ՀՀԿ-ն մնաց հակահեղափոխության կոկորդին

66

Երեւանի Ավագանու արտահերթ ընտրությանն ընդառաջ հաճախ է հնչում հարցը, թե ինչու ընտրությանը չի մասնակցելու ՀՀԿ-ն: Մի կողմից այդ հարցն ավելորդ է եւ ակնհայտ է պատասխանը՝ չի մասնակցելու, որովհետեւ չունի այդ ընտրությանը հաջողության, նույնիսկ անցողիկ շեմը հաղթահարելու որեւէ շանս: Մյուս կողմից, ՀՀԿ չմասնակցելու հանգամանքն ունի ավելի հետաքրքիր եւ նուրբ շերտեր:

Այն, որ ՀՀԿ-ն չունի հաջողության որեւէ շանս եւ ըստ այդմ մասնակցությունից հրաժարվելը լիովին հասկանալի է, աներկբա է: Սակայն ՀՀԿ չմասնակցելն անուղղակի առնչություն ունի թավշյա հեղափոխության շարունակվող գործընթացին ընդհանրապես: Այդ գործընթացի համար ՀՀԿ այսպես ասած նվազագույն գոյությունը շատ կարեւոր է: Իսկ այդ նվազագույն գոյության համար ՀՀԿ-ն պետք է թերեւս զերծ մնա այնպիսի քայլերից, որոնք կարող են վերջնականապես ոչնչացնել այդ քաղաքական միավորը:

Երեւանի Ավագանու ընտրությանը մասնակցելը պարունակում էր այդ ռիսկը: Դա ռիսկ է առաջին հերթին հենց ՀՀԿ համար, այն սուբյեկտների համար, որոնք մնացել են եւ մտածում են կուսակցության այսպես ասած ռեաբիլիտացիայի մասին, թեկուզ տարիների հեռանկարով: Այդ իմաստով, ՀՀԿ-ն անշուշտ խնայում է ուժերն ու ռեսուրսները ավելի կարեւորի՝ խորհրդարանի ընտրության համար, որպեսզի կարողանա գոնե հայտնվել խորհրդարանում:

Միեւնույն ժամանակ, ՀՀԿ վերջնական ոչնչացումը ամենեւին նպաստավոր չէ թավշյա հեղափոխության համար: ՀՀԿ գոյությունը զսպում է մնացյալ բոլոր ուժերին, տարբեր պատճառներով: ՀՀԿ-ն հեղափոխությանը չի սպառնում ոչնչով, գուցե միայն տրամադրություն փչացնելով կամ նյարդայնացնելով, թեեւ դա էլ կարող է ունենալ մշտապես զգոն պահելու էֆեկտ:

Հանրապետականն իրական սպառնալիք ու մրցակից է մյուս ուժերի համար, որովհետեւ էապես կաշկանդում է նրանց նոր կառավարության հանդեպ դիրքորոշումների եւ քայլերի մասով: Այդ իմաստով առիթ եմ ունեցել ասել դեռեւս շաբաթներ առաջ, որ ՀՀԿ-ն հակահեղափոխության վտանգ չէ, այլ հեղափոխության դե ֆակտո պահապանը՝ կամա, թե ակամա: ՀՀԿ-ն հակահեղափոխություն չէ, այլ խոշոր հաշվով տարբեր այլ քողերով ծավալվելու ելք փնտրող հակահեղափոխության կոկորդին մնացած փուշ:

Այդ տեսանկյունից, Երեւանի Ավագանու ընտրությանը չմասնակցելով ՀՀԿ-ն վերջնական կամ անդառնալի հարվածից պաշտպանում է ինքն իրեն, իսկ դրանով նաեւ մյուս ուժերի հարվածների աստիճանական ուժգնացումից պաշտպանում է հեղափոխությանը, որովհետեւ որովհետեւ քանի կա ՀՀԿ-ն՝ որեւէ ուժ չի ցանկանա հեղափոխությանն ընդդիմություն դառնալով ինքնաբերաբար ճանաչվել ՀՀԿ դաշնակից:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache