ՀՀԿ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

0

hraparak.am -Մեկ օրվա մեջ Հանրապետականի ապաշխարումից ու ժողովրդի թեկնածուին ընտրելու որոշում կայացնելուց հետո խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին երեկ նույնիսկ խոշորացույցով հնարավոր չէր գտնել խորհրդարանում։ Ներկաների մեծ մասն էլ ամեն ինչ անում էր լրագրողների հետ չառերեսվելու եւ հետողորմյան չմեկնաբանելու համար։ Բանն այն է, որ մայիսի 1-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին ԵԱՏՄ-ի, Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ դիքորոշումները փոխելու համար ջախջախիչ քննադատության ենթարկած ու Փաշինյանին դեմ քվեարկած ՀՀԿ-ն ինքն է կանգնել մեկ գիշերում դիրքորոշում փոխելու փաստի առաջ, եւ մայիսի 8-ին ՀՀԿ-ականների աջակցությամբ խորհրդարանը կընտրի հաջորդ վարչապետին։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր հարցին, թե ի վերջո ինչ կատարվեց մեկ գիշերվա ընթացքում, որ ՀՀԿ-ն փոխեց որոշումը, պատասխանեց, որ անձամբ ինքը չի փոխել դիրքորոշումը եւ կրկին դեմ է քվեարկելու։ Ինչ վերաբերում է խմբակցության դիրքորոշմանը, ապա, նրա խոսքով, քաղաքական իրողություն է փոխվել։ Բայց քաղաքական իրողությունը փոխվել է մեկ ամիս առաջ, որի տրամաբանական հանգրվանը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր նաեւ, այսինքն՝ ՀՀԿ-ն չի՞ գիտակցել այդ իրողությունը։ «Իհարկե, ունեցել է, եթե ձեզ թվում է՝ մենք մայիսի 1-ին չէինք գիտակցում, որ ժողովուրդ կա, պրեսինգ կա, չարաչար սխալվում եք։ Այդ գիտակցումն ունեցել եմ նաեւ ես, բայց քվեարկել եմ հանուն Հայաստանի եւ հանուն Արցախի եւ պատրաստվում եմ նույն ձեւով քվեարկել»։ Շարմազանովը վստահեցրեց, որ այդ որոշումը կայացվել է խմբակցությունում, եւ Սերժ Սարգսյանը որեւէ միջամտություն չի գործել։ «Չի կարելի հայտնի կենդանու համառությամբ իրականությունը չտեսնել եւ գնալ ու գլուխը խփել պատին։ Մենք պետք է հասկանանք, որ ապակայունացման տանելու հայրենիք չունենք, ու հստակ նայենք իրականության աչքերին»,- ասաց Շարմազանովը՝ հավաստիացնելով, որ իրենք Փաշինյանի համար կապահովեն պահանջվող 53 կողմ ձայնը։

Խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, որը մայիսի 1-ին իր ելույթը եզրափակեց «Ինձ մնում է Աստված կանչել՝ փրկիր այս մարդուն իրենից» խոսքերով, ասաց, որ ինքն էլ չի փոխել իր կարծիքը եւ կքվեարկի դեմ․ «Իսկ մեկ գիշերվա մեջ ոչինչ չփոխվեց, ուղղակի ամեն ինչը կայացվում է խմբակցության նիստում»։ Փոխարենը Գագիկ Մինասյանըփոքր-ինչ փակագծեր բացեց։ Պարզվում է՝ ՀՀԿ-ում մտածված են կազմակերպել Փաշինյան-ՀՀԿ շփումների հանրային դիտումը։ Մինասյանն ուշադրություն հրավիրեց Նիկոլ Փաշինյանի հետ կապված ՀՀԿ-ի վերջին օրերի գործողություններին եւ այն փաստին, որ թե՛ խմբակցության հետ հանդիպումը, թե՛ ԱԺ հատուկ նիստն ուղիղ հեռարձակմամբ հասանելի են դարձրել քաղաքացիներին ահա թե ինչու․ «Մենք հանդիպման ընթացքում բարձրացրեցինք չափազանց կարեւոր հարցեր կարեւոր պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացրած մարդու համար, ապա ԱԺ նիստին շարունակեցինք նույնպիսի հարցեր բարձրացնել, ապա մեր ելույթներում ներկայացրեցինք մեր տեսակետները։ Եվ քանի որ բոլոր քննարկումներն ուղիղ հեռարձակվում էին, մեր հարցադրումները, ելույթները հասանելի էին նաեւ այն քաղաքացիների համար, որոնք հրապարակում միտինգով էին ներկայացնում իրենց կամարտահայտությունը։ Եվ, ի վերջո, մենք եկանք այն համոզման, որ պարոն Փաշինյանը չունի բավարար պատրաստվածություն, որպեսզի իրականացնի այն խնդիրները, որն անհրաժեշտ է մեր պետականության եւ անվտանգության տեսանկյունից, այդ պատճառով դեմ քվեարկեցինք։ Սակայն մեր համար չափազանց կարեւոր էր, թե հանրության այն հատվածը, որը հրապարակում է կանգնած, ինչպես է գնահատում այդ ամենը, չէ՞ որ այդ ամենը հրապարակային էր, ի վերջո, հանրությունը տեսնո՞ւմ է պարոն Փաշինյանին որպես վարչապետ։ Եվ երբ հաջորդ օրը մենք տեսանք դիքորոշում, որ, այո, կարծես թե տեսնում է, մենք կայացրեցինք նման որոշում»։

 Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինքներդ ընդունում եք, որ ժողովուրդն այլ կարծիք ունի, ՀՀԿ-ն՝ այլ, մինչդեռ դուք ձեզ համարում եք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ Հարցին պարոն Մինասյանն այսպես պատասխանեց․ «Երբ Դուք ասում եք «այսինքն», նշանակում է՝ ինձ լավ չեք հասկանում։ Ինձ «այսինքն» չի կարելի ասել»։ Այսինքն՝ ՀՀԿ-ն իր համոզմունքներին դեմ գնալով է վարչապետ ընտրելու։ «Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը կարողանա իր դիրքորոշումը հստակ արտահայտի, կազմակերպեցինք ուղիղ հեռարձակում եւ արդյունքում կայացրեցինք մեր որոշումը»։

Գագիկ Մինասյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե վարչապետի ընտրությունից հետո ՀՀԿ-ն խորհրդարանում կարգավիճակ է փոխելու՝ դառնալով ընդդիմություն եւ, ընդհանրապես՝ ինչպե՞ս է ԱԺ-ում ապահովելու ընդդիմության ներկայացվածության հարցը, որը Սահմանադրությամբ նախատեսում է պատգամավորների առնվազն 1/3-ի ներկայացվածություն։ «Աշխարհում կան տարբեր մոդելներ, կա նաեւ փոքրամասնության իշխանություն մոդելը, ես չգիտեմ՝ ինչպես կզարգանա, բայց խորհրդարանական համակարգն այս մոդելը եւս թույլատրում է»։ Հետաքրքրվեցինք՝ մեր Սահմանադրությունը թույլատրո՞ւմ է այդ մոդելը։ Մինասյանը պատասխանեց, որ հարցը Սահմանադրությամբ չի կարգավորվում։ Ի դեպ, նույն հարցինի պատասխան՝ Էդուարդ Շարմազանովը հորդորեց սպասել վարչապետի ընտրությանը, որից հետո ամեն ինչ կհստակեցվի։ ՀՀԿ-ն, նրա խոսքով, պատրաստ է դառնալ ընդդիմություն։ ՀՀԿ խոսնակը ցիտեց դասականներից մեկին, որ «եթե քո մաշկը ռնգեղջյուրի մաշկից հաստ չէ, մի մտիր քաղաքականություն»․ «Այո, պատրաստ ենք բոլոր կարգավիճակներին, բա մեր գործընկերներն ի՞նչ ասեն, որ 20-25 տարի է՝ ընդդիմություն են»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache