են թավշյա հեղափոխության տրամաբանությանն ու օրակարգին, համենայնդեպս՝ առայժմ:

Միաժամանակ հնչել է նաև Նիկոլ Փաշինյանի զգուշացումը, որ պոզիտիվիզմն ու հաշվեհարդարի մերժումը չընկալվեն իբրև հեղափոխության թուլություն: Մյուս կողմից՝ այս առումով նաև հատկանշական է, որ կարծես թե բավական թափ է հավաքում իրավապահների, մասնավորապես ԱԱԾ գործունեությունը, և դրան զուգահեռ նաև ուժգնանալու են ներկուսակցական բախումները ՀՀԿ-ում, քանի որ ԱԱԾ-ն քանդում է նախկին ստվերային պայմանավորվածությունները՝ դրանով իսկ առաջացնելով ՀՀԿ ներսում միմյանց ներկայացվելիք պահանջների, այսպես ասած, բնական միջավայր, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ ՀՀԿ միասնականությունը հետայսու կախված է լինելու այն բանից, թե քանիսն են այդ կուսակցության մեջ ունենալու միմյանց օձիք բռնելու դաժան հիմքեր:

Այդ տեսանկյունից խիստ խորհրդանշական է Արթուր Գևորգյանի հեռանալը՝ նաև հենց Վովա Գասպարյանի փեսան լինելու պահով, քանի որ ով՝ ով, բայց թերևս քիչ մարդ Վովա Գասպարյանից ավելի լավ գիտի, թե այդ առումով ինչ է սպասվում ՀՀԿ-ում, և որքան արագ արժե դուրս գալ այդ կաթսայից:



Загрузка...