ՀՀԿ-ն գնում է արտահերթի. անակնկալ մարտավարություն

60

lragir.am — Խորհրդարանի արտահերթ ընտրության օրակարգային հարցին դիմադրության «դրոշակակիր» ընկալվում է Հանրապետական կուսակցությունը: ՀՀԿ-ն ամենից հաճախ է խոսում արտահերթ ընտրության հիմք չլինելու մասին, հայտարարելով, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ:

Արդեն նկատվում կամ լսվում են արտահերթ ընտրության դեմ այլ ուժերի ներկայացուցիչների խոսքեր, բայց «դրոշակակիրը» ընկալվում է ՀՀԿ-ն, այդ ուժն է դիտարկվում որպես հիմնական խոչընդոտ:

Իհարկե, այդ ընկալումն ունի նաեւ բավական ռացիոնալ հիմք: ՀՀԿ-ն նախկին իշխանությունն է, որը չի ուզում զիջել դիրքերը, պայքարում է հնարավորինս քիչ հանձնելու համար: ՀՀԿ-ն ներկայում խորհրդարանի մեծամասնություն չէ, սակայն ամենամեծ խմբակցությունն է:

Իրական քաղաքական ռեժիմում իրավիճակը խորքային առումով թերեւս ավելի հետաքրքիր է: ՀՀԿ-ն լավ է պատկերացնում, որ չկա խորհրդարանի արտահերթ ընտրության դիմադրության իրական հնարավորություն, եւ այն, որ Նիկոլ Փաշինյանը հարցը հնչեցրել է ՄԱԿ ամբիոնից, ոչ թե էմոցիա է, էյֆորիա, այլ քաղաքական փաստի արձանագրում, որը պետք է ստանա իրավական ձեւակերպում:

ՀՀԿ խնդիրն այլ է: Որքան կուսակցությունը շատ է դիմադրում Նիկոլ Փաշինյանի օրակարգի հիմնարար հարցերին, այնքան սրում է ռեակցիաներն ու առաջացնում բեւեռացում: Որքան շատ է բեւեռանում իրավիճակը, այնքան բարդանում է մյուս քաղաքական ուժերի խնդիրը, բարդանում է այսպես ասած «ոսկե միջինի» հավակնությունը, միջակայքում խաղալու հնարավորությունը:

Իսկ ՀՀԿ համար խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ այդ մյուս ուժերին հաղթելն է, կամ այսպես ասած առաջ չթողնելը: ՀՀԿ-ն լավ է հասկանում, անկախ հռետորաբանությունից, որ Նիկոլ Փաշինյանը անհասանելի է, թերեւս առնվազն առաջիկա հնգամյակում: Հանրապետականի խնդիրն է հետ չմնալ մնացյալ քաղաքական ուժերից, թույլ չտալ, որ նրանք անցնեն առաջ, առավել եւս իր վրայով:

Սրելով դիմադրությունը, Հանրապետականը փորձում է լուծել այդ խնդիրը, զրկել մյուս ուժերին խաղի տարածությունից: Առավել եւս, որ Հանրապետականը նախորդ համակարգի տրամաբանության բերումով շատ լավ է ճանաչում այդ ուժերին, նրանց մտածողությունը, պատկերացումները, բնույթը: Երեւանի Ավագանու ընտրության արդյունքը վկայեց, որ ընտրված մարտավարությունն արդարացնում է իրեն, եւ ապրիլի վերջին ու մայիսի սկզբին հեղափոխության պատմուճանով փաթաթված ուժերը արժանացան հուժկու մերժման, ինչը հետեւանքն էր այն բանի, որ ՀՀԿ-ն նպաստեց դիմակայության սրմանը: Եղավ իշխանության արձագանքը, ու արդյունքը եղավ այն, որ էապես սեղմվեց քաղաքական տարածությունը: Իսկ փորձը ցույց է տալիս, որ այդ ուժերը այդօրինակ իրավիճակներում ունեն կողմնորոշման խնդիր, շփոթվում են ու սխալներ գործում:

Երեւանի Ավագանու ընտրությանը նրանք ստացան գրեթե այնքան, որքան կարող էր ստանալ նաեւ ՀՀԿ-ն, եթե մասնակցեր: Ավելին, եթե սրացման մարտավարությունը շարունակվի, եւ ՀՀԿ-ն գնա խորհրդարանի արտահերթից առաջ էլ դիմակայությունը խորացնելուն, ապա դա էլ ավելի մեծ ծուղակ է լինելու քաղաքական դաշտի մյուս բոլոր ուժերի համար եւ, ի վերջո, խորհրդարանի արտահերթ ընտրությանը համաձայնելով, ՀՀԿ-ն կարող է հասնել նույնիսկ նրան, որ ընդհուպ կհավակնի երկրորդ ցուցանիշին: Կարեւոր չէ, թե քանի տոկոսով, կարեւորը, որ Հանրապետականը թույլ չի տա, որ մյուս ուժերն անցնեն իրենից առաջ:

Ըստ այդմ, երբ ՀՀԿ-ն դիմադրում է խորհրդարանի արտահերթ ընտրությանը, այստեղ մտածելու բան ունի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ այն ուժերը, որոնք հավակնում են մնալ քաղաքական կյանքում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache