ՀՀԿ-ն հավակնում է Ծառուկյանի քաղաքական տարածքին

207

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Խորհրդարանի նիստում օրինագծերից մեկի քվեարկության և քննարկման առիթով վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀԿ ու Ծառուկյան խմբակցությունների ներկայացուցիչների միջև, ընդհուպ անձնական որակումների մակարդակի: Հետաքրքիրը սակայն վիճաբանության բովանդակությունն ու բուն առիթը չէ, այլ այն, որ դրանով կամա, թե ակամա արտահայտվում է ներկայիս քաղաքական իրավիճակում ներքաղաքական զարգացումների առանցքային գծերից մեկը՝ ՀՀԿ-Ծառուկյան քաղաքական միավորների դիմակայությունը:

Սա հայաստանյան ներքաղաքական կյանքի համար ամենևին նոր դիմակայություն չէ և ավելին, անցնող տասը տարին ըստ էության անցել է հենց այս դիմակայության լույսի ներքո, այս կամ այն կերպ մնացյալ բոլոր զարգացումների կամ գործընթացների վրա թողնելով հենց այդ առանցքային երկու միավորի դիմակայության կամ պայքարի ազդեցությունը: Բայց այժմ նոր իրավիճակ է և երկու ուժերը լիովին նոր կարգավիճակում են՝ թե ՀՀԿ-ն, թե Ծառուկյան դաշինքը: Եվ այդ իմաստով նրանց միջև դիմակայությունը կամ պայքարն էլ ստանում է նոր բնույթ: Դա արդեն առաջին ու երկրորդ ուժերի, կամ անփոփոխ իշխանության և իշխող համակարգում շոշափելիորեն այլ դիրքավորում ընտրած և համակարգի ու ընդդիմության միջև դիրքավորված ԲՀԿ-ի պայքարը չէ, որտեղ ԲՀԿ-ն նաև ընկալվում է իբրև բուֆեր և ինքն էլ սկզբունքորեն դեմ չէր այդ դերին մի շարք պատճառներով: Ներկայումս փոխված են երկու ուժերի թե կարգավիճակը, թե խնդիրները:

Բոլորի խնդիրներն են իհարկե փոխված, սակայն Ծառուկյանն ու ՀՀԿ-ն անկասկած ունեն առանձնահատուկ դերակատարում, քանի որ գործնականում աներկբա է, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին զուգահեռ, տեսանելի ապագայում քաղաքական համակարգը կազմելու են առավելապես այդ երկու ուժերը՝ «Ծառուկյան» դաշինքը և ՀՀԿ-ն: Դա գրեթե օբյեկտիվ իրականությունն է, քանի որ այլ ուժեր պարզապես չեն հասցնի այդ ժամանակահատվածում դիրքավորվել այնպես, որ հավակնեն քաղաքական համակարգի հիմնական մասնակցի դերին: Դա իհարկե այն դեպքում, եթե մենք դիտարկում ենք արտահերթ ընտրության հնարավորությունը առաջիկա մեկ տարվա կտրվածքով, ոչ ավելի, քանի որ հակառակ պարագայում կոնֆիգուրացիոն փոփոխությունների ավելի մեծ շրջանակի հավանականությունը զգալիորեն ավելանում է:

Մյուս կողմից, այդ հարցում թե «Ծառուկյան» դաշինքը, թե ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կամա, թե ակամա դաշնակիցն են, այսինքն հենց դա նրանց պետք է մղի աջակցել հնարավորինս արագ ժամկետում ընտրական օրենսդրության բարեփոխման և արտահերթ ընտրության անցկացման հարցում: Այստեղ խնդիրը այն է, որ երկու ուժերը միմյանց են մրցակից և թվացյալ է, թե նրանք Փաշինյանի մրցակիցն են:

Փաշինյանն ու քաղաքական թիմը առաջիկա ամիսների կտրվածքով մրցակցությունից դուրս են թե Ծառուկյան դաշինքի, թե առավել ևս ՀՀԿ համար, եթե չլինի որևէ արտառոց ֆորս-մաժորային զարգացում, որը գլխիվայր շուռ կտա իրավիճակը: Հետևաբար ՀՀԿ-ն ու Ծառուկյանը մրցակից են միմյանց, ոչ թե Փաշինյանին և այդ իմաստով անգամ կառավարությանն ուղղված քննադատության պայմաններում այդ առումով Հանրապետականները մրցում են ավելի շատ ընդդիմության կարգավիճակի համար Ծառուկյան դաշինքի հետ, քան վիճարկում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի իշխանական կարգավիճակը: Բանն այն է, որ այդտեղ վիճարկելու շանս ՀՀԿ-ն չունի, իսկ ահա Ծառուկյան դաշինքի զբաղեցրած քաղաքական տիրույթի հաշվին տեղ վերցնելու շանսը ՀՀԿ համար միանգամայն իրատեսական է, քանի դեռ Ծառուկյան միավորը շարունակում է էապես ասոցացվել հին համակարգի հետ, անգամ համաժողովրդական շարժմանն աջակցելուց հետո: Այդ ասոցիացիայից հեռանալու համար Ծառուկյան դաշինքը ունի անելու դեռևս մի շարք առանցքային քայլեր:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache