ՀՀԿ-ն առաջինը լքողները կլինեն փողատերերն ու օլիգարխները. մայիսի 8-ին ով ինչպես կքվեարկի

0

armtimes.com -Համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մայիսի 3-ին պաշտոնապես առաջադրվեց ՀՀ վարչապետի թեկնածու: Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից: Փաշինյանի առաջադրման համար ստորագրել է 39 պատգամավոր՝ ԵԼՔ, Ծառուկյան եւ ՀՅԴ խմբակցություններից: Ընտրվելու համար անհրաժեշտ է 53 պատգամավորի քվե, որն էլ ապահովելու է ՀՀԿ խմբակցությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ եւս մեկ անգամ Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ ապահովվելու են անհրաժեշտ թվով կողմ քվեները:

«Ես հանդիպում ունեցա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ եւ նա մեզ հետ զրույցում վերահաստատեց, որ Ազգային ժողովի իրենց խմբակցությունը ժողովրդի թեկնածուին կաջակցի վարչապետ ընտրվելու հարցում: Իհարկե, այդ հայտարարություններն արդեն իսկ արված էին մինչեւ մեր հանդիպումը, սակայն անձնական հանդիպման ընթացքում այդ դիրքորոշման վերահաստատումը կարեւոր եմ համարում»,- հանդիպումից հետո տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Դաշնակցություն եւ Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչներն իրենց հերթին եւս վերահաստատել են, որ իրենց խմբակցության պատգամավորները երկրորդ անգամ կողմ են քվեարկելու ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Այս առումով հետաքրքիր է, թե առայժմ իշխող ՀՀԿ-ից ովքեր են կողմ քվեարկելու իրենց պարբերաբար սուր քննադատությունների ենթարկած Փաշինյանին:

ՀՀԿ-ի քաղաքական դեմքերը, մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեցին, որ հստակեցված չէ, թե ովքեր են կողմ քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը: Նրանք երկուսն էլ բացառեցին, որ իրենք կողմ են լինելու: Դիտարկմանը, որ նախկին քվեարկության ժամանակ հայտարարվել էր, որ ՀՀԿ-ում միասնական են եւ միասնական դիրքորոշում են հայտնելու, այժմ չի՞ ստացվում, որ կուսակցությունը չի պահում միասնական լինելու դիրքորոշումը, Մելիքյանն ասաց, որ այն 8-10 հոգին, ովքեր կողմ են լինելու, իրենք կներկայացնեն կուսակցության միասնական որոշումը:

Խորհրդարանում շրջանառվում են այն անունները, ովքեր են կողմ քվարկելու Նիկոլ Փաշինյանին, ովքեր՝ դեմ: Այսպես ասած, ՀՀԿ-ի քաղաքական դեմքերից խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Գագիկ Մելիքյանը, Արմեն Աշոտյանը, Սամվել Նիկոյանը դեմ են լինելու՝ իբրեւ սկզբունքային ՀՀԿ-ականներ: Դեմ քվեարկողների ցանկում են նաեւ Սերժ Սարգսյանի «դպրոցը» անցածները: Մասնավորապես, նրա նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը, նախկին օգնական Գեւորգ Կոստանյանը եւ այլք:

Խոսվում է, որ ՀՀԿ տիկնանցից եւս Փաշինյանին կողմ քվեարկողներ կլինեն: Մեր զրուցակիցը նշեց բացառեց միայն Շուշան Սարդարյանի անունը, քանի որ նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի թիմակիցն է: Կարապետյանի «մարդկանցից» համարվող Անդրանիկ Հարությունյանը եւս չի քվեարկելու կողմ:

ՀՀԿ-ն փորձելու է Փաշինյանին կողմ քվեներ տալ օլիգարխների եւ ազգային փոքրամասնության ներկայացուցիչների հաշվին: Մասնավորապես, պլանավորվում է, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեն Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Նահապետ Գեւորգյանը, Արայիկ Գրիգորյանը, Կնյազ Հասանովը, Ռուստամ Մախմուդյանը, Արսեն Միխայլովը: Ենթադրվում է, որ Ֆելիքս Ցոլակյանը եւս կողմ է լինելու, քանի որ նա առաջին քվեարկության ժամանակ էլ կողմ էր: ՀՀԿ-ի գեներալները եւս իրենց կողմ քվեն են տալու վարչապետի թեկնածուին:

Հանրապետականները երեկ փորձում էին ցույց տալ, որ պատրաստ են լինել ընդդիմություն, սակայն մեր ՀՀԿ-ական զրուցակիցը նշեց, որ իրականում կուսակցության ներսում սգում են իշխանության կորուստը: ՀՀԿ-ի օլիգարխ թեւն էլ իր հերթին է «նեղում» քաղաքական թեւի գործընկերներին: Նրանք բարձրաձայնում են այն փաստը, որ 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «մեշոկով» գումար են ներդրել եւ հայտարարել են, որ կտրականապես հրաժարվում են «հովանավորել» ՀՀԿ-ին՝ սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ՝ այն էլ ընդդիմության կարգավիճակով: Մի խոսքով՝ ՀՀԿ-ն առաջին լքողներից, թերեւս կլինեն փողատերերը:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 4-ի համարում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache