ՀՀԿ-ն փլուզվում է․ դա Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց

163

1in.am — Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեմայով մենք որևէ քննարկում չունենք, որովհետև դա բավական վտանգավոր քայլ է. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Նման որոշումը հղի է վտանգներով, ապագայում ԱԺ-ն կլինի միահեծան, և այս պարագայում, չեմ կարծում, որ խորհրդարանական և թռիչքաձև ժողովրդավար երկրում դա արդարացված կլինի: Այդ պարագայում չի կարող իրական ընդդիմություն ձևավորվել»,- ասել է նա:

Վահրամ Բաղդասարյանի այս կարծիքը՝ եթե նույնիսկ դիտարկելի կամ քննարկելի է բովանդակային հարթության վրա, առնվազն ժամանակավրեպ է։ Այնքան էլ պարզ չէ, թե առհասարակ ում է ներկայացնում Բաղդասարյանը, որովհետև ՀՀԿ փլուզումը, կուսակցությունում կենտրոնախույս տրամադրությունները զարգանում են կայծակնային արագությամբ ու այլևս ակնհայտ է դառնում, որ արտահերթ ընտրությունների պահանջը չի հանդիպելու լուրջ դիմադրության։

Այսօր ՀՀԿ ներկա ու նախկին մի քանի գործիչներ, ըստ էության, համերաշխվել են Նիկոլ Փաշինյանի օրակարգին ու ակնհայտ է, որ այդ գործընթացը որոշակիորեն ինստիտուցիոնալ բնույթ ունի, համենայնդեպս՝ տեղի ունեցածում որոշակի միասնական տրամաբանություն է գործում։

Հանրապետական խմբակցության ներկա ու նախկին անդամներից ոմանք այսօր միաժամանակ հայտարարել են, որ կողմ են ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Փաշինյանի առաջարկին։

Նման հայտարարությամբ հանդես է եկել հեղափոխությունից հետո ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Արման Սահակյանը` նշելով, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանն ու դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Սիվիլնեթին» հայտնել է, որ պատրաստվում է լքել ՀՀԿ–ն ու չի մասնակցելու արտահերթ ընտրություններին` երբ էլ դրանք անցկացվեն։

Սակայն նշանային է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի հարցազրույցը։ Նա հայտարարել է, որ ցանկացած ողջամիտ մարդ պարտավոր է աջակցել Փաշինյանին։ «Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ իր ցանկությունների մեջ: Ինձ համար սա չափազանց կարևոր նշանակություն ունի»,- ասել է նա` հավելելով, որ պատրաստ է կանգնել Փաշինյանի կողքին ու անհրաժեշտ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Ի դեպ՝ ուշագրավ է, որ օրեր առաջ ՄԻԵԴ-ի հետ կապված գործեր քննարկելու նպատակով Գևորգ Կոստանյանի հետ հանդիպել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Իհարկե, չենք բացառում, որ Նիկոլ Փաշինյանի թիմը հետևողական աշխատանք է տանում՝ դիմադրության օջախը վերացնելու ուղղությամբ։ Մյուս կողմից՝ այս հանգամանքը գերագնահատել չի կարելի․ Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին վայելում է հասարակության ճնշող մեծամասնության վստահությունն ու քաղաքական համաձայնությունների անհրաժեշտությունը, ըստ էության, չունի։

Իհարկե, այսօր Նիկոլ Փաշինյանը խթանել է ՀՀԿ փլուզման գործընթացը՝ «համաներում» հայտարարելով այն պատգամավորների նկատմամբ, որոնք կմիանան իրենց օրակարգին։

«Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր, քան ժողովրդի կամքը։ Դուխո՛վ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀԿ-ի ներսում կենտրոնախույս, անգամ կազմաքանդման գործընթացներն անխուսափելի էին։ Մենք գործ ունենք ոչ թե դասական կուսակցության, այլ քրեաօլիգարխիկ տարբեր սեգմենտների հետ, որոնց միավորում էր իշխանությունը։ Իշխանության կորստից հետո ՀՀԿ-ն որևէ քայլ չարեց մոդեռնիզացման ուղղությամբ և, վաղ թե ուշ, կուսակցության ներսում առաջանալու էր շահերի անխուսափելի բախում, ինչին ակտիվորեն նպաստեցին նաև Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվությունը, նրա ռևանշիստական ձգտումները։

Հոկտեմբերի 2-ի խորհրդարանական ավանտյուրան հնարավոր դարձավ հենց երկրորդ նախագահի միջամտության ու գործուն ջանքերի շնորհիվ։ Քոչարյանը, ըստ էության, ավելի շատ նպաստեց հասարակության կոնսոլիդացիային՝ բաժանարար գծեր առաջացնելով ՀՀԿ-ում ու ԲՀԿ-ում, որոնք այլևս անհաղթահարելի են։

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հաջորդ օրերին փորձեցին վերադարձնել վերահսկողությունն իրենց կուսակցություններում, բայց դա գործնականում, անգամ տեսականորեն, հնարավոր չէ։ Չկա մերանը, երբեմնի կուռ թվացող համակարգի կոնսոլիդացիայի առանցքը, ու տարբեր սեգմենտներ, պատգամավորներ փնտրում են հեղափոխության առաջ քաղաքակիրթ կապիտուլյացիայի իրենց ճանապարհը կամ նոր Հայաստանին ինտեգրվելու իրենց բանաձևը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache