ՀՀԿ-ն կորցրեց իշխանությունը

0

lragir.am — Հանրապետական կուսակցությունը 55 դեմ ձայնով խոչընդոտեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրությունը, փաստորեն քվեարկելով ներքաղաքական ճգնաժամը երկարաձգելու եւ փակուղային իրավիճակը ավելի բարդացնելու օգտին:

Այժմ, յոթ օր անց, ըստ Սահմանադրության, պետք է լինի վարչապետի նոր քվեարկություն, որը եթե դարձյալ անցնի ապարդյուն, ապա Սահմանադրության ուժով Ազգային Ժողովը պետք է լուծարվի, եւ պետք է նշանակվի արտահերթ ընտրություն:

Ո՞ր տարբերակով կզարգանա իրավիճակը՝ յոթ օր անց կարվի ՀՀԿ-ական վարչապետ ընտրելու հերթական անխոհեմ փո՞րձը, թե՞ կլինի այլ զարգացում, իրավիճակի այնպիսի փոփոխություն, երբ ՀՀԿ-ն այլեւս ստիպված կլինի քվեարկել ժողովրդական շարժման թեկնածուի օգտին, կամ այլեւս կքվեարկի ոչ թե ՀՀԿ-ն, այլ առանձին պատգամավորներ:

Իրավիճակի զարգացման սցենարները կարող են լինել ամենատարբեր, եւ ամեն բան կախված է նրանից, թե ինչպիսի գործողությունների կգնա Նիկոլ Փաշինյանն իր շարժումով:

Ինչ կանի շարժումը, եթե յոթ օր անց քվեարկությունը դարձյալ ձախողվի, եւ արդեն լինի արտահերթ ընտրություն, բայց այսպես ասած խաղի գործող կանոններով ու գործող ինստիտուտների վերահսկողությամբ: Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ կբոյկոտեն այդպիսի ընտրությունը: Դա վերջնակա՞ն դիրքորոշում է, թե՞ կարող է փոխվել: Ինչպե՞ս կպահի իրեն Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ-ն, որոնք հայտարարել են ժողովրդական շարժմանը միանալու մասին: Նրանք կմնա՞ն այդ դիրքում, թե՞ կհամարեն, որ Նիկոլին առաջին փուլում օգնեցին ինչպես կարող են եւ կդնեն մարտավարության փոփոխության հարց:

Հարցերն իսկապես շատ են, այդ թվում եւ այն, թե արդյոք իշխանությունը կունենա ուժի մասին մտածելու անխոհեմություն, առավել եւս արտաքին որեւէ աջակցություն սադրելու անխոհեմություն, ի դեմս Ռուսաստանի աջակցության ավելի ինտենսիվ հայցումների: Իսկ կունենա՞ Ռուսաստանն այդպիսի անխոհեմություն, իր համար բացարձակապես որեւէ խնդիր չներկայացնող իրավիճակում խնդիրներ առաջացնել իշխանության պահպանման անհամարժեք քայլով:

Հարցերը եւ հնարավոր սցենարները իսկապես բազմազան են, սակայն ուժային տարբերակը ոչ թե սցենար է, այլ ուղղակի Հայաստանի վախճանը:

Մյուս կողմից, ներկայում կա մի իրավիճակ, երբ Հայաստանում կա ոչ թե պետական իշխանություն փոխելու, այլ հաստատելու խնդիր: Խորհրդարանի քվեարկությամբ ՀՀԿ-ն իրականում ոչ թե պահեց իշխանությունը, այլ հրաժարվեց դրանից: Դա քվեարկություն էր ոչ թե Նիկոլ Փաշինյանին իշխանության չթողնելու, այլ Հայաստանում անիշխանություն հաստատելու օգտին, որովհետեւ ամենեւին չկա Նիկոլ Փաշինյանին իշխանության թողնելու հարց: Հարցը ընդամենը նրա միջոցով նոր իշխանություն եւ ներքաղաքական նոր կոնֆիգուրացիա ձեւավորելու խնդիրն է, որը կլինի հանրության տրամադրությունն ու վստահությունը վայելող կոնֆիգուրացիա, այլ կերպ ասած պետությունն ամրացնող կոնֆիգուրացիա:

ՀՀԿ-ն, սակայն, իբրեւ ամբողջություն, որոշեց զբաղվել ոչ թե պետության, այլ պետության մասին մտահոգության անվան տակ զբաղվել ընդամենը սեփական կլանային խնդիրներով, պետական եւ հանրային ռեսուրսի հաշվին հարստանալու հնարավորությունը պահելու խնդիրներով:

ՀՀԿ-ն թվացյալ միասնականության ներքո ցույց տվեց այդ առումով ներքին լրջագույն խնդիրներն ու չպարզաբանված հարաբերությունները: ՀՀԿ-ն կողմնորոշվելով կորպորատիվ շահերի հարցում,  չկարողացավ կողմնորոշվել իր քաղաքական ապագայի եւ հեռանկարի հարցում: Ու եթե մինչեւ այժմ այդ հեռանկարն առկա էր, ապա այժմ արդեն ՀՀԿ-ն փակեց այդ քաղաքական հեռանկարը գրեթե վերջնականապես:

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ հեռանկարը փակվեց Հայաստանի հեռանկարին նետված լրջագույն մարտահրավերի հաշվին:

Ներկայում Հայաստանը կանգնած է երեք սյուների վրա եւ գործնականում չունի քաղաքական իշխանություն: Թեեւ, գործնականում արդեն տեւական ժամանակ է պետական կառավարումը այդ հենքի վրա է առանց քաղաքական հենարանի: Երեք սյուներն են՝ ԱԱԾ, բանակ, ոստիկանություն: Հայաստանը նրանց քաղաքական ողջախոհության եւ համարժեքության խնամքին է: Մինչեւ այս պահը դրանք գտնվել են բարձրության վրա: Ընդ որում, խոսքը ժողովրդի կողքին գտնվել-չգտնվելը չէ, այլ պետական բարձրության վրա: Կմնա՞ն այդտեղ հետայսու:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache