ՀՀԿ-ն հրաժարվեց Սերժ Սարգսյանից

391

1in.am — Մանվել Գրիգորյանի գործն ու դրա հանդեպ ՀՀԿ դիրքորոշումը հետաքրքիր կերպով ցույց տվեցին, թե ինչու Սերժ Սարգսյանն այդպես էլ տասը տարի նախագահության ընթացքում որևէ քաղաքական պլան չվստահեց ՀՀԿ-ին մինչև վերջին պահը: Սարգսյանը ամենից լավ գիտեր, որ այդ պլանը ՀՀԿ-ն «վաճառքի» կհաներ առաջին իսկ հարմար «առաջարկի» դեպքում: Այդ իսկ պատճառով Սարգսյանը իր նախագահության ամբողջ ընթացքում ՀՀԿ-ի հետ չէր կիսում իր պլանները՝ մինչև դրանց իրականացման պահը, ինչն էլ բազմաթիվ անգամներ դրսևորվում էր նրանով, որ մինչև վերջին պահը ՀՀԿ-ն մի բան էր ասում, իսկ Սերժ Սարգսյանը անում էր այլ բան:

Բավական էր, որպեսզի գեներալ Մանվելը ընկներ, ու ՀՀԿ-ն անմիջապես հանձնեց նրան, բայց իհարկե ոչ թե պետության հանդեպ նրա քայլերից վրդովված, այլ պետության հանդեպ, այսպես ասած, սեփական քայլերի համար պատասխանատվությունից խուսանավելու, լղոզելու հույսով:

Խնդիրը տվյալ պարագայում, սակայն, ոչ թե Մանվել-ՀՀԿ, այլ ՀՀԿ-Սերժ Սարգսյան տիրույթում է: Հանրապետականն իրականում հանձնում է, «ձեռքերը լվանում» է ոչ թե Մանվել Գրիգորյանից, այլ Սերժ Սարգսյանից: Հանձնելով Գրիգորյանին, հայտարարելով, թե չգիտեին նրա արածների մասին՝ Հանրապետական կուսակցության տարբեր դերակատարներ անուղղակի հայտարարում են Սերժ Սարգսյանի արածներից անտեղյակ լինելու, այդ արածներից, այսպես ասած, հրաժարվելու մասին: Որովհետև նրանք բոլորը գիտեն, հասկանում են, որ գեներալ Մանվելը չէր կարող հենց այնպես «մեխն» էլ, «չագուճն» էլ տալ «վերջին բոլշևիկի» ձեռքը և ասել՝ ինչ ուզում ես արա, եթե ի պատասխան չէր ստացել «ինչ ուզել անելու» երաշխիքը կամ թույլտվությունը:

Ի վերջո, ՀՀԿ-ն էր լավագույնս տեսնում, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո գեներալ Մանվելն իր խմբավորումով Արցախից հետ չեկավ այնքան ժամանակ՝ չնայած արցախցիների բազմաթիվ բողոքներին և հեռանալու պահանջներին, մինչև որ նրան այնտեղից հետ չկանչեց Սերժ Սարգսյանը:

Ըստ այդմ, ՀՀԿ-ն այժմ Սերժ Սարգսյանից է «ավանսով» հրաժարվում, որովհետև գեներալ Մանվելից հրաժարվելը խոշոր հաշվով այլևս իմաստ չունի: Իսկ ահա Սերժ Սարգսյանի պարագայում ամեն ինչ դեռ առջևում է, քանի որ ստեղծված է իսկապես հետաքրքիր մի իրավիճակ:

Իրավապահները հայտարարում են, որ բացահայտումները դեռ նոր են միայն սկսվել: Նոր իշխանությունը հավաստիացնում է, որ չկա կաշկանդող ոչինչ, որ անհրաժեշտության, փաստերի և ապացույցների դեպքում քննությունն ու բացահայտումները հասնեն մինչև անգամ նախկին առաջին դեմքերին: Դե, իսկ եթե դրանք հասնեն ընդհուպ առաջին դեմքերին, ապա անկասկած է, որ «երկրորդական» դեմքերին հասնելը ուղղակի տեխնիկայի հարց է:

Դրա արդյունքում առաջանում է իրավիճակ, երբ «առաջին» ու «երկրորդական» դեմքերի մոտ ձևավորվում է շահերի բախում՝ այն իմաստով, որ քննության հետ գործակցելու ինքնապաշտպանական տրամաբանությամբ նրանք միմյանց կարող են դիտարկել այլևս որպես «զոհաբերվող»՝ հանուն «փրկության»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache