Լրահոս

ՀՀԿ-ն վերջնագիր ներկայացրեց Կարեն Կարապետյանին

 

arm147945456640

lragir.am-Նախօրեին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ անդամակցելու հեռանկարի վերաբերյալ լրագրողների հարցերին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Կարեն Կարապետյանը գտնվում է Մոսկվայում: Դիմում գրելու մասին էս պահին կուսակցությունում տեղեկություն չկա: Մի բացառեք, որ Կարեն Կարապետյանը կգրի դիմում, մի բացառեք, որ չի գրի: Դա իր որոշելիք հարցն է»։
Դրանից հետո, արդեն խոսելով ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրելու մտադրության մասին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, ՀՀԿ խոսնակը արել է մեկ այլ ուշագրավ հայտարարություն. «Սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս գործնականում անհնարին է դառնալու զբաղվել քաղաքականությամբ, բայց չլինել այս կամ այն քաղաքական կուսակցության ներկայացուցիչ: Սահմանադրական բարեփոխումներից հետո անկուսակցական քաղաքական գործիչների էպոպեան անցյալում է: Իմ կուսակցությունը ժողովուրդն է, դա արդեն 20-րդ դարի լոզունգ է: Եվ եթե դու ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, պետք է լինես այս կամ այն քաղաքական թիմի անդամ»։
«Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» կարգախոսը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական կարգախոսն էր 1998 թվականի նախագահի ընտրությանը, որտեղ Քոչարյանը փաստացի ՀՀԿ թեկնածուն էր։
Թե ինչ է ակնարկում այժմ ՀՀԿ խոսնակը Ռոբերտ Քոչարյանին, այդքան էլ որոշակի չէ, ինչպես նաեւ այդքան էլ որոշակի չեն այդ ակնարկի շարժառիթները։
Դժվար է ասել, թե արդյոք ՀՀԿ-ն տեսնում է Ռոբերտ Քոչարյանի այդօրինակ մարտավարության կրկնության քաղաքական վտանգ, բայց, ՀՀԿ խոսնակի հայտարարությունը Քոչարյանից բացի առնչվում է նաեւ Կարեն Կարապետյանին։ Փաստացի, Շարմազանովի հայտարարությունը վերջնագիր է հենց Կարեն Կարապետյանին։ Դրանով ասվում է, որ եթե Կարապետյանն ուզում է զբաղվել քաղաքականությամբ, լինել քաղաքականության մեջ, ապա նա պետք է անդամակցի ՀՀԿ-ին, քանի որ հնարավոր չէ չլինել կուսակցական, բայց նոր պայմաններում լինել քաղաքականության մեջ։
Այդպիսով, ՀՀԿ խոսնակը մի կողմից հայտարարում է, որ դիմում գրել-չգրելը Կարապետյանի իրավունքն է, բայց մյուս կողմից բավական հստակ արձանագրում, որ եթե չգրի, ապա Կարապետյանը չի մնա քաղաքականության մեջ։ Իսկ դա նշանակում է, չլինել նաեւ վարչապետ, որովհետեւ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում, վարչապետը դառնում է թիվ մեկ քաղաքական պաշտոնը՝ պետության առաջին դեմքը։ Այդպիսով, ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին վերջնագիր է ներկայացնում՝ կամ մտնել կուսակցություն, կամ հեռանալ քաղաքականությունից եւ պաշտոնից։
Ի դեպ, Քոչարյանի նախընտրական կարգախոսի հիշատակումը գուցե պատահական չէ հենց այդ համատեքստում, այն իմաստով, որ ՀՀԿ-ն Կարապետյանին ակնարկում է այդ ճանապարհը կրկնելով ՀՀԿ հավանությանն արժանանալու անհնարինությունը։ Չի բացառվում նաեւ, որ ակնարկն ուղղված է երկրորդ նախագահին նաեւ այն իմաստով, որ ՀՀԿ-ն նրան էլ թույլ չի տա անել այդ ճանապարհը արդեն ի դեմս Կարեն Կարապետյանի միջոցով անցնելու փորձ։
Կարեն Կարապետյանի ՀՀԿ անդամ դառնալու մասին խոսակցությունները շրջանառվում են արդեն մի քանի շաբաթ, բայց դրանք չեն ստանում որեւէ հաստատում։ Ավելին, հետաքրքրական է, որ մինչ պարզ կլինի վարչապետի կուսակցականացման հարցը, արդեն իսկ նրա կառավարության երկու նախարար բավական բաց տեքստով խոսել են կուսակցական դառնալու մասին։ Պաշտպանության նախարար Սարգսյանը հայտարարեց, որ դիմում կգրի առաջիկա օրերին, իսկ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ նախօրեին չի բացառել, որ առաջիկայում կանդամակցի ՀՀԿ-ին։
Վարչապետը առայժմ չի որոշակիացրել իր անդամակցության հարցը, ներառյալ նաեւ իր տնտեսական կամ մենեջերական համարվող թիմի։ Ինչու՞ է հապաղում եւ ինտրիգը պահում Կարեն Կարապետյանը, մնում է միայն ենթադրել։ Ըստ ամենայնի, նրա անդամության հարցը հանդիսանում է ներիշխանական բավականին լուրջ քննարկումերի եւ բանակցության առարկա եւ Կարապետյանն ըստ երեւույթին դնում է իր անդամակցության որոշակի պայմաններ կամ նախապայմաններ։
Դրանք հավանաբար ոչ միայն կապված են իր վարչապետական գործունեության կուսակցական հենք ապահովելու հետ, այլ նաեւ հենց կուսակցության մեջ մեկնարկային բավական լուրջ հիմքերի, քանի որ Կարապետյանն անկասկած հասկանում է, թե ինչ մեծ դիմադրություն է ունենալու կուսակցականի կարգավիճակում, քանի որ ներկայիս ներիշխանական վերադասավորումները եւ դրանցով պայմանավորված փոփոխությունները շոշափում են ՀՀԿ տարբեր սեգմենտների լրջագույն տնտեսական եւ քաղաքական շահեր, անխուսափելի դարձնելով ուժերի հարաբերակցության փոփոխությունը։ Առավել եւս, երբ այդ մասին Սերժ Սարգսյանն ազդարարել է ուղղակիորեն՝ հայտարերելով, թե Կարապետյանի հետ քննարկել է ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու հարցը։
Ըստ ամենայնի հենց այդ իրավիճակով պայմանավորված նկատառումով էլ նրան ՀՀԿ-ն շտապեցնում է Կարապետյանին, փորձելով նրան կուսակցություն ներքաշել այն շրջանում, երբ մեկնարկային վիճակը առավել նպաստավոր է դեռեւս կուսակցական մեծամասնության համար։

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am