Լրահոս

ՀՀԿ-ն հաստատել է Սերժ Սարգսյանի «հրաժարականի պատճառը»

 

ՀՀԿ ԳՄ նիստը նախօրեին հաստատել է կառավարության նոր ծրագիրը: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ կառավարության ծրագիրը, որ ներկայացվելու է ԱԺ հաստատմանը, կառուցված է Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ելույթի հիմքով:
Եթե կառավարության ծրագիրը գրվել է այդ հիմքով, նշանակում է Ազգային Ժողովում հաստատվելու է օդ, ոչ թե ծրագիր: Որովհետեւ Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ելույթը բացարձակապես չունի հիմք: Դա ընդամենը Սերժ Սարգսյանի տասնամյա նախագահության ելույթների համառոտ ժողովածուն էր, մինչեւ 2040 թվականի երկարաձգված «հեփի-էնդով», որովհետեւ նախատեսված ժամկետում «հեփի-էնդ» տեղի չունեցավ: Ընդ որում, Սերժ Սարգսյանը չունի նաեւ անգամ նոր «հեփի-էնդի» հույս, այդ իսկ պատճառով դրա սպասումը տարել է հնարավորինս հեռու՝ 2040, հույսը դնելով ժամանակի վրա:
Մյուս կողմից, ծրագիրը կառուցելով Սերժ Սարգսյանի ելույթի վրա, Կարեն Կարապետյանն ըստ ամենայնի հենց նրա վրա է դնում պատասխանատվությունը: Կառավարության ծրագիրը, գործնականում լինելով զարգացման փաստաթուղթ, Հայաստանի ներիշխանական եւ ներքաղաքական տրամաբանության համատեքստում իրականում հրաժարականի պատճառ է:
Այդպիսով, հայտարարելով, որ կառավարության ծրագրի հիմքում, ելակետում Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ելույթն է, ՀՀԿ խոսնակը փաստորեն հայտարարել է, որ կառավարության ծրագիրը կարող է լինել ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ Սերժ Սարգսյանի «հրաժարականի պատճառ»:
Այդպիսով, խորհրդարանի հաստատմանն է ներկայացվելու Սերժ Սարգսյանի «հրաժարականի պատճառը»: Որովհետեւ, եթե կառավարությունը հաջողի ծրագիրը, ապա դա նշանակելու է Կարեն Կարապետյանի արդյունավետություն, իսկ այդ դեպքում տարօրինակ կլինի նրան չվերանշանակելը 2018 թվականին:
Եթե կառավարության ծրագիրը չհաջողվի, ապա մի կողմից իհարկե կարող է ստացվել, որ Կարապետյանը վատ է աշխատել եւ չի կարողացել արդյունք ապահովել, բայց մյուս կողմից էլ ստացվում է, որ թիրախներն ու նպատակները Կարեն Կարապետյանը չի սահմանել, այլ Սերժ Սարգսյանը՝ իսկ նա կարող էր սահմանել անիրատեսական թիրախներ:
Այսինքն, բոլոր դեպքերում, հայտարարությունը, որ կառավարության ծրագիրը Սերժ Սարգսյանի նախանշած հիմքով է, գցում է ավելի շուտ Սարգսյանի, կամ Կարապետյանի «հրաժարականի հիմքը»:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing