Լրահոս

ՀՀԿ-ն տոնում է իր հաղթանակը

 

Երեկ պատմեցին, որ Հանրապետականն արդեն տոնում է իր հաղթանակը՝ ՀՀԿ կենտրոնական շտաբում, եւ ղեկավար կազմում համարում են, որ այնքան տոկոս են «խփելու», որ անգամ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի առաջանալու։ Իրենց «հաղթարշավին» չեն կարողանալու խանգարել ոչ «Ծառուկյան դաշինքը», ոչ «Ելք» դաշինքը, ոչ էլ մյուս ուժերը։

Նրանց հույսը, բնականաբար, ռեյտինգայիններն են, որոնք ազարտի մեջ ընկած՝ փող են ծախսում, կրիմինալ ջոկատներ ստեղծում, ցուցակներ կազմում, վախի ու ահաբեկչության մթնոլորտ ձեւավորում հանրապետությունով մեկ։ Ինչ ասես որ չեն պատմում այս օրերին։ Ընտրակաշառքի թեման արդեն նորություն չէ, ոչ էլ բջջայիններով «պտիչկաները» նկարելու եւ նկարը շտաբներին ցուցանելու պարտադրանքը։ Դրան ավելացել են նաեւ լուրերը, որ «տեսագրող գրիչներ» են տրամադրելու, կամ էլեկտրոնային համակարգը գաղտնի «տեսագրելու» է, թե ով ինչպես է քվեարկում։

Անգրագետ ու վախվորած հասարակության համար նախատեսված այս լեգենդներն ակտիվորեն շրջանառվում են երկրով մեկ։ Հենց այս լեգենդների, մարդկանց տգիտության, շահամոլության, կարճամտության վրա է Հանրապետականի հույսը։ Բայց եթե մեր հասարակությունը դժգոհ է իր կյանքից, տեսնում է գործող իշխանության թերությունները եւ իշխող կուսակցության արատները, ինչքան ուզում է վախենա կամ կախման մեջ լինի օլիգարխիայից ու կրիմինալից, պետք է ընդվզի այս համակարգի դեմ։

Մտածող մարդն իր դժգոհություններին ու բողոքին պետք է քվեի տեսք տա եւ եթե ուզում է լավ ապրել, լավ իշխանություն ունենալ, պետք է դա արտահայտի ապրիլի 2-ին կատարած քվեարկությամբ։ Եվ թող հաղթի նա, ում կքվեարկի մեր հասարակությունը՝ հաղթահարելով վախը, հրաժարվելով փողից, անտեսելով թաղի խուժանի հրահանգը եւ հոգալով իր երեխաների ապագայի մասին։



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara