ՀՀԿ-ն ՃՈ աշխատակցի կողմից շարժական սարքերով տեսանկարահանումն արգելող փոփոխություն է նախաձեռնել

90

news.am — Այսօր շրջանառության մեջ է դրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննսիյանի Վահրամ Բաղդասարյանի, Գեւորգ Կոստանյանի, Անդրանիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգելվի ՃՈ ծառայողի կողմից շարժական տեխնիկական սարքերով լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա մասնավորապես, նշել է. «Այսօր շրջանառության մեջ դրվեց իմ եւ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գեւորգ Կոստանյանի, Անդրանիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես հիշում եք 2018թ. մարտի 3-ի Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում բարձրաձայնվեց շարժական տեխնիկական միջոցներով ճանապարհային երթեւեկության խախտումների արձանագրման փաստի հետ կապված մտահոգությունները եւ այդ ուղղությամբ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։

Քննարկումների արդյունքում որոշվեց փոփոխություն կատարել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում եւ ընդհանրապես բացառել ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից ճանապարհային անվտանգությունն ապահովելիս շարժական տեխնիկական սարքերով լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը:

Նախագծի հիմքում ընկած են բազմիցս բարձրաձայնված մտահոգություններ առ այն, որ կա խնդիր Սահմանադրությամբ ամրագրված անձնական կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության պահանջների հետ, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը չի ապահովում պատշաճ ծանուցումը։ Այլ կերպ ասած, այս կարգավորումը ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պատասխաններ տալիս:

Հ.Գ. Նոր ձեւավորված կառավարության կողմից համապատասխան առաջարկների դեպքում (անշարժ տեխնիկական միջոցների կիրառմամբ տեսանկարահանում կամ լուսանկարահանում), պատրաստ ենք դրանք քննարկել եւ ընդգրկել նախագծի մեջ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache