Լրահոս

ՀՀԿ-ն փորձում է Սարգսյանի ապագայի հարցում «պայմանավորվել» Մոսկվայի հետ

 

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն ինչպես ասում են «խառնեց մեղվի բույնը»: Նա առաջարկեց նախաձեռնել ԵՏՄ անդամակցությունը չեղարկելու գործընթաց, քանի որ այդ միությունը չի բերել ոչ մի օգուտ, բայց կապել է մեր ձեռքերը:
Մարուքյանի հայտարարությունը միարժեք չի ընկալվել նույնիսկ նրա խմբակցությունում: Օրինակ, նրան աջակցել է Արամ Սարգսյանը, բայց չի արտահայտվել Նիկոլ Փաշինյանը:
Փոխարենը դա չպայթած ռումբի էֆեկտ է թողել իշխանության մոտ: ՀՀԿ ֆունկցիոներները կարծես թե առիթի էին սպասում, որպեսզի, մի կողմից արդիականանա թեման եւ արտահայտեն այն, ինչ ուզում էին ասել Ռուսաստանին, մյուս կողմից՝ որպեսզի Մոսկվային հայտնեն իրենց անձնական հավատարմությունը, եթե…
Այսպես, թե այնպես, ԵԱՏՄ-ից դուրս գալու թեման դադարել է լինել մարգինալ եւ դարձել է միանգամայն ընդունելի հանրային դիսկուրս, որը քննարկվում է ինչպես միանգամայն իրատեսական նախաձեռնություն: ՀՀԿ-ն ակտիվորեն ներկայացնում է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ դրական ու բացասական կողմերը, կարծես ակնարկելով Ռուսաստանին, որ կան մինուսներ, եւ եթե Մոսկվան վարվի Հայաստանի (կամ Սերժ Սարգսյանի) հանդեպ վատ, ապա Հայաստանի հանրությունը հոգեբանորեն պատրաստ է սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց:
Զուգահռաբար ակտիվացան Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերությունները: Մի կողմից ԱՄՆ դեսպանը հանդիպում է Հայաստանի խորհրդարանի ղեկավարների հետ եւ անում հաճոյախոսություններ, իսկ մյուս կողմից Հայաստան է ժամանել ԱՄՆ առեւտրի փոխնախարար Դեն Մուլանիի գլխավորած պատվիրակությունը: Նա հայտարարել է, որ Հայաստան է ժամանել «առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ներքո երկկողմ առեւտրային ու ներդրումային կապը զարգացնելու» նպատակով:
Բայց առայժմ ՀՀԿ-ն փորձում է պայմանավորվել Ռուսաստանի հետ, չանելով կտրուկ քայլեր: Ինչն է «պայմանագրի» առարկան, դժվար է ասել: Կարծիք կա, որ խոսքը Սերժ Սարգսյանի եւ նրա ՀՀԿ-ական թիմի քաղաքական ապագայի մասին է: Ներկայումս ակտիվորեն քննարկվում են 2018-ի ապրիլից հետո Սերժ Սարգսյանի հետագա «աշխատանքի տեղավորման» եւ իշխանության նոր թիմի մուտք թույլ չտալու հարցերը, որին, գուցե, մղում են Մոսկվայից:
Դա իհարկե չի նշանակում, որ Էդմոն Մարուքյանի նախաձեռնությունը համաձայնեցված էր ՀՀԿ հետ, հնարավոր է, իշխող կուսակցությունը ուղղակի օգտվեց այդ նախաձեռնությունից եւ գեներացնում է այն, որպեսզի ունենա Կրեմլի հանդեպ ավելի շատ փաստարկներ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am