ՀՀԿ-ն բանակցելու մանդատ տվել է Կարեն Կարապետյանին. Շարմազանով

0

Հանրապետականը նպաստելու է քաղաքական երկխոսությանն ու խնդիրների հանգուցալուծմանը բացառապես Հայաստանի սահմանադրության և օրենսդրության շրջանակներում, ասյօր «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսկացության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց՝ ՀՀԿ-ի օրակարգը համերաշխության, երկխոսության ճանապարհով այս քաղաքական ճգնաժամից դուրս գալն է։

«Ազատություն». — Պարոն Շարմազանով, մենք տեղյակ ենք, որ երեկ մինչև ուշ երեկոյան իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորները հանդիպել են պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի, և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, քննարկումների արդյունքում ինչպիսի՞ հանգուցալուծման ենք եկել։ Արդեն իսկ պարզ է, որ մայիսի 1-ին խորհրդարանում տեղի է ունենալու վարչապետի ընտրություն, և գլխավոր հարցն այն է՝ արդյո՞ք իշխող Հանրապետականը կողմ կքվեարկի վարչապետի ժողովրդի թեկնածուին, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի օգտին, օրինակ, եթե նրա թեկնածությունն առաջադրվի։

Շարմազանով. — Հանրապետականն ինչպիսի որոշում էլ կայացնի, այն լինելու է միասնական՝ ուղղված Հայաստանի ներքին կայունությանն ու անվտանգությանը։ Ինչպես մեր գաղափարական լիդեր Գարեգին Նժդեհն է ասել՝ «կուսակցության հետ, բայց՝ ազգիս համար»։ Այս պահին քննարկումները շարունակվում են, ֆրակցիան դեռևս նիստ չի հրավիրել որպեսզի գանք որոշման, բայց երեկվա նիստում եկել ենք հետևյալ որոշման, որ կուսակցությունը բաց է առանց նախապայմանների ցանկացած հարցի քննարկմանը։ Պատրաստ ենք լսել մեր գործընկերների օրակարգը, բայց միևնույն ժամանակ պատրաստ ենք ներկայացնելու մեր խնդիրները, մեր առաջարկություններն՝ այս ներքաղաքական իրավիճակից երկխոսության միջոցով դուրս գալու համար։

«Ազատություն». — Երբ որ ասում եք առանց նախապայմանների, ի՞նչ նկատի ունե՞ք։ Փաշինյանն այլ տարբերակ չի առաջարկում, նրա ուզածն այն է, որ պետք է ժողովրդի վարչապետի թեկնածուն ընտրվի Ազգային ժողովում նաև իշխող մեծամասնության կողմից՝ հաշվի առնելով, որ առանցՀՀԿ-ի աջակցության, եթե Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվի, նրա ընտրությունը տեղի չի ունենա առանց ՀՀԿ-ի աջակցության, հետևաբար ամբողջ խնդիրը հետևյալն է՝ Հանրապետականը պատրա՞ստ է աջակցել Նիկոլ Փաշինյանին, թե՞՝ ոչ։

Շարմազանով. — Հանրապետականը նպաստելու է քաղաքական երկխոսությանն ու խնդիրների հանգուցալուծմանը բացառապես Հայաստանի սահմանադրության և օրենսդրության շրջանակներում։ Մենք իրար մեջ կիսելու, ցնցելու, անկայունության տանելու հայրենիք չունենք։ Իսկ որ ասում եք ի՞նչ է նշանակում առանց նախապայմանների բանակցություններ, դա նշանակում է, որ մենք չենք մերժում ո՛չ Փաշինյանի, ո՛չ այլ գործիչների բերած օրակարգը, բայց միևնույն ժամանակ նույն գործընկերային մոտեցում ակնկալում ենք նաև մեր գործընկերներից։

«Ազատություն». — Ձեր առաջարկը ո՞րն է լինելու տվյալ պարագայում։

Շարմազանով. — Երբ որ կլինի բանակցություն, մեր կողմից բանակցություններ իրականացնող լիազորված անձը Կարեն Կարապետյանն է, որ ունի թիմի լիարժեք աջակցությունը։ Կարեն Կարապետյանն է այն գործիչը, որը Հանրապետական կուսակցության անունից ունի մանդատ Հանրապետականի անունից ցանկացած քաղաքական գործչի հետ, ցանկացած կուսակցության հետ բանակցելու և ներկայացնելու մեր տեսակետը։ Մենք վստահում ենք, և էդ մանդատը տվել ենք Կարեն Կարապետյանին։ Երբ որ ասում ենք Կարեն Կարապետյան, ոչմիայն նկատի ունեցեք Կարեն Կարապետյան, այլ նկատի ունեցեք քաղաքական մեծամասնություն։

«Ազատություն». — Դա երե՞կ է որոշվել։

Շարմազանով. — Ոչ, դա մինչ այդ էլ էր որոշվել։

«Ազատություն». — Հարցնում եմ, որովհետև ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրեն զանգահարել են Հանրապետականից և ասել են, որ Կարեն Կարապետյանը Հանրապետականի անունից չի բանակցում, և որից հետո Փաշինյանը որոշում է կայացրել բանակցություններում ներգրավվել նաև Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։

Շարմազանով. — Չկա նման բան։ Ես չգիտեմ, ով է զանգել, բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ պարոն Փաշինյանի առաջադրած անձինք՝ և՛ Արա Բաբլոյանը, և՛ Վահրամ Բաղդասարյանը նման բան իրեն չեն ասել։ Ես չգիտեմ, թե իրեն ով է զանգել, դա իր խնդիրն է, չեմ էլ ուզում հիմա Փաշինյանի հետ հեռակա բանավեճի մեջ մտնել։ Բայց պաշտոնապես հայտարարում եմ, որ և՛ Արա Բաբլոյանը, և՛ Վահրամ Բաղդասարյանը, և՛ Էդուարդ Շարմազանովը, և՛ Հանրապետական խմբակցությունը այդ բանակցելու մանդատը տվել են Կարեն Կարապետյանին, և Կարեն Կարապետյանը բանակցելու է ոչ միայն իր անունից, այլ քաղաքական մեծամասնության անունից, էդ վստահությունն ինքն ունի, և դա իրեն տվել ենք։ Դրանով էր պայմանավորված, որ առաջին իսկ օրն այդ ֆորմատն էինք ընտրել։

«Ազատություն». — Քանի որ Դուք ասում եք, որ առանց նախապայմանների Հանրապետականը պետք է իր օրակարգով գա, Փաշինյանն իր օրակարգով գա, Փաշինյանի օրակարգը հասկանալի է, Հանրապետականի օրակարգը ո՞րն է։

Շարմազանով. — Մեր օրակարգը, համերաշխության, երկխոսության, մեկս մյուսին լսելու ճանապարհով դուրս գալն է էս քաղաքական ճգնաժամից։

«Ազատություն». — Հնարավո՞ր է, որ Հանրապետականը վարչապետի իր թեկնածուին առաջադրի։

Շարմազանով. — Մեր թեկնածուի առաջադրման և առհասարակ մեր որոշելու հարցը ես կոռեկտ չեմ համարում խոսել, ես ունեմ իմ անձնական տեսակետը, բայց դա կարևոր չի հիմա, այս պահին մենք ունենք թիմ, պետք է ունենա միասնական դիրքորոշում և թիմի անունից բանակցելու է Կարեն Կարապետյանը, կքննարկենք կասենք։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache