ՀՀԿ տրոհման «անհամեստ հմայքը» Ծառուկյանի համար

114

1in.am — ՍԱՍ-ի Արտակի ՀՀԿ-ն և ՀՀԿ խմբակցությունը լքելուց հետո այդ կուսակցության խորհրդարանական խմբակցությունում մնացել է 53 պատգամավոր, ու ևս մեկի հեռանալուց հետո ՀՀԿ-ն կդադարի լինել մեծամասնություն: Սակայն հետաքրքիրն այն է, որ այդպիսով ՀՀԿ խմբակցությունը չի դադարի լինել փոքրամասնություն, որովհետև փոքրամասնություն դառնալու համար Հանրապետականին դեռ շատ կա: Երկրորդ խմբակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքը, ունի 31 մանդատ: Հետևաբար ՀՀԿ-ից պետք է հեռանա ևս 23 պատգամավոր, որ ՀՀԿ-ն դառնա փոքրամասնություն: Այսինքն՝ չլինել մեծամասնություն, չի նշանակում դառնալ փոքրամասնություն:

Մյուս կողմից՝ բոլորի համար փոքրամասնություն բառը տվյալ դեպքում հնչում կամ կիրառվում է այն համատեքստում, որ խորհրդարանում առաջանում է թավշյա հեղափոխության մեծամասնություն՝ «Ելք», «Ծառուկյան» դաշինք, ՀՅԴ և ՀՀԿ-ն լքող պատգամավորներ: Երեք խմբակցությունները միասին ունեին 47 ձայն, և նրանց անհրաժեշտ էր ևս 6-ը՝ մեծամասնություն դառնալու համար: ՀՀԿ-ից հինգն արդեն դուրս են եկել, մնացել է մեկը: Սակայն նշանակո՞ւմ է դա, որ նրանք դառնում են նոր մեծամասնության մաս: Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, եթե չէին միանալու այդ մեծամասնությանը, էլ ինչո՞ւ էին դուրս գալու ՀՀԿ-ից: Իսկապես, ինչո՞ւ պետք է լքեին ՀՀԿ-ն, եթե չէին դառնալու թավշյա հեղափոխության մեծամասնության մաս:

Սրան զուգահեռ, սակայն, կա, օրինակ, մեկ այլ հարց՝ իսկ եթե ՀՀԿ-ն տրոհվում է մարտավարական նկատառումներից ելնելով, որպեսզի ֆորմալ առումով պատասխանատու չլինի քվեարկությունների տապալման համար, սակայն ոչ ֆորմալ տեսանկյունից իրականում տապալի դրանք: Այդ հարցադրումը դիտարկել էինք դեռևս մինչ ՀՀԿ-ից առաջին պատգամավորի հեռանալը՝ քննարկելով այդ սցենարը: Միևնույն ժամանակ, սակայն, եթե ՀՀԿ-ն ունակ էր անել այդ բանը, ապա կաներ դա հենց իր դեմքով, հենց ցույց տալով իր ուժը: Եթե ՀՀԿ-ն գնում է տրոհման՝ ինքնակամ, թե ստիպված, ապա դա նշանակում է, որ կուսակցությունն ունակ չէ ավելիին:

Խորհրդարանում այդպիսով ստեղծվում է ուշագրավ մեծամասնություն, որովհետև երևի թե կասկած չկա, որ ՀՀԿ-ից դուրս եկող վեցերորդը լինելու է, ու նույնիսկ դա էլ կարող է չլինել վերջինը: Նոր մեծամասնությունը, փաստորեն, հավաքական մեծամասնություն է, երեք խմբակցությունից և չորրորդի, այսպես ասած, կտորներից կազմված, որտեղ առաջինը իր մեծությամբ «Ծառուկյան» դաշինքն է: Ըստ էության, ՀՀԿ քայլը պատասխանատվության տակ է դնում «Ծառուկյան» դաշինքին՝ խորհրդարանում կառավարության, այսպես ասած, հենման կետի առկայության տեսանկյունից: Այդպիսով, ՀՀԿ տրոհումը, ըստ էության, առավել մեծացնում է Գագիկ Ծառուկյանի կախվածությունը Նիկոլ Փաշինյանից: Եթե մինչ այդ հակառակն էր՝ Փաշինյանն էր թավշյա հեղափոխության գործընթացում Ծառուկյանի աջակցության պահանջարկ ունեցողը, թեկուզ համեմատական պահանջարկ, ապա այժմ Ծառուկյանն է դառնում Փաշինյանից կախված, որովհետև խորհրդարանում Փաշինյանի ամենափոքր բարդությունն անգամ, այսպես ասած, ինքնըստինքյան ընկնելու է «Ծառուկյան» դաշինքի վրա:

Այլ կերպ ասած՝ խորհրդարանի արտահերթ ընտրության հեռանկարը դարձնելով անշրջելի, ՀՀԿ-ն այդ ընտրությանն ընդառաջ գործընթացում որոշակիորեն կապկպում է Ծառուկյանի ձեռքերը: Իսկ մենք այս մասին էլ խոսելու առիթներ ունեցել ենք, որ նոր իրավիճակում թվացյալ է Նիկոլ Փաշինյան-ՀՀԿ դիմակայության առանցքայնությունը: Այդ դիմակայությունն իրականում ավարտվել է մայիսի 2-ին, և սկսվել է Ծառուկյան-ՀՀԿ միավորների դիմակայությունը: Իհարկե, այդ հանգամանքը ամենևին չի նշանակում, որ ՀՀԿ-ն տրոհվում և այդպիսով նոր մեծամասնության ձևավորմանն է նպաստում հենց այդ հաշվարկով, այսինքն՝ տակտիկական նկատառումներով:

Բանն այն է, որ իրավիճակն ամենևին հեշտ չէ նաև ՀՀԿ-ի համար, և ըստ էության՝ այդ ուժն առանձնապես մեծ ընտրություն չունի էլ, քան հնարավորինս խուսափել դիմադրությունից: Բայց տվյալ պարագայում խնդիրն այն է, որ ՀՀԿ այդ հարկադրված մարտավարությունը ավելորդ, այսպես ասած, պատասխանատվություն և ըստ այդմ՝ սահմանափակումներ է առաջացնում «Ծառուկյան» դաշինքի համար:



Загрузка...