Լրահոս

ՀՀԿ-ն խոստովանեց, որ հանձնել է Հայաստանն ու տապալվել

 

lragir.am – Հայաստանի պառլամենտական ընտրությունների քաղաքական օրակարգի հիմնական հարցերից մեկը պետք է լինի արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև անվտանգությունը, նախօրեին հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո խոսելով ընդդիմության միասնական ֆորմատների մասին: Շարմազանովը հերթական անգամ հայտարարել է, թե ընդդիմությունը չունի շանս, եւ հնարավոր չէ բոլորի միավորումը, քանի որ տարբեր են արտաքին քաղաքական մոտեցումներն ընդդիմադիր ուժերի շրջանում:
ՀՀԿ խոսնակի հայտարարությունը պարունակում է մի շարք շերտեր: Նախ, հայտարարելով, թե խորհրդարանի ընտրության օրակարգի հիմնական հարցերից մեկը պետք է լինի արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը, ՀՀԿ-ն փաստացի խոստովանում է այդ ոլորտներում մեղմ ասած ձախողումները կամ պարզապես խայտառակ որոշումները, որ կայացրել է կուսակցությունն իր նախագահի գլխավորությամբ:
Չէ՞ որ ՀՀԿ-ն արտաքին քաղաքականության եւ անվտանգության առանցքային հարցերը «լուծել է»՝ անդամակցելով Եվրասիական միությանն ու ՀԱՊԿ-ին: Եթե խորհրդարանի ընտրությանը պետք է արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը լինի օրակարգային հիմնական հարց, ապա դա նշանակում է, որ ՀՀԿ-ն փաստացի խոստովանում է Հայաստանի համար այդ դաշինքներին այլընտրանք դիտարկելու խիստ անհրաժեշտությունը: Ըստ այդմ, ՀՀԿ-ն խոստովանում է, որ այդ վերպետական միավորումները, որոնց Հայաստանը ՀՀԿ որոշումով փոխանցել է իր ինքնիշխանության մի մասը, չեն համապատասխանում Հայաստանի շահին եւ անվտանգության պահանջներին:
Այլապես, գոնե արտաքին քաղաքականության եւ անվտանգության մասով ՀՀԿ-ն չպետք է ունենար քննարկելու բան եւ պետք է հայտարարեր հակառակը, որ այդ մասով Հայաստանը արդյունավետ եւ ապահով ընթանում է ինչպես երբեք:
Դրանով հանդերձ, տապալման խոստովանությունը ՀՀԿ իհարկե ադեկվատության ցուցիչ է, եւ այդ առումով կուսակցությունը ադեկվատ է, երբ հայտարարում է, որ Հայաստանի խորհրդարանի ընտրության օրակարգի հիմնական հարցեր պետք է լինեն արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը: Բանն այն է, որ այդ ոլորտներում առկա է իրավիճակ, երբ պարզապես հանձնվել է Հայաստանի ինքնիշխանությունը, եւ քանի դեռ իրավիճակը չի փոխվել այդ մակարդակում, ներքին փոփոխությունների համակարգային, խորքային բնույթը դիմադրության է արժանանալու ոչ միայն իշխանության, այլ նաեւ հենց այն վերպետական մակարդակներում, ուր հանուն իր իշխանության ՀՀԿ-ն խցկել է Հայաստանը:
Մյուս կողմից, ՀՀԿ-ն դա չի արել միայնակ: Նրան այդ գործում օժանդակել է քաղաքական ուժերի մի զգալի մաս` կամ բացահայտորեն, կամ լռությամբ, կամ շրջանցիկ ձեւակերպումներով: Արտաքին քաղաքական ճակատագրական հարցերում ՀՀԿ ամենամեծ զորակիցը եղավ օրինակ ՀԱԿ-Ժառանգություն-ԲՀԿ ոչիշխանական բեւեռը, որը արեց հնարավորը, որպեսզի Սերժ Սարգսյանն առավելագույն վստահության եւ պաշտպանվածության զգացումով ստորագրի ԵՏՄ-ին Հայաստանի անդամության պայմանագիրը:
Այդ իմաստով, իբրեւ խորհրդարանի ընտրության օրակարգ հրապարակ բերելով արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցը, ՀՀԿ-ն թերեւս ընդամենը քաշում է քաղաքական ուժերին այնտեղ, որտեղ գործնականում բոլորը կամ ճնշող մեծամասնությունն են «ՀՀԿ», ինչը ցույց է տվել ԵՏՄ նախադեպը:
Այդ տեսանկյունից, խնդիրների խորքում իհարկե այն է, թե խորհրդարանի առաջիկա ընտրությանը ՀՀԿ-ն ինչ դիմադրության կարժանանա հենց արտաքին քաղաքականության եւ անվտանգության ասպարեզում: Իհարկե, խոսքը չի կարող լինել պարզունակության մասին, երբ մի կողմում կլինի այսպես ասած ռուսամետությունը, իսկ մյուսում` արեւմտամետությունը:
Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հենց մղում է այդպիսի պարզունակության, որտեղ իրականում կլինի միայն արեւմտամետություն, ինչին փորձ կարվի «իմաստուն երեսպաշտությամբ» հակադրել պետականությունը կամ այսպես կոչված հայաստանակենտրոնություն մտացածին հասկացությունը:
Տվյալ պարագայում խնդիրն այն է, թե ՀՀԿ այսպես կոչված արտաքին քաղաքականությունը, որն այլ բան չէ, քան սեփական իշխանության շահի սպասարկում, ինչ սկզբունքային դիմադրության կարժանանա հայեցակարգային առումով, որպես հանրությանը ներկայացվող լիովին նոր եւ հնարավորինս ամբողջական քաղաքական նախագծում կամ ծրագրում` սկսած հանրության համար արտաքին ու ներքին խնդիրների պատճառահետեւանքային ախտորոշումից, մինչեւ լուծումներ, որոնք նույնքան պարզ կերպով ի ցույց կդնեն Հայաստանի ներքին խնդիրների եւ արտաքին դերակատարման ու համարժեքության կապը:
Դա կարող է լինել Հայաստանի հանրությանը համարժեք եզրահանգումների բերելու եւ Հայաստանի անվտանգության խնդիրները «միակ բարեկամի» միֆական եւ կարծրատիպային ընկալումներից դուրս բերելու համար:
Բայց, ՀՀԿ-ն չի հավատում, որ Հայաստանում կարող է գտնվել դրան ունակ քաղաքական ուժ կամ ֆորմատ, հակառակ պարագայում հրապարակավ չէր խոստովանի իր տապալումն անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտում եւ չէր «սադրի» նախընտրական դիսկուրսի այդպիսի բարձր եւ պատասխանատու նշաձող: Որովհետեւ այդ «սադրանքով» ՀՀԿ-ն թերեւս ակնկալում է պահել քաղաքական նախընտրական օրակարգը Հայաստանի համար ավանդական տրամաբանության շրջանակում, երբ ընդդիմությունը կշարունակի բացահայտել իշխանության «հանցավոր դեմքը»` ընդ որում ամեն անգամ «նորություն» բացահայտողի դեմքով:
Դրա մասին, ի դեպ, վկայում է ընդդիմադիր ուժերի գերակշիռ մասի արձագանքը ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին: Տպավորություն է, որ այդ ելույթը ամենից ավելի ոգեւորել է ընդդիմությանը, քան ՀՀԿ-ականներին, քանի որ տվել է իշխանությանը «բացահայտելու» նոր առիթ: Տպավորություն է, որ ընդդիմությունում կան մարդիկ, որոնք կարող են կարծել, թե Սերժ Սարգսյանը ՀՀԿ իր ելույթով կարող էր ազդել հասարակության վրա, եւ հիմա իրենց խնդիրն է թույլ չտալ, որ մարդիկ խաբվեն այդ ելույթով:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am