ՀՀԿ-ն չի պաշտպանում Սերժ Սարգսյանին

68

lragir.am  — 2017 թվականի տվյալներով՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը 160 հազար անդամ ունի: 2017 թվականի ընտրություններին կուսակցությունը պահպանել է մեծամասնությունը խորհրդարանում եւ օրերս կոալիցիոն ՀՅԴ հետ եւ Ծառուկյան դաշինքի մի մասի աջակցությամբ ՀՀԿ նախագահին նշանակել է Հայաստանի վարչապետ:

Երեւանում մոտ մեկ շաբաթ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունենում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Արգելափակվում են փողոցներ, կառավարական շենքեր: ՀՀԿ-ն ստիպված է փոխել նիստերի վայրերը, շարժվել շրջանցիկ ճանապարհներով, որ խուսափի ուղիղ բախումներից: Օրինակ, ՀՀԿ խորհրդի նիստը Ծաղկաձորում է անցկացվել: Իսկ ապրիլի 17-ին՝ վարչապետի ընտրությունից առաջ, պատգամավորների մի մասը ստիպված էր մետրոյով խորհրդարան գնալ, գրում են լրատվամիջոցները: Երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստը սովորականի պես ժամը 11-ին չի սկսվել: Նիստի ժամի մասին ոչինչ չի հաղորդվել:

Շարմազանովն ու ՀՀԿ խորհրդի մի շարք այլ անդամներ հայտարարել են, որ կուսակցությունը վարչապետ ընտրելու իրավունք ունի, իսկ Սերժ Սարգսյանը խորհրդարանում հայտարարել է, որ ժողորվդի անունից իրավունք ունի խոսել միայն խորհրդարանական մեծամասնություն ստացած կուսակցությունը: Կուսակցության շարքային ու ոչ այնքան շարքային անդամները, ըստ երեւույթին, պատրաստ չեն պաշտպանել այդ իրավունքը:

Տեղեկություններ չկան, որ ՀՀԿ-ն, չնայած 160 հազար անդամներին, հանրահավաք է նախապատրաստում, որտեղ հիմնական կարգախոսերը կարող են լինել «Մենք վստահության քվե ենք ստացել» կամ «Մենք չենք մերժում Սերժին»: Ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, «նկարի իշխանությունը» ավարտվել է, եւ հիմա Հայաստանում իշխանությունը ՀՀԿ-ն է:Կուսակցությունն, ըստ երեւույթին, պատրաստ չէ իր վրա պատասխանատվություն վերցնել ու պաշտպանել իր իրավունքը:

Կուսակցություն որպես այդպիսին չկա էլ: ՀՀԿ-ն տարբեր խմբավորումների կոնգլոմերատ է, որոնց միավորում է ընդհանուր բիզնես շահը, եւ բոլորը չէ, որ միանշանակ վերաբերմունք ունեն Սերժ Սարգսյանի հանդեպ, շատերն առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են փոխել «ճամբարը»:

Հասկանալի է, որ ՀՀԿ-ն խուսափում է ուղիղ բախումներից: Սերժ Սարգսյանը դժվար թե կարողանա նոր «մարտի 1» մարսել, եւ ոստիկանության բռնությունը մահ կդառնա ՀՀԿ համար: Սակայն ՀՀԿ օգտին «բազմահազարանոց ցույցերի» բացակայությունը վկայում է, որ կուսակցությունը պատրաստ չէ իշխանություն վերցնելուն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache